ԹԱԿԱՐԴ ԻԼՀԱՄԻ ՀԱՄԱՐ
Իլհամ Ալիևն իրեն հաշիվ տալի՞ս է, թե ինչ փակուղի մտցրեց իր երկիրն ու իրեն։ Ամենայն հավանականությամբ՝ տալիս է, բայց արդեն ուշ է։ Բոլորին ակնհայտ է, որ ոչ մի բլիցկրիգ Ադրբեջանին չհաջողվեց։ Իհարկե, ադրբեջանական քարոզչությունը կարող է օրական մի քանի անգամ զեկուցել նույն բնակավայրերի «ազատագրման» մասին, բայց փաստացի Ադրբեջանն առաջընթաց չունի, այլ ունի տեխնիկայի և, իհարկե, մարդկային մեծ կորուստներ։ Արդեն մոտ երկու հազար։
Ընդ որում միջազգային հանրությունն Ադրբեջանին առճակատ մեղադրում է նույն միջազգային հանրության կողմից ահաբեկչական ճանաչված կազմակերպությունների անդամ վարձկաններին օգտագործելու համար։ Բայց վարձկաններն էլ արդեն չեն օգնում և Արցախի Պաշտպանության բանակի ճնշման տակ Ադրբեջանը ստիպված կլինի աստիճանաբար հրաժարվել հարձակողական գործողություններից և սահմանափակվել դիրքային պատերազմով՝ հնարավոր բոլոր զինատեսակներից գնդակոծելով Արցախի Պաշտպանության բանակի դիրքերը և հանրապետության բնակավայրերը։
Ընդ որում Իլհամ Ալիևը հասկանում է, որ իր կողմից հրադադարի ռեժիմի խախտումից, Արցախն ուժով զավթելու փորձերից և հանրապետության բնակավայրերի գնդակոծումից հետո Արցախի Պաշտպանության բանակը լիակատար իրավունք ունի ցանկացած պատասխան գործողությունների: Առաջին հերթին՝ այնպիսի, որոնք ուղղված կլինեն հակառակորդի նախահարձակ ակտիվությունը ճնշելուն։ Օրինակ, քանդուքարափ անել Գյանջայի այն օդանավակայանը, որտեղից թուրքական F-16 ինքնաթիռները թռչում են ռմբակոծելու Արցախը։
Այսպիսով, հակամարտության թեժ փուլի պահպանումը Ադրբեջանի համար կփոխարկվի նորանոր զոհերի, Իսկ Իլհամ Ալիևը ստիպված կլինի ընկնել Թուրքիայի ոտքերը, աղաչելով, որ վերջինս չլքի իրեն, և փաստացի կկորցնի ինքնիշխանությունը։ Պատահական չէ, որ գնալով ավելի հաճախ են հաղորդագրություններ հնչում այն մասին, որ թուրք զինվորականներն աստիճանաբար իրենց վրա են վերցնում Ադրբեջանի զինված ուժերի ղեկավարումը, ինչը, իհարկե, սաստիկ նյարդայնացնում է տեղի հրամանատարությանը։
Գուցե Ալիևը կցանկանա՞ր արդեն ամեն ինչ դադարեցնել, հայտարարել հրադադարի մասին և վերադառնալ բանակցություններին։ Դա գուցեև ելք կլիներ, բայց ընդ որում նա կրկին իսկ չի կարող չհասկանալ, որ իր արկածախնդրությունից հետո, երբ փաստացի զրոյացրեց բանակցային գործընթացը, հայկական կողմը լիակատար իրավունք ունի ոչ միայն հրաժարվելու նախկինում քննարկվող նախնական պայմանավորվածություններից, այլև կոշտացնելու իր դիրքորոշումը բանակցային սեղանի շուրջ։ Ալիևը հասկանում է, որ արդեն միայն երազում կարող է տեսնել յոթ շրջանների, հինգ շրջանների մասին բանակցային թեզիսները…
ԻՆՉՈ՞Վ ԿԱՐՈՂ Է ԱԼԻԵՎԸ ՓՈՐՁԵԼ ՉԵԶՈՔԱՑՆԵԼ ԱՅԴ ԳՈՐԾՈՆՆԵՐԸ։ Կրկին լայնածավալ ցամաքային հարձակողական գործողություն անցկացնելու փորձո՞վ: Եթե իսպառ չի կորցրել իրականության զգացումը, ապա հասկանում է, որ դա կհանգեցնի միայն նոր զոհերի, իսկ Լեռնային Ղարաբաղ ամրոցը գրավել ինքը չի կարող։ Ռմբակոծե՞լ Արցախի բնակավայրերը։ Արցախը սովոր է գոյատևել ու հաղթել ամենածանր պայմաններում, ինչը ոչ մի կերպ չես ասի Ադրբեջանի բնակիչների մասին։
Վերջապես, գուցե հաշվարկ է կառուցել այն բանի վրա, որ ավելի մասշտաբայնորե՞ն ներքաշի Թուրքիային հակամարտության մեջ։ Այսօր Էրդողանն արդեն գտնվում է միջազգային հանրության ճնշման տակ, որը համախմբվածություն է ցուցաբերում նոր ֆյուրեր հանդուրժելու վտանգի առջև, և Թուրքիայի առաջնորդը ստիպված է արդարանալ։ Այո, նրան ձեռնտու է այս հակամարտությունը, որից կարելի է օգուտ քաղել և ինչ-որ պայմաններ ներկայացնել նույն Ռուսաստանին, Ֆրանսիային և ԱՄՆ-ին, ուժեղացնել իր ազդեցությունն Ադրբեջանում։ Բայց այնուամենայնիվ մեկ բան է կրակից շագանակներ հանել ուրիշի ձեռքերով, և միանգամայն այլ բան՝ վճարել այդ շագանակների դիմաց սեփական մարդկանցով։ Իսկ դա անխուսափելի է, եթե Թուրքիան անմիջականորեն ներքաշվի հակամարտության մեջ։ Այո, տեսականորեն նման սցենարը բացառել չի կարելի, բայց այստեղ արդեն Թուրքիան գործ կունենա ոչ միայն Հայաստանի հետ, և կստանա նույնպիսի տխուր արդյունք, ինչպիսին այսօր ունի Ադրբեջանը։
Ի՞նչ ելք ունի Իլհամ Ալիևը։ Ինչպես ասում է հենց ինքը՝ Իլհամ Հեյդարիչը, իր համար վրա է հասել ճշմարտության պահը, իսկ մենք հավելենք, որ ճշմարտությունն այդ պարզ է. նրան մնում է նստել գետի մոտ ու հետևել, թե ինչպես են ճշմարտության այդ պահը խաղում մյուսները, մինչև որ գա Ադրբեջանի մեկ այլ առաջնորդի ժամանակը։ Իսկ Լեռնային Ղարաբաղի Պաշտպանության բանակը կջանա, որ սպասումը շատ երկար չձգվի։