ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ. ԱԴՐԲԵՋԱՆԸ ԳՐԿԱԲԱՑ ԸՆԴՈՒՆՈՒՄ Է ԻՊ ԱՀԱԲԵԿԻՉՆԵՐԻՆ
Ադրբեջանը շարունակում է գրկաբաց ընդունել «Իսլամական պետության» ահաբեկիչներին, իսկ ադրբեջանցի զինծառայողները թրենինգներ են անցնում գրոհայինների շարքերում: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Արցախի նախագահի խորհրդական Դավիթ Բաբայանը՝ մեկնաբանելով ադրբեջանական ԶԼՄ-ների սադրիչ հրապարակումները, որոնցում ասվում է, որ ըստ թուրքական ԶԼՄ-ների՝ Ղարաբաղում քրդական ստորաբաժանումներ են տեղակայվել:
«Ղարաբաղի հետ Քրդական բանվորական կուսակցության կապերի մասին խոսակցությունն Ադրբեջանի կողմից սիրված մուղամ շլյագերն է: Բնականաբար, դա ոչ այլ ինչ է, քան սեւ փիառ եւ քարոզչական խայծ: Սակայն դրանում կա որոշակի աշխարհաքաղաքական ծրագիր՝ ներքաղաքական եւ արտաքին քաղաքական գործոններով: Ոչ ոքի համար գաղտնիք չէ, որ Քրդական բանվորական կուսակցությունը ստեղծվել է Հեյդար Ալիեւի անմիջական մասնակցությամբ, մարդ, ով համարվում է ադրբեջանական ազգի հայրը: Նրա որդին Ադրբեջանի ներկայիս ղեկավարն է: Իմանալով Թուրքիայում այդ կուսակցության հանդեպ վերաբերմունքը՝ Ալիեւ-կրտսերը փորձում է ինչ-որ կերպ առանձնանալ Հեյդար Ալիեւի ժառանգությունից: Մեկ այլ հանգամանք են «ադրբեջանցի» քրդերը: Թույլ չտալու համար խոսակցությունները, թե քրդերը գրավել են Ադրբեջանում իշխանությունը, քարոզչամեքենան «սլաքներն ուղղում է»՝ կրկնելով Արցախի հետ քրդերի կապի մասին անհեթեթությունները:
Արտաքին քաղաքական ուղղությունն այն է, որ Ադրբեջանն ու Թուրքիան քրդական գործոնը համարում են պանթուրքիզմի ճանապարհին գլխավոր խոչընդոտներից մեկը։ Այս առումով քրդական գործոնից բացի, կարեւոր դեր է խաղում հայկական գործոնը։ Ի՞նչ է հարկավոր ձեռնարկել։ Միավորել դրանք եւ փորձել աշխարհին ցույց տալ, որ քրդերը ահաբեկիչներ են, եւ Ղարաբաղը նույնպես ահաբեկիչ է։ Բայց ադրբեջանական կողմը մոռանում է, որ բազմաթիվ տվյալներ կան այն մասին, թե ինչպես են ԻԼԻՊ-ի ահաբեկիչները հանգիստն անցկացրել Ադրբեջանում, Իրաքում, Սիրիայում մարտերից հետո բուժվել։ Ադրբեջան էին այցելում չեչեն ահաբեկիչներ Բասաեւը, Ռադուեւը։ Դա մինչեւ հիմա շարունակվում է։ Հարյուրավոր ադրբեջանցի քաղաքացիներ, Ադրբեջանի բանակի զինծառայողներ թրենինգներ են անցնում ԻԼԻՊ-ի շարքերում։ Սրանք բաց տվյալներ են։ Եվ մենք պետք է այս տվյալները ներկայացնենք տարբեր ատյանների»,- նշեց Դավիթ Բաբայանը։
Նրա խոսքով՝ ադրբեջանական եւ թուրքական վերնախավերը շատ են վախենում, որ ժամանակի ընթացքում հայ-քրդական հարաբերությունները կարող են ամրապնդվել։ «Նրանք առայժմ պայքարում են տեղեկատվական դաշտում։ Բայց բացառված չէ, որ փորձեն Թուրքիայում, պատմական Քուրդիստանում հերթական ցեղասպանություններ կազմակերպել քուրդ բնակչության դեմ, հետապնդել հայերին»,- շարունակեց Արցախի նախագահի խորհրդականը։
Ի պատասխան հարցին՝ Թուրքիան արդյոք կսահմանափակվի՞ իր տարածքում հաշվեհարդարով, Դավիթ Բաբայանը հիշեցրեց, որ Իրաքում ամրապնդվում է տարածքային կառավարությունը․ օրերս Քուրդիստանի նախագահը հանդիպել է ԱՄՆ դեսպանի հետ, դեսպանն ընդգծել է քրդերի կարեւորությունը տարածաշրջանում կայունության պահպանման գործում։ «Այս ամենը, բնականաբար, Թուրքիային զգաստացնում է, եւ նա անչափ վախենում է հայերի ու քրդերի հնարավոր մերձենալուց։ Սա, սակայն, մի ավելորդ անգամ ցույց է տալիս, որ մենք պետք է արտաքին քաղաքականության մեջ ուշադրություն հատկացնենք քրդական ուղղությանը, այդ թվում՝ պայմաններ ստեղծենք քրդերենի խորացված ուումնասիրման համար»,- կարծում է Դավիթ Բաբայանը:
Լուրեր Հայաստանից - NEWS.am