Երևանում ալկոհոլային թունավորման դեպքով 12 քրգործ է հարուցվել
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչություններում քննություն է տարվում՝ պարզելու ալկոհոլային թունավորման հետևանքով Երևանի 10 բնակչի մահվան, ինչպես նաև 2 բնակչի կուրանալու դեպքերի հանգամանքները: Տեղեկությունը հայտնում են ՀՀ քննչական կոմիտեի մամուլի ծառայությունից։
Մասնավորապես, Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում քննվում է 5 քրեական գործ՝ ալկոհոլային թունավորման հետևանքով 5 անձի մահվան դեպքերի առթիվ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 279-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետի հատկանիշներով (Անվտանգության պահանջներին չհամապատասխանող ապրանքներ թողարկելը կամ իրացնելը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ) և մեկ քրեական գործ՝ մեկ անձի կուրանալու դեպքի առթիվ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 279-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով (Սպառողների կյանքի կամ առողջության անվտանգության պահանջներին չհամապատասխանող ապրանքներ թողարկելը կամ իրացնելը, եթե այդ արարքներն անզգուշությամբ վնաս են պատճառել մարդու առողջությանը):
Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնում քննվում է 4 քրեական գործ՝ 4 անձի մահվան, և մեկ քրեական գործ՝ մեկ անձի կուրանալու դեպքի առթիվ:
Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում 1 անձի մահվան դեպքի առթիվ քննվում է մեկ քրեական գործ։
Հիշեցնենք` օգոստոսի 31-ից սեպտեմբերի 11-ն ընկած ժամանակահատվածում Հայաստանում արձանագրվել է ալկոհոլային թունավորման 46 դեպք, որից 20-ը մահվան ելքով: Դեպքերից 29-ը արձանագրվել է Արմավիրի մարզում՝ 10 մահվան ելքով, 15-ը Երևանում՝ 8-ը մահվան ելքով, 2-ը Կոտայքի մարզում՝ 2 մահվան ելքով։
Թունավորվածներից 1-ը շարունակում է բուժում ստանալ Էրեբունի ԲԿ-ում: Բժիշկները վերջինիս առողջական վիճակը գնահատում են ծայրահեղ ծանր:
Առողջապահության նախարարությունը սեպտեմբերի 1-ին հայտարարեց, որ Արմավիրում ալկոհոլային թունավորման հետևանքով 9 մարդ է մահացել։ Նույն օրը ՀՀ քննչական կոմիտեն հայտնեց` ձերբակալվել է Արմավիրի բնակիչ Աշոտ Հովսեփյանը` անվտանգության պահանջներին չհամապատասխանող օղի վաճառելու համար։ Քննչական կոմիտեն հորդորում էր, որ բոլոր նրանք, ովքեր օղի են գնել Հովսեփյանից չխմեն այն, տեղեկացնում է Sputnik Armenia-ն։