ՑՈՒՑԱԴՐԱՆՔ ԻՐԱՎԱՊԱՀՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ. ՊԱՏԿԵՐՆԵՐ ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍԻՑ

Երևանում տեղի է ունեցել իր հանդգնությամբ հերթական աննախադեպ պատահարը։ Օրը ցերեկով երկու զինված տղամարդիկ ավազակային հարձակում են գործել Սեբաստիայի փողոցում գտնվող փոստային բաժանմունքի վրա։ Կողոպտիչները զինված են եղել դանակով ու զենք հիշեցնող առարկայով։ Հաշվեհարդարի սպառնալիքով նրանք առևանգել են դրամարկղում եղած կանխիկ գումարը և հեռացել։ Դեպքի վայրում աշխատում են իրավապահները, առևանգված գումարի չափը ճշտվում է։

Պաշտոնական տեղեկատվությունը, ինչպես տեսնում ենք, բավական ժլատ է։ Ինչպեսև լինում է նման դեպքերում։ Փոխարենը՝ բազմաթիվ կայքերում պատահարի նկարագրությունը սկսվում է դեպքի վայր ժամանած ոստիկանական պաշտոնյաների մանրամասն թվարկումով։ Այնպիսի տպավորություն է, թե ամենագլխավորը հավաքված ոստիկանների քանակն ու նրանց աստիճանները թվարկելն է։ Տեսե՛ք, բարեկամներ, թե ինչ պատասխանատու ոստիկանություն ունենք, քանի՜ մասնագետ է հավաքվել։ Հիմա այնպիսի՜ աշխատանք կսկսվի, որ բոլոր հանցագործությունները կբացահայտեն, իսկ հանցագործներին տեղնուտեղը կմերկացնեն։ Թեև հնարավոր է, որ վերջիններս, արդեն իսկ տեսնելով, թե քանի պրոֆեսիոնալներ են ձեռնամուխ եղել գործին, կվախենան ու անմիջապես կներկայանան մեղայականով, արդարադատության ձեռքը հանձնելով սեփական անձը։ Իսկ հետո՞։ Ի՞նչ ենք տեսնում այնուհետ, ոստիկանական գործիչների շուրջ ողջ այդ գովազդային թոհուբոհից հետո, որոնց դեպքի վայր գալու բուն փաստը գովերգվում է ամենատարբել ԶԼՄ-ների կողմից՝ ամենահաս shamshyan.com-ի գլխավորությամբ։

Իսկ այնուհետ մենք տեսնում ենք, որ գնալով ավելի ենք ընկնում իրականության գիրկը, երբ հասարակության կյանքն ուղղորդում է գովազդը։ Եվ այդ գործոնը ողջ թափով կիրառվում է նաև ոստիկանությունում։ Ցույց տվեցին իրենց, միավորներ հավաքեցին, կեցվածք ընդունեցին։ Իսկ հետո հասարակությունը մոռանում է քրեական գործերի և դրանց ցանկալի բացահայտման մասին. չէ՞ որ հիմա մեզանում ամեն աստծո օր ինչ-որ արտառոց բան է պատահում, ո՞նց հետևես ամենին։

Հիշեցնենք Երևանի ընդհանուր իրավասության դատարանի (Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների գրասենյակ) դատավոր Տաթևիկ Գրիգորյանի աշխատասենյակի պատուհաններին ուղղված կրակոցների միջադեպը։ Երբևէ չլսված-չտեսնված իրադարձությունը տեղի ունեցավ հունվարի 21-ին։ Դատավորը դիմեց ոստիկանություն, նկարագրեց պատահարը, ինչին արձագանքեցին գործնականում բոլոր ԶԼՄ-ները։ Անցել է երկու շաբաթ, իսկ հանցագործը հայտնի չէ։ Ոստիկանությունը մի տեսակ ատամների արանքից հայտնեց, թե հրաձգությունը, ըստ երևույթին, պատահական է եղել։ Եվ կարծես թե կրակել են շատ ավելի շուտ, քան դա հայտնաբերել է մինչ այդ արձակուրդի մեջ գտնվող դատավորը։ Եվ սա ամենն է, ինչը, իրավապահների կարծիքով, հասարակությունը պետք է իմանա երրորդ իշխանության ներկայացուցչի պատուհաններին ուղղված հրաձգության ճչացող միջադեպի մասին (կապ չունի՝ կանխամտածված, թե ոչ)։ Թեև ակնհայտ է, որ միջադեպի բացահայտումով պարծենալ իրավապահները մեծագույն ցանկության դեպքում անգամ չեն կարող։ Այլ կարգի գործերով են ծանրաբեռնված։ Այնպես որ ուրախանանք, որ Տ.Գրիգորյանի պատուհաններին ուղղված կրակոցներից ոչ ոք չի տուժել, և շարունակենք ապրել։

Կամ վերցնենք վերջերս տեղի ունեցած խայտառակ միջադեպը՝ կապված Արթուր Թորոսյանի հետ։ Բարձրագույն կրթություն և կարծես թե միանգամայն պարկեշտ միջավայր ունեցող մարդը գործում է բացարձակ արտառոց արարք. ատրճանակը թափահարելով ներխուժում «Էրեբունի պլազայի» տարածք, փնտրում Քոչարյանի գրասենյակը, որպեսզի հարցեր տա երկրորդ նախագահի ավագ որդուն ու գրասենյակի ղեկավարին, հընթացս վտանգի է ենթարկում ամենատարբեր մարդկանց, որոնց բազմաթիվ գրասենյակներ գտնվում են այդ տարածքում։ Հանցագործին բռնելու է հավաքվում ողջ իրավապահ աշխարհը, բանակցություններ են ընթանում, իսկ հետո սիրո և ըմբռնման մթնոլորտում Թորոսյանին նստեցնում են ոստիկանապետի պաշտոնակատարի ավտոմեքենան և տանում հետագա գործողությունների համար։ Իսկ այ դրանք ախր տեղի չեն ունենում։ Ոստիկանությունն իրեն գովազդեց լիակատար ծրագրով, բայց թե իրականում ինչ է կատարվել հունվարի 23-ին, այսօր նույնքան անհասկանալի է, որքան բուն միջադեպի օրը։ Կրկին մնում է ենթադրություններ անել և սեփական վարկածները կառուցել։

Ակնհայտ է, որ մարդը, որը կարծես թե տառապում է անձի երկատմամբ (քանի որ նրա հետ զրուցում է ներքին ձայնը), հոգեկան խնդիրներ ունի։ Բայց չէ՞ որ նրա անունով զենք է գրանցված, ընդ որում՝ ոչ թե տրավմատիկ, այլ միանգամայն լուրջ վինչեստեր, որն էլ նա թափահարում էր։ Մինչդեռ անառողջ պսիխիկա ունեցող մարդկանց ախր ոչ մի կերպ զենք չեն տրամադրում, քանի որ դա պաշտոնեական հանցագործություն է։ Զենքի թույլտվություն տալու համար պահանջվում է հատուկ տեղեկանք՝ հոգեկան խնդիրների բացակայության մասին։

Գուցե Թորոսյանը դարձել է ուղեղի հանկարծահաս մթագնման զո՞հ։ Իհարկե, այդպես էլ է պատահում։ Թեև ողջ այդ իրավիճակը չափազանց տարօրինակ է թվում։ Բայց, մինչ պատրաստ կլինեն փորձագիտության արդյունքները, հասարակությունը նոր, «վառ» պատահարների տպավորության տակ (իսկ որ դրանք կհաջորդեն, կասկածից վեր է) կմոռանա անձի հավանական երկատումով տառապող չկայացած հրաձգի մասին։ Այնպես որ մենք ամենևին չենք զարմանա, եթե նրան ճանաչեն անգործունակ, անմեղսունակ կամ ինչպես կամենաք, և նա ինչ-որ «հոգեկան խնդրի» պատճառով ազատվի իր գործողությունների համար պատասխանատվությունից ։ Փոխարենը՝ որքա՜ն տպավորիչ էր նայվում ոստիկանական վերնախավը, որն իրականացրեց «սուպերգործողությունը»՝ բռնելու համար հոժարակամ հանձնվող ոչ այն է հիվանդ մարդուն, ոչ այն է

Մենք հեռու ենք այն մտքից, որ պնդենք, թե հանցագործություններ՝ հանդուգն և ամենատարբեր, չեն եղել նախկին իշխանությունների օրոք։ Եղել են և լինում են ողջ աշխարհում ու բոլոր ժամանակներում։ Կամ որ ոստիկանության աշխատանքն այն ժամանակ իդեալական էր։ Դանդաղկոտությունը, անփութությունը և համակարգի որոշ այլ խնդիրներ բնավ պարտադիր կապված չեն նոր իշխանության գալու հետ։ Պարզապես իրավապահների բացահայտ ցուցամոլությունը, ինքնահիացումը, այսպես ասած՝ «ցուցահանդեսի պատկերները», որոնք այսօր առավել քան համապատասխանում են ժամանակի ոգուն, այն ժամանակ ավելի քիչ էին։ Իսկ օգտակար տեղեկատվությունը և կոնկրետ կարգուկանոնը՝ ավելի շատ։

Основная тема:
Теги: