ՏԵՂԻ ՈՒՆԵՑՈՂԸ ՀԱՆՑԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆ Է
«Լազարյան ակումբը» դատապարտել է Ադրբեջանի ագրեսիան
«Եվ այսպես, Ադրբեջանն ու նրա հետևում կանգնած Թուրքիան ընտրել են պատերազմը՝ Լեռնային Ղարաբաղի ճակատագիրը հօգուտ իրենց լուծելու համար։ Երկիրը՝ հայտնի ողջ աշխարհին 20-րդ դարասկզբին իր հայ բնակչության մասսայական բնաջնջմամբ, 100 տարի անց մատակարարում է և խրախուսում է նախկին միութենական հանրապետությանն իր մղումներում՝«թույլ չտալ այսպես կոչված երկրորդ հայկական պետության հետագա գոյությունը», «մաքրել օկուպացված հողերը»։
Հողերը: Նրանց պետք են միայն հողերը։ Ինչպես և 20-րդ դարում, այժմ էլ մարդիկ նրանց պետք չեն։ Հենց այդ պատճառով էլ ակտիվ մարտական գործողությունների առաջին իսկ օրը ռմբակոծվում են Ստեփանակերտն ու Շուշին, որտեղ ռազմաճակատի ոչ մի գիծ չկա»,- ասված է հայտարարությունում:
Ռուս-հայկական միջազգային «Լազարյան ակումբը» տեղի ունեցածը համարում է հանցագործություն։
«Ինչպես և շատերը մենք հուլիսին մեր՝ «Թույլ չտալ պատերազմ» հայտարարության մեջ զգուշացրել էինք լարվածության աճի մասին, որն ամբողջ տարածաշրջանը կարող է հանգեցնել ապոկալիպսիսի։ Մենք հիշում ենք նման փորձ 2016թ. ապրիլին։ Այժմ ամեն ինչ շատ ավելի լուրջ է և լայնածավալ։ Գուցե նաև այն պատճառով, որ հրադադարի բազմամյա ռեժիմի խախտմամբ՝ 2016 թվականի նախաձեռնությունը Ադրբեջանի ղեկավարությունը մարսեց։ Որպես պատասխանատու մարդիկ ՝ մենք հեռու ենք հակամարտող կողմերի վարքագիծը իդեալականացնելու ցանկությունից, բայց ադրբեջանա-թուրքական քարոզչության ֆեյքերը, Ադրբեջանի զինված ուժերի «հակահարձակման» մասին՝ ի պատասխան Հայաստանի և Արցախի կողմից առասպելական «հարձակման», վիրավորում են գիտակցությունը»,- նշում են ակումբի անդամները:
«Լազարյան ակումբը» ողջունում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման ուղղությամբ Ռուսաստանի և ԵԱՀԿ Մինսկի խմբի մյուս համանախագահ երկրների ջանքերը, որոնք ձեռնարկվում են անհապաղ հրադադարի համար։
«Ռուս և հայ ժողովուրդների քրիստոնեական արժեքները թույլ չեն տալիս ուրախանալ օտարի մահով,քանի որ «զանգը միշտ քո՛ մահն է գուժում»։ Հավատում ենք Կովկասում խաղաղ ապրելու հնարավորությանը, անգամ բազմամյա փակուղուց ելք գտնելու կարողությանը։ Կամքի և ցանկության դեպքում: Որպեսզի այդպես լինի, իրավախախտը չպետք է իր վարքագծի հետևանքով շահառու դառնա»,- ասված է հայտարարության մեջ»,- ասված է հայտարարության մեջ:
28 սեպտեմբերի 2020թ․
ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ
Ռուս-հայկական միջազգային «Լազարյան ակումբը» հիմնադրվել է 2018թ-ին՝ ՌԴ Պետ Դումայի պատգամավոր, ԱՊՀ երկրների ինստիտուտի տնօրեն Կոնստանտին Զատուլինի նախաձեռնությամբ և մի շարք հայտնի քաղաքական–հասարակական գործիչների մասնակցությամբ։
Արցախի հետ շփման գծի ողջ երկայնքով սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանն ակտիվ հրետակոծություն է սկսել: Հրետակոծվում են նաև խաղաղ բնակավայրերը, այդ թվում մայրաքաղաք Ստեփանակերտը: Ադրբեջանի հարձակման հետևանքով առաջին զոհերը եղել են Մարտունու շրջանում՝ մեկ կին և մեկ երեխա, ընդհանուր առմամբ զոհվել է 4 քաղաքացի՝ 2 երեխա, 1 կին և 1 տղամարդ: Ադրբեջանի Զինված ուժերը թիրախավորել են նաև Հայաստանի Հանրապետության զինվորական և քաղաքացիական ենթակառուցվածքները, որի արդյունքում Վարդենիսի շրջանում սպանվել է 1 քաղաքացիական անձ և այրվել է քաղաքացիական ավտոբուս` Ադրբեջանի Զինված ուժերին պատկանող ԱԹՍ-ի հարվածից: Հայկական կողմն ունի 83 զոհ և կա շուրջ 120 վիրավոր տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով։ Հակառակորդը հրետակոծել է նաև դպրոցներ, ներառյալ Ստեփանակերտում։ Հայաստանի Հանրապետությունում և Արցախում հայտարարվել է ռազմական դրություն և ընդհանուր զորահավաք։ Արցախի ուղղությամբ Ադրբեջանի կողմից սանձազերծված գործողությունների արդյունքում, ճշտված տեղեկություններով, ադրբեջանական կողմն ունի մարդկային ավելի քան 400 կորուստ: Հակառակորդը կորցրել է 50 անօդաչու թռչող սարք, 6 ուղղաթիռ, 80 զրահատեխնիկա, 1 ինքնաթիռ, 82 ավտոտրանսպորտ: Սեպտեմբերի 29-ին ՊԲ-ն հայտարարել է, որ Ադրբեջանը կորցրել է ևս 11 ԱԹՍ, այդ թվում նաև՝ հարվածային, 1 ինժեներական զրահատեխնիկա, 4 զրահափոխադրիչ 82Ա, 5 տանկ: