ՄԵՆՔ ԲՈԼՈՐՍ ՄԵՂԱՆՉԵԼ ԵՆՔ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԱՌՋԵՎ

Պատկերացրեք, թե դուք՝ դուք չեք, այլ ազատ մարդ եք ազատ երկրում: Հասկանում եմ, որ դա շատ դժվար է, բայց ջանք գործադրեք: Եվ եթե ստացվի, ապա ձեզ մոտ անպայման հարց կառաջանա. իսկ համարժե՞ք էին արդյոք իրավապահների գործողությունները հունվարի 28-ին՝ Նարեկ Մալյանին, Արթուր Դանիելյանին, Կոնստանտին Տեր-Նակալյանին, Նարեկ Սամսոնյանին և էլի մի քանի ակտիվիստների ձերբակալելիս:

Իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանի և ԱԺ աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալ Արսեն Բաբայանի մոտ, օրինակ, այդ հարցն առաջացավ, և դրա պատասխանի որոնումներով նրանք արդեն մի քանի օր շարունակ փորձում են հանդիպել ուստիկանապետի պաշտոնակատար Արման Սարգսյանի հետ: Չենք կարծում, թե դա նրանց հաջողվի: Նախ՝ Ռուբեն Մելիքյանն ու Արսեն Բաբայանը զինված ահաբեկիչներ չեն, որպեսզի պաշտոնակատարը բազմոցին նստած խաղաղ զրուցի նրանց հետ «Էրեբունի պլազայում», իսկ հետո նշանակության վայր տանի իր ծառայողական մեքենայով։ Երկրորդ, Արման Սարգսյանը բավական զբաղված մարդ է, քանի որ ոստիկանապետի պաշտոնակատարն է, այսինքն ուժային այլ կառույցների և հատուկ ծառայությունների ղեկավարների հետ մեկտեղ ընդգրկված է առաջին և Փաշինյանին ամենամտերիմ շրջանակում: Այսօրվա դրությամբ ավելի հավատարիմ ու հուսալի նեցուկ վարչապետը պարզապես չունի: Եվ դժվար թե ունենա:

Միայն թե մեզ չգիտես ինչու թվում է, որ ոստիկանությունը չպետք է լինի պետության մարմնի պահապանը. նրա գործառույթներն ու խնդիրները այլ են: Ավելի լավ կլիներ, եթե մեր քաջարի իրավապահները, իշխանության քննադատներին ասֆալտին փռելու և ձեռնաշղթաներ հագցնելու, հպարտ քաղաքացիների բողոքի ակցիաները ցրելու, քրեական գործեր սարքելու և Փաշինյանի քաղաքական ընդդիմախոսների դեմ կոմպրոմատ հավաքելու փոխարեն, ծախսեին ուժերն ու միջոցները ուղիղ նշանակությամբ. իրական հանցավորության դեմ պայքարի։ Թեև հասկանում ենք, դա ավելի բարդ ու վտանգավոր է. հանցագործների պարագայում կարող ես ընկնել թե՛ գնդակի, թե՛ դանակի տակ: Մինչդեռ բողոքողների և քննադատողների դեպքում՝ միայն խոսքի: Բայց հարկ է հիշել, որ դանակի հասցրած վերքը բուժվում է, լեզվինը`ոչ:

Իսկ հանցավորության հետ կապված իրավիճակը երկրում առավել քան տագնապալի է: Բավական է նշել, որ, ըստ պաշտոնական տվյալների, եթե 2018 թվականին գրանցվել է սպանությունների 35 դեպք, ապա 2019-ին`արդեն 47, այսինքն 12-ով ավելի: 2018-ին տեղի է ունեցել ավազակային հարձակման 47 դեպք, իսկ 2019-ին ՝ 62։ 2018-ին գրանցվել է գողության 8 հազար 851 դեպք, իսկ 2019-ին՝ 10 հազար 732: Եվ այս տխուր վիճակագրությունը կարելի է դեռ երկար թվարկել: Իրավապահ մարմիններում կան բարձրակարգ պրոֆեսիոնալներ, բայց նրանք զրկված են հանցավորության սրընթաց աճի կասեցման համար սեփական գիտելիքներն օգտագործելու հնարավորությունից: Զրկված են այդ հնարավորությունից, քանզի զբաղված են ղեկավարության քաղաքական պատվերներն ու հանձնարարությունները կատարելով, որոնք ընդհանուր ոչինչ չունեն իրավապահների մասնագիտական գործունեության հետ:

Փաշինյանը բազմիցս հայտարարել է, որ «նոր Հայաստանում» պետք է լինի միանգամայն այլ որակի ոստիկանություն, և այդ ուղղությամբ, իբր, շատ բան է արվում: Դե ինչ, ոստիկանության որակի փոփոխությունն ակնբախ է: Նախկին իշխանության օրոք, օրինակ, անհնար էր պատկերացնել, որ, ասենք, պետհամալսարանի ուսանողական խորհրդի նախագահին կարելի է ձեռնաշղթաներ հագցնել ու տանել ոստիկանություն՝ հատուկ ջոկատայիններով շրջապատված, ինչպես վտանգավոր հանցագործի: Մինչդեռ երիտասարդը գործով չէր անցնում նույնիսկ որպես վկա:

Եվ ո՞վ կարող էր պատկերացնել նախկին իշխանության օրոք, թե նախագահ Սերժ Սարգսյանի քննադատներին, իսկ այդպիսիք առավել քան շատ էին, քարշ տալով կհանեն մեքենայից, կպառկեցնեն ասֆալտին, ձեռնաշղթաներ կհագցնեն ու կտանեն 6-րդ վարչություն՝ ապօրինի զենք և թմրանյութեր պահելու անհեթեթ և հնարովի կասկածանքով: Ինչո՞ւ անհեթեթ ու հնարովի: Հենց թեկուզ այն պատճառով, որ նրանց մեքենաներն ու բնակարանները նույնիսկ չե՛ն խուզարկվել: Ինչպե՞ս կհրամայեք հասկանալ դա: Չենք խոսում արդեն այն մասին, որ «Ադեկվադի» ղեկավար Արթուր Դանիելյանը ձերբակալման ընթացքում վնասվածքներ է ստացել:

Մինչդեռ Փաշինյանի ձեռնարկած ոստիկանության «բարեփոխման» շրջանակներում նույնիսկ հրատարակվել է հատուկ բրոշյուր, որը պատմում է քաղաքացիների իրավունքների մասին: Դուք կարո՞ղ եք պատկերացնել ոստիկանի, որը ձեռքն է վերցրել այդ բրոշյուրը: Դրանից նա կտեղեկանա, որ մարդը, ինչպես պարզվում է, իրավունքներ ունի: Իրավապահների մեծամասնության համար դա կհնչի որպես ամենաիսկական հայտնություն: Իսկ այն գլուխները, որտեղ ոստիկանության սերժանտը պարապության պահին կկարդա այն մասին, որ ոստիկանությունը պետք է դեռ մի բան էլ պաշտպանի մարդու իրավունքները, կարող են շոկ, կարկամախտ առաջացնել նրա՝ սերժանտի մոտ, այդպիսի հիմնարար բացահայտումների համար անպատրաստ իր պսիխիկայով: Իսկ ուղեղի ծալքերով ու հոգով չկոփված ոմանք էլ, մեկ էլ տեսար, կսկսեն ժամանակ առ ժամանակ հետևել բրոշյուրում շարադրված վնասակար ուսմունքին: Ախր այդպես այլախոհնե՛ր կհայտնվեն ոստիկանությունում:

Ի՞նչ է լինելու նրանց հետ, ովքեր այդօրինակ հրամաններ են տալիս ոստիկաններին: Ո՞վ է պատասխան տալու ընթացակարգային բազմաթիվ խախտումների, բոլոր ահաբեկումների և սպառնալիքների, քաղաքացիների իրավունքների կոպիտ ոտնահարումների համար: Այսօր ոմանք պահանջում են, որ հունվարի 28-ի դեպքերի կապակցությամբ ներքին հետաքննություն անցկացվի: Իսկ ո՞վ է դա անցկացնելու: Փաշինյանի ընդդիմախոսների «չեզոքացման գործողության» մեջ ներգրավված էին ոստիկանության հատուկ ստորաբաժանումները, իսկ դրանք, ինչպես հայտնի է, կարող են գործել միայն ոստիկանապետի պաշտոնակատար Արման Սարգսյանի հրամանով: Նա ինչ է, հանձնարարելու է ներքին հետաքննություն անցկացնել՝ պարզելու համար սեփական հրամանի իրավաչափության աստիճա՞նը: Շատ վաղուց, ասեմ՝ իմանաք, կյանքը չէր հրամցրել այդչափ հզոր փոխաբերություն:

Տեսականորեն, գործը կարող է քննվել պաշտպանության, ազգային անվտանգության և ներքին գործերի խորհրդարանական հանձնաժողովում: Վերջերս մի այդպիսի երազ տեսա. Անդրանիկ Քոչարյանը հավաքում է իր հանձնաժողովն ու առաջարկում գնահատական տալ իրավապահների գործողություններին, և պատգամավորները հանգում են այն եզրակացության, որ այդ գործողությունները համարժեք չէին: Արթնացա՝ սառը քրտինքով պատված: Երբեմն այնպիսի՜ բաներ կտեսնես երազում:

Այնպես որ ավելի լավ է մոռանալ հետաքննությունների մասին և նման հիմարությունների փոխարեն միանգամից ընդունել սեփական մեղքը: Այո՛, եղբայրներ, մեղանչել ենք մենք բոլորս հատուկ նշանակության ուժերի առջև. խանգարում ենք աշխատել, ոտքի տակ ընկնում: Եկեք, միգուցե, ապաշխարենք նրանց առջև, քանի դեռ ուշ չէ, հը՞: Գուցեև ներեն:

Теги: