Փաշինյան. Թուրքիան միանշանակ պատասխանատու է ագրեսիայի համար

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆրանսիական Le Figaro թերթին տված հարցազրույցում ասել է, որ Հայաստանն Թուրքիային՝ Ադրբեջանին ռազմական աջակցություն ցուցաբերելու վերաբերյալ ապացույցներ ունի:

«Միջազգային հանրությունը, մասնավորապես՝ ամերիկյան հանրությունը, պետք է իմանա, որ Միացյալ Նահանգներում արտադրված F-16-ներն այսօր օգտագործվում են հայերին թիրախավորելու նպատակով։

Փաստեր կան, որոնք վկայում են, որ թուրքական ռազմական ղեկավարությունն անմիջականորեն ներգրավված է գրոհներ իրականացնելու գործում։ Անկարան Բաքու է ուղարկել ռազմական փոխադրամիջոցներ, զինամթերք, ինչպես նաև ռազմական խորհրդատուներ։ Մեզ հայտնի է, որ Թուրքիան Սիրիայի հյուսիսում իր գրավյալ տարածքներից հազարավոր վարձկանների է վարժեցրել և տեղափոխել: Այդ վարձկաններն ու ահաբեկիչներն այսօր կռվում են հայերի դեմ»,- ասել է Նիկոլ Փաշինյանը:

Վարչապետն ասել է, որ Թուրքիան միանշանակ պատասխանատու է այս ագրեսիայի համար:

«Ակնհայտ է, որ Անկարան է իրավիճակի բազմաթիվ կարևորագույն հարցերում որոշում կայացնողը։ Նրանց նպատակը տարածաշրջանային ուժերի հավասարակշռությունն ի շահ իրենց խախտելն է: Թուրքիան երազում է սուլթանությանը նմանվող կայսրություն ստեղծել և բռնել է մի ճանապարհ, որը կարող է կրակի տալ տարածաշրջանը»,- ասել է Նիկոլ Փաշինյանը:

Վարչպետը շեշտել է, որ Թուրքիան և Ադրբեջանը պետք է դադարեցնեն ռազմական գործողությունները, քանի որ «նրանք են նախահարձակ կողմը և այս պահին էլ հայերի են սպանում»։

«Լեռնային Ղարաբաղը չի կարող զինաթափվել, քանի որ դա կհանգեցնի ցեղասպանության։ Այնտեղի բնակչությունը կանգնած է էկզիստենցիալ սպառնալիքի առաջ։ Այս փուլում հակառակորդ կողմը գրոհները դադարեցնելու ոչ մի նշույլ ցույց չի տալիս։ Նույնիսկ վստահ չեմ, որ Ադրբեջանը վերահսկում է իր հետ կողք-կողքի կռվող ահաբեկիչներին»,- ասել է Նիկոլ Փաշինյանը։

Խոսելով բանակցությունների մասին՝ Հայաստանի վարչապետը նկատել է, որ ԵԱՀԿ Մինսկի խումբը բանակցությունների միակ ձևաչափն է, իսկ Թուրքիան իր կողմնակալ և ռազմատենչ վարքի համար չի կարող միջնորդ լինել, տեղեկացնում է Mediamax.am: