Արմեն Աշոտյան. Ընդդիմությունը միավորվելու է. լինելու է «Հայաստանը Նիկոլից հետո» կարգախոս

Նիկոլ Փաշինյանի իշխանության գալուց հետո Հայաստանում ամեն ամիս ու տարվա ամեն եղանակ է թեժ, այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը։

«Այս կառավարությունը առիթ է ստեղծել, որ ցանկացած ամիս թեժ լինի Հայաստանում», - ասաց նա։

Աշոտյանի խոսքով՝ այս կառավարությունը, կարծես թե, կոմիքսների կառավարություն լինի։ «Ցավոք սրտի, այդ կոմիքսների գինը վճարում է պետությունն ու ժողովուրդը», - նշեց նա։

ՀՀԿ փոխնախագահն ասաց, թե այսօր երկրում կա աճող դժոգոհություն, աճող հիասթափություն, խորացող ճգնաժամ։

Աշոտյանը նշեց, որ իշխանական քարոզչամեքենան պարբերաբար փորձում է սեպ խրել ընդդիմության ներսում։

«Դա արվում է, օրինակ, Սերժ Սարգսյան-Ռոբերտ Քոչարյան գծով, վերջերս՝ ՀՀԿ-ԲՀԿ, բայց, ի պատիվ մեզ, մենք այս պահի դրությամբ ի վիճակի ենք եղել անցյալում թողնել մեր տարաձայնությունները», - ասաց նա։

Աշոտյանը նշեց, թե վարչապետ Նիկոլ Փաշինյանին այսօր պետք է արևմտամետ ընդդիմություն ու սկսել են բուծել այդ ընդդիմությանը։

«Բայց դա այնքան կեղծ է, սուտ, որ մեր հանրությունն առ այսօր չի գնացել այդ պրոյեկտի հետևից։ Նիկոլ Փաշինյանն ուզում է տիրանալ ընդդիմադիր դաշտին, բայց դա անհնար է», - ասաց նա։

ՀՀԿ փոխնախագահի խոսքով՝ ընդդիմությունը միավորվելու է ու լինելու է ոչ միայն «Հայաստանն առանց Նիկոլի» կարգախոսը, այլև՝ «Հայաստանը Նիկոլից հետո» կարգախոս, տեղեկացնում է Aysor.am-ը: