Պուտինն ու Մակրոնը քննարկել են իրավիճակը Լեռնային Ղարաբաղում

Ռուսաստանի և Ֆրանսիայի նախագահներ Վլադիմիր Պուտինը և Էմանուել Մակրոնը հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են իրավիճակը Լեռնային Ղարաբաղում և Բելառուսում, հաղորդում է Կրեմլի մամուլի ծառայությունը:

Հեռախոսազրույցը տեղի է ունեցել ֆրանսիական կողմի նախաձեռնությամբ: Ինչպես նշել է Կրեմլը, երկու պետությունների ղեկավարները «կտրուկ դատապարտել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում իրավիճակի կտրուկ սրումը, ինչպես նաև մտահոգություն են հայտնել ընթացող ռազմական գործողությունների կապակցությամբ»:

Պուտինն ու Մակրոնը հակամարտության կողմերին շուտափույթ և ամբողջական հրադադարի և դեէսկալացիայի կոչ են արել:

«Մանրամասն քննարկվել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում իրավիճակի կտրուկ սրումը: Լուրջ մտահոգություն է հայտնվել շարունակվող լայնամասշտաբ ռազմական գործողությունների կապակցությամբ: Վլադիմիր Պուտինը և Էմանուել Մակրոնը հակառակորդ կողմերին շուտափույթ և ամբողջական հրադադարի, դեէսկալացիայի և առավելագույն զսպվածություն ցուցաբերելու կոչ են արել»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Մամուլի ծառայությունը հավելել է, որ զրույցի ընթացքում նշվել է, որ Լեռնային Ղարաբաղի ճգնաժամի քաղաքական և դիվանագիտական մեթոդներով կարգավորումը այլընտրանք չունի: «Այս համատեքստում դիտարկվել են հետագա փոխգործակցության հատուկ չափորոշիչներ, առաջին հերթին՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափում: Նրանք պատրաստակամություն են հայտնել Մինսկի խմբի (Ռուսաստան, Ֆրանսիա և Միացյալ Նահանգներ) համանախագահող երկրների ղեկավարների անունից հանդես գալ հայտարարությամբ՝ հօգուտ զինված առճակատման շուտափույթ դադարեցման և բանակցային գործընթացի վերսկսման»,- տեղեկացրել է Կրեմլը:

Պուտինը հաստատել է Ռուսաստանի Դաշնության դիրքորոշումը ինքնիշխան պետության ներքին գործերին միջամտելու փորձերի և օրինական իշխանությունների վրա արտաքին ճնշման անթույլատրելիության վերաբերյալ:

«Անդրադարձ է կատարվել նաև Բելառուսում նախագահական ընտրություններից հետո ստեղծված իրավիճակին: Ռուսական կողմը վերահաստատել է իր սկզբունքային դիրքորոշումը ինքնիշխան պետության ներքին գործերին միջամտելու ցանկացած փորձի և օրինական իշխանությունների վրա արտաքին ճնշման անթույլատրելիության վերաբերյալ»,- ասվում է հայտարարության մեջ, տեղեկացնում է News.am-ը։