Լրագրողների միջազգային ֆեդերացիան կոչ է անում ապահովել լրագրողների անվտանգությունը

Լրագրողների միջազգային և եվրոպական ֆեդերացիան (IFJ / EFJ) կոչ են անում Հայաստանի և Ադրբեջանի իշխանություններին ապահովել լրագրողների անվտանգությունը:

«Շատ կարևոր է հրապարակել Լեռնային Ղարաբաղի շուրջ հակամարտության մասին ճշգրիտ հաղորդագրություններ: Դա նշանակում է, որ լրագրողները պետք է հնարավորություն ունենան պատրաստել ռեպորտաժներ՝ չվախենալով հարձակումներից: Մենք կոչ ենք անում Հայաստանի և Ադրբեջանի իշխանություններին ապահովել դեպքի վայրում աշխատող լրագրողների անվտանգությունն ու անկախությունը»,-հայտարարել է IFJ գլխավոր քարտուղար Էնթոնի Բելանժերը:

Հիշեցնենք, որ ամբողջ աշխարհում հայտնի Le Monde ֆրանսիական պարբերականի լրագրողները հայտնվել են Ադրբեջանի ԶՈՒ կողմից հրաձգության ներքո Մարտունի քաղաքում, ինչի հետևանքով ստացել են ծանր վիրավորում:

Բացի այդ, հրաձգության հետևանքով վիրավորվել է նաև 24news.am-ի լրագրող Սևակ Վարդումյանը, տեղեկացնում է News.am-ը։