ԳՈՐԾԸՆԹԱՑՆԵՐԸ ԵՂԵԼ ԵՆ ԼԵԳԻՏԻՄՈՒԹՅԱՆ ԴԱՇՏԻՑ ԴՈՒՐՍ. Երվանդ ՎԱՐՈՍՅԱՆ

Սահմանադրական դատարանում ճգնաժամն սկսվեց սահմանադրական փոփոխությունները հակասահմանադրական ճանապարհով անցկացնելուց հետո, և այդ ճգնաժամը միայն խորանալու է. դատարանի ապագա որոշումները կդրվեն հարցականի տակ, քանի որ այն փաստացի նվաճվել է, գործընթացները եղել են լեգիտիմության դաշտից դուրս, և ստացվում է՝ Հայաստանի ապագա իշխանությունները կարող են ավելի վտանգավոր էքսպերիմենտներ անել ՍԴ-ի հետ:

«Արմնյուզ» ՀԸ «#ՕրաԽնդիր» հաղորդման ժամանակ նման կարծիք է հայտնել փաստաբան Երվանդ Վարոսյանը:

«ՍԴ երեք նոր դատավորներն այս հակասահմանադրական գործընթացին մասնակցելով՝ իրենց հավատարմության երդումն են տալիս իշխանությանը: Մեծ հարց է՝ ՍԴ-ում թափուր տեղ կա՞ր, թե՞ ոչ: Նոր դատավորներն իրենց առաջադրմամբ ցույց են տալիս, որ այս գործընթացն ընդունելի է իրենց համար: Անկախ նրանից՝ ինչպես են իմքայլականները վերաբերվում այս կամ այն թեկնածուին, բոլորը համերաշխորեն կողմ քվեարկեցին երեքին էլ, գովաբանում էին այն թեկնածուներին, օրինակ՝ Երվանդ Խունդկարյանին, որոնք նախկին իշխանության ծնունդ են, ծլել-ծաղկել են նրանց օրոք»,- ասել է փաստաբանը:

Ըստ Վարոսյանի՝ սահմանադրական արդարադատությունը պետք է լինի էվոլյուցիոն, և ՍԴ կազմի փոփոխությունները չպետք է կապ ունենան քաղաքական իշխանության հետ. «Եթե 2015-ին իշխանությունը գնար հեղափոխական փոփոխության, այսինքն՝ ունենար ՍԴ ամբողջապես նոր կազմ, իշխանությանը կմեղադրեին, թե ուզում է իր սրտի դատարանն ունենալ. այն ժամանակ կային դեռևս Տեր-Պետրոսյանի օրոք նշանակված դատավորներ: Այդ պատճառով անցումային դրույթներով ապահովվում էր էվոլյուցիոն փոփոխությունը: Բայց գործող իշխանությունը չէր ուզում սպասել, չեն ուզում ունենալ իրենցից անկախ մարմին, որը կիրականացնի սահմանադրական արդարադատություն»:

Փաստաբանի կարծիքով՝ դատական համակարգն, ինչպես նախկինում, իշխանության կամակատարն է, ուղղակի իշխանությունն է փոխվել. «Մենք միշտ ունեցել ենք ընդամենը մի քանի լուսավոր կետ դատական համակարգում, որոնք ունակ էին ինքնուրույն որոշումներ կայացնելու: Եթե նախկին իշխանությունները դրանով պարծենում էին, այսօր այդ դատավորները հայտնվել են թիրախում, իսկ գորշ զանգվածը շապիկը փոխել է և հրաշքով նախկինից ներկա է դարձել»:

Երվանդ Վարոսյանի պնդմամբ՝ Գերագույն դատարան ստեղծելու գաղափարն իրավական առումով սնանկ է և ունի երկու նպատակ՝ նախ, միասնական դատարանին վերահսկելն ավելի հեշտ կլինի, բացի այդ՝ դրանով կքողարկեն նաև արդեն գոյություն չունեցող ՍԴ-ի դեմ նախկինում արված քայլերը:

«Խիստ զարմանալի է, որ երկու տարի է՝ միջազգային կառույցները, որոնք նախկինում ամեն փոքր հարցով հայտարարություններ էին տարածում, իրավական համակարգի փաստացի ապամոնտաժման մասին լռում են, ու պատճառը քաղաքական է: Նրանց լռությունը գին ունի, իսկ թե ինչ ենք մենք խոստացել կամ վճարել, կարելի է միայն ենթադրել: Այսօր ՍԴ-ն փաստացի չի գործում, թեև քվորում կա, ու դա որևէ մեկին չի հուզում: Մենք չենք ունենալու այն ՍԴ-ն, որը մեր իրավական համակարգն առաջ կտաներ, այն լինելու է իշխանությանը կից հերթական լոյալ մարմինը»,- ամփոփել է փաստաբանը: