Ջորջ ՄԵՆԵՇՅԱՆ. ԵՐԵՒԱՆՆ ՈՒ ԱԲՈՒ ԴԱԲԻՆ ՊԵՏՔ Է ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ԴԱՇԻՆՔ ԿԱԶՄԵՆ
Վերջին տարիներին Հայաստանն ու Արաբական Միացյալ Էմիրությունները մտերմացել են եւ կարծես աշխատում են ըստ էության դաշինք կազմելու ուղղությամբ: Հայաստանը քրիստոնյա ազգ է Անդրկովկասում: Մյուս կողմից, ԱՄԷ-ն Պարսից ծոցի մահմեդական պետություն է: Չնայած երկու երկրների աշխարհագրական եւ մշակութային հեռավորությանը, Երեւանը եւ Աբու Դաբին պետք է գիտակցեն, որ իրենք ունեն ընդհանուր ինչպես տնտեսական, այնպես էլ քաղաքական շահեր, գրում Ջորջ Մենեշյանը MEO պորտալի իր հոդվածում:
Հայաստանի համար ԱՄԷ-ի հետ հարաբերությունների զարգացումը շատ կարեւոր նպատակ է: Սա պետք է առաջնահերթություն լինի երկրի արտաքին գործերի նախարարության համար՝ հաշվի առնելով, որ Պարսից ծոցի հարուստ այս պետության հետ լավ հարաբերություններ պահպանելով՝ տարածաշրջանային ֆինանսական շուկաներում Հայաստանի տնտեսական ցուցանիշները կբարելավվեն: Սա, անշուշտ, կընդլայներ Երեւանի դիվանագիտական եւ քաղաքական ներկայությունը ավելի լայն տարածաշրջանում՝ հաշվի առնելով, որ ԱՄԷ-ն դարձել է Մերձավոր եւ Միջին Արեւելքի հիմնական քաղաքական դերակատարներից մեկը:
Հայաստանի եւ ԱՄԷ-ի մերձեցումը նորություն չէ՝ ավելի քան մեկ տասնամյակ առաջ երկու պետությունները սկսեցին ամրապնդել իրենց տնտեսական կապերը` տնտեսական ազդեցությունն ընդլայնելու Աբու Դաբիի նախաձեռնության համատեքստում, չնայած համաշխարհային ֆինանսական ճգնաժամին: Արդյունքում երկու երկրները ստորագրեցին մի շարք համաձայնագրեր եւ փոխըմբռնման հուշագրեր` ուղղված ավելի սերտ համագործակցությանը՝ առեւտրի, զբոսաշրջության, էներգետիկայի, բժշկական ծառայությունների, տեխնոլոգիաների, ենթակառուցվածքների եւ ֆինանսական ոլորտներում:
Հաջորդ տարիներին «արաբական գարնան» սկիզբը ցնցեց ԱՄԷ-ի հաստատությունը եւ արագորեն փոխեց նրա տարածաշրջանային ռազմավարությունը: «Մահմեդական եղբայրներ»-ի կազմակերպած պետական հեղաշրջման փորձը փոխեց ամեն ինչ, ներառյալ ԱՄԷ-ի արտաքին քաղաքականությունը: Այսպիսով, Աբու Դաբին հրաժարվեց «արդար տնտեսության» փափուկ ուժի իր քաղաքականությունից եւ սկսեց հանդես գալ որպես տարածաշրջանային պոտենցիալ տերություն՝ մասնակցելով զինված բախումների եւ վարելով ավելի ակտիվ քաղաքականություն՝ դաշինքներ ստեղծելու համար, որոնք ուղղված էին «Մահմեդական եղբայրներ»-ի առաջընթացը Մեծ Մերձավոր Արեւելքում կանխելուն, ինչպես նաեւ կազմակերպության հովանավորներ Թուրքիայի եւ Կատարի աշխարհաքաղաքական ընդլայնումը կանխելուն:
Սաուդյան Արաբիայի հետ միասին ԱՄԷ-ն պայքարեց «Մահմեդական եղբայրներ»-ի դեմ եւ դարձավ Էրդողանի օրոք Թուրքիայի գլխավոր հակառակորդներից մեկը Մերձավոր Արեւելքում:
Տարածաշրջանային գերիշխանության հասնելու Թուրքիայի ջանքերի դեմ պայքարում Աբու Դաբին նույնիսկ որդեգրել է քաղաքականություն, որը խարխլում է իր ամենամոտ դաշնակից Սաուդյան Արաբիայի տարածաշրջանային ռազմավարությունը: Եմենում ԱՄԷ-ն աջակցում է հարավի անջատողականներին՝ ընդդեմ Սաուդյան Արաբիայի կողմից աջակցվող կառավարության՝ «Մահմեդական եղբայրներ» շարժման ներկայության պատճառով: Ավելին, ԱՄԷ-ն վերաբացել է իր դեսպանատունը Սիրիայում` դրանով իսկ վերականգնելով իր հարաբերությունները Սաուդյան Արաբիայի մեծ թշնամի Բաշար ալ-Ասադի հետ` Իրանի հետ նրա հարաբերությունների պատճառով:
Ո՞րն է այդ դեպքում Հայաստանի դերը աշխարհաքաղաքական այս խաղում:
ԱՄԷ-ն, կարծես վճռականորեն է տրամադրված Հայաստանի հետ իր հարաբերությունները նոր մակարդակի բարձրացնելու հարցում: Հասնելով դրան՝ Աբու Դաբին ուժեղացնում է Կովկասում խոշոր ներդրողի իր դերը: Սակայն այս նպատակն ամենակարեւորը չէ. Հայաստանի հետ ռազմավարական հարաբերություններ կառուցելով՝ ԱՄԷ-ն ընդլայնում է իր հակաթուրքական կոալիցիան ավելի լայն տարածաշրջանում:
ԱՄԷ-ն արդեն սերտ կապեր է պահպանում Թուրքիայի հետ թշնամի այլ երկրների` Եգիպտոսի, «Արեւելյան Լիբիայի», Սիրիայի եւ Հունաստանի հետ: Երեւանը բոլոր երկների հետ ունի անվտանգության երկընտրանք, որը բխում է Անկարայի ռեւիզիոնիստական արտաքին քաղաքականությունից:
ԱՄԷ-ն եւ Հայաստանը ձեռնարկել են մի շարք նախաձեռնություններ` իրենց հարաբերությունները զարգացնելու համար, եւ հիմք են դրել, ըստ էության, ռազմավարական դաշինքի: Այս նախաձեռնություններն ավելի հաճախակի են դարձել վերջին մեկ տարվա ընթացքում ԱՄԷ-ի եւ Թուրքիայի հարաբերությունների վատթարացման պատճառով:
ԱՄԷ-Հայաստան միջկառավարական հանձնաժողովի 2019թ. նիստը, անցյալ հունվարին նախագահ Արմեն Սարգսյանի պաշտոնական հանդիպումը Շեյխ բեն Զայեդ Ալ Նահայանի հետ եւ բազմաթիվ երկկողմ համաձայնագրերի ստորագրումը երկու երկրների դաշինք ստեղծելու ջանքերի մի քանի օրինակներ են: Վերը բոլորը թվարկվածները հանգեցնում են ԱՄԷ-ի եւ Հայաստանի ապագա ռազմավարական դաշինքին:
Մեկ այլ կարեւոր իրադարձություն՝ առաջադեմ պաշտպանական համագործակցությունը: Բացի այդ, ԱՄԷ-ն այն գլխավոր երկրներից մեկն էր, որը Հայաստանին օգնեց COVID-19-ի ճգնաժամի ընթացքում` տրամադրելով մարդասիրական օգնություն: ԱՄԷ-ի կողմից աջակցվող Լիբիայի ժամանակավոր կառավարությունը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը:
Երկու երկրներն էլ անուղղակիորեն ներգրավված են սիրիական պատերազմում, Հայաստանը զինվորականներ է ուղարկել Ռուսաստանի գործողություններին աջակցելու համար, այն դեպքում, երբ ԱՄԷ-ն աջակցում է Սիրիայի քրդերին: Երկու երկրներն էլ բարեկամական հարաբերություններ են պահպանում Դամասկոսի հետ եւ դեմ են Թուրքիայի միջամտությանը:
Վերջապես, ոչ պակաս կարեւոր հանգամանք՝ ԱՄԷ-ն վերջերս բացահայտորեն աջակցում է հայերի, հույների եւ կիպրոսցիների որոշմանը` արգելափակել ՄԱԿ Գլխավոր ասամբլեայի նախագահի պաշտոնում թուրք թեկնածուի ընտրությունը:
Հայաստանը պետք է ավելի ակտիվ եւ վճռական արտաքին քաղաքականություն վարի Մերձավոր Արեւելքում: Նա պետք է շարունակի լավ հարաբերություններ պահպանել Սիրիայի, Լիբանանի, Իրաքի եւ Հորդանանի հետ եւ նույնը անի Պարսից ծոցի արաբական պետությունների հետ, որոնք դեմ են տարածաշրջանային հեգեմոնի Թուրքիայի հավակնություններին: Եկել է ժամանակը, որպեսզի Հայաստանը վերականգնի դիվանագիտական հարաբերությունները Սաուդյան Արաբիայի հետ: Աբու Դաբին այդ նպատակով կարող է ստանձնել միջնորդի դերը: Ավելին, ԱՄԷ-ում հայկական մեծ սփյուռքը կարող է դառնալ երկու պետությունների միջեւ համագործակցության զարգացման մեկ այլ գործոն:
Երեւանը պետք է աջակցի Էմիրությունների տարածաշրջանային քաղաքականությանը «Մահմեդական եղբայրներ»-ի եւ Թուրքիայի նկատմամբ: Նա պետք է ճանաչի «Եղբայրությունը» որպես ահաբեկչական կազմակերպություն, ճանաչի Լիբիայի ժամանակավոր կառավարությունը եւ հետագա համագործակցություն փնտրի Էմիրությունների հետ պաշտպանության ոլորտում, հատկապես հետախուզության ոլորտում: Ակնհայտ է, որ երկու պետություններն ունեն ինչպես քաղաքական, այնպես էլ անվտանգության, նաեւ տնտեսական շահեր: Մյուս կողմից, ժամանակն է, որ ԱՄԷ-ն ճանաչի Հայոց ցեղասպանությունը: Այս համարձակ քայլը, ըստ էության, կամրապնդի նրանց ռազմավարական հարաբերությունները:
Այսպիսով, Հայաստանը, առաջին հերթին, կբացի իր շուկան հետագա ներդրումների համար: Պետք չէ մոռանալ, որ օտարերկրյա ներդրումները կենսական կարեւոր նշանակություն ունեն երկրի տնտեսական գործունեության համար: Երկրորդ, ԱՄԷ-Հայաստան լիարժեք զարգացած դաշինքը ուժերի հավասարակշռությունը կփոխի հօգուտ Երեւանի։ Հայաստանը բացահայտ հակամարտության մեջ է Ադրբեջանի հետ՝ Արցախի հարցում, եւ նրան սպառնում է Թուրքիայում պանթուրքական ազգայնականության գերիշխանությունը: Ահա թե ինչու Հայաստանին անհրաժեշտ են ամուր դաշինքներ: Հայաստանի եւ Ռուսաստանի ռազմավարական հարաբերությունները բավարար չեն: Պետք չէ մոռանալ, որ Ռուսաստանը զենք է վաճառում Ադրբեջանին եւ սերտ կապեր ունի Թուրքիայի հետ:
Հայաստանը նաեւ շատ սերտ կապեր է պահպանում Իրանի հետ: Սակայն Իսլամական Հանրապետությունն ի վիճակի չէ բավարար չափով աջակցել Հայաստանին՝ հաշվի առնելով, որ արեւմտյան պատժամիջոցների պատճառով բախվում է իր սեփական խնդիրների հետ:
Այսպիսով, ակնհայտ է, որ ԱՄԷ-ն եւ Հայաստանը կարեւոր քայլեր են ձեռնարկում կարեւոր դաշինք ստեղծելու ուղղությամբ: Այս համատեքստում երկու պետությունները պետք է հաշվի առնեն այն փաստը, որ իրենք ունեն ընդհանուր անվտանգության շահեր եւ, հետեւաբար, պետք է սերտ պաշտպանական համագործակցություն պահեն եւ միմյանց աջակցեն ինստիտուցիոնալ մակարդակում: Եկել է ժամանակը, որ Հայաստանը թուլացնի «ռուսամետ փուչիկը» եւ սկսի վարել ավելի հաստատակամ արտաքին քաղաքականություն՝ նոր դաշինքներ ստեղծելու համար, որպեսզի պաշտպանվի իր որոշ հարեւանների ագրեսիվ քաղաքականությունից։
Լուրեր Հայաստանից - NEWS.am