ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները Ղարաբաղում հրադադար են առաջարկում

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները Արցախում մարդասիրական հրադադար են առաջարկում՝ զոհված զինծառայողների մարմինները ԵԱՀԿ–ի և Կարմիր Խաչի համակարգմամբ դուրս բերելու համար: Այս մասին ասվում է ԵԱՀԿ ՄԽ համանախագահներ Իգոր Պոպովի (Ռուսաստան), Ստեֆան Վիսկոնտիի (Ֆրանսիա) և Էնդրյու Շոֆերի (ԱՄՆ) հայտարարության մեջ:

Համանախագահները կրկնում են իրենց կոչը՝ ուղղված հակամարտության կողմերին՝ անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները և վերադառնալ առանց նախապայմանների առարկայական բանակցությունների:

Կողմերն ընդգծում են, որ արտաքին կողմերի մասնակցությունը հակամարտությանը խաթարում է տարածաշրջանում կայուն խաղաղության հասնելու ջանքերը:

Համանախագահները խստորեն դատապարտում են ղարաբաղյան հակամարտության գոտում և շփման գծից դուրս Հայաստանի և Ադրբեջանի տարածքների դեմ ռազմական գործողությունները։ Համանախագահները մտահոգություն են հայտնում քաղաքացիական զոհերի աճող թվի մասին տեղեկությունների առնչությամբ: Խաղաղ բնակիչներին թիրախավորելն ու սպառնալը անընդունելի են ցանկացած պարագայում, ընդգծում են համանախագահները, տեղեկացնում է News.am: