ԵԳԻՊՏՈՍՈՒՄ ԳՏՆՎԵԼ Է 2500-ԱՄՅԱ 27 ՍԱՐԿՈՖԱԳ

Եգիպտոսի տուրիզմի և հնությունների նախարարությունը կիրակի հայտարարել է, որ Սակարայի հին դամբարանադաշտում գտնվել են 14 սարկոֆագներ՝ ի հավելումն դրանից մեկ շաբաթ առաջ հայտնաբերված 13-ի։ Արտեֆակտների տարիքը կազմում է 2500 տարի, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն։

Սակարայի ընդարձակ դամբարանադաշտը տեղակայված է Գիզայի հռչակավոր բուրգերից 16 կմ հարավ։ Այն հնագույն քաղաք Մեմֆիսի հատվածն է, որը մտցվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության ցանկի մեջ։ Կողքին է գտնվում Ջոսերի վիթխարի աստիճանաձև բուրգը։

Գիտնականների հաղորդմամբ՝ փայտե սարկոֆագները թաղելու պահից սկսած չեն բացվել։ Մակերևույթին հրաշալի պահպանվել են նրբագեղ նկարներ, որոնք կատարված են օքրայով և կապույտով, ինչպես նաև հիերոգլիֆներով գրառումներ։

Նախարարության էջում հաղորդվում է, որ աշխատանքները շարունակվելու են, և գիտնականները հուսով են մոտ ապագայում հայտնաբերել նոր օբյեկտներ։

Եգիպտոսի կառավարությունը հիմա ամեն կերպ խրախուսում է ամբողջ երկրում հնագիտական հայտնագործությունները, որ տուրիզմը վերածնի, որը տուժել է կորոնավիրուսի համավարակի պատճառով ուղևորությունների սահմանափակումներից։

News.am