ՄԱԿ Գլխավոր քարտուղարը կոչ է արել դադարեցնել մարտական գործողությունները

ՄԱԿ Գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը կոչ է արել անհապաղ դադարեցնել Արցախի ուղղությամբ ընթացող մարտական գործողությունները:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ կազմակերպության պաշտոնական կայքում հրապարակված հայտարարության մեջ ասված է, որ ՄԱԿ գլխավոր քարտուղարը խիստ անհանգստացած է Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում շփման գծի երկայնքով ռազմական գործողությունների նոր վերսկսմամբ և դատապարտում է ուժի կիրառումը, ցավում քաղաքացիական բնակչության շրջանում զոհերի և կորուստների համար։

Գլխավոր քարտուղարը կողմերին վճռականորեն կոչ է արել անհապաղ դադարեցնել մարտական գործողությունները, թուլացնել լարվածությունը և անհապաղ վերադառնալ կառուցողական բանակցություններին: Նա խոսելու է ինչպես Ադրբեջանի նախագահի, այնպես էլ Հայաստանի վարչապետի հետ։

Գլխավոր քարտուղարը վերահաստատել է իր լիակատար աջակցությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կարևոր դերին և կոչ է արել կողմերին սերտորեն համագործակցել նրանց հետ՝ առանց նախապայմանների երկխոսության շուտափույթ վերսկսման համար: