Լավրովն ու Չավուշօղլուն քննարկել են էսկալացիան Լեռնային Ղարաբաղում

ՌԴ և Թուրքիայի ԱԳ նախարարներ Սերգեյ Լավրովը և Մևլյութ Չավուշօղլուն «հանգամանորեն քննարկել են Լեռնային Ղարաբաղի շուրջ լարվածության էսկալացիան»:

ՌԴ ԱԳՆ մամուլի ծառայության հաղորդմամբ՝ նախարարները լուրջ մտահոգություն են հայտնել շարունակվող զինված առճակատման շուրջ, կոչ են արել անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները: «Ընդգծվել է հակամարտությունում ուրիշ տարածաշրջաններից անօրինական զինված խմբավորումների ահաբեկիչներին ներգրավելու անթույլատրելիությունը: Նշվել է խիստ կշռադատված քայլերի անհրաժեշտությունը Բաքվին և Երևանին դիվանագիտական և քաղաքական աջակցություն ցուցաբերելու հարցում:

Հաստատվել է Ռուսաստանի և Թուրքիայի՝ իրավիճակի կայունացմանն ուղղված համակարգման պատրաստակամությունը Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը խաղաղ ճանապարհով կարգավորելու նպատակով:

Ռուսական կողմը ներգրավված է ԵԱՀԿ Միսնկի խմբի համանախագահների ջանքերում՝ ներառյալ հոկտեմբերի 1-ի Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ֆրանսիայի նախագահների համատեղ հայտարարությունը»,-նշված է հաղորդագրության մեջ:

Անդրադարձ է արվել երկկողմանի օրակարգի արդի հարցերին: Պայմանավորվածություն է ձեռքբերվել հետագա շփումների համար, տեղեկացնում է News.am-ը։