Արայիկ Հարությունյան. Կա՛նգ առեք, քանի դեռ ուշ չէ

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը տեղեկացնում է, որ այս պահի դրությամբ հանձնարարել է դադարեցնել կրակը Գյանջայի ուղղությամբ՝ քաղաքացիական բնակչության շրջանում անմեղ զոհերից խուսափելու համար:

«Եթե որևէ մեկի մոտ Գյանջան հարվածելու մասին իմ հայտարարությունն ընկալելու խնդիր է եղել, վերահաստատում եմ, որ դա ամենևին կատակ չէր: Իմ հրամանով այսօր Պաշտպանության բանակը Գյանջա քաղաքում տեղակայված ռազմական օբյեկտների վնասազերծման նպատակով հասցրել է մի քանի հրթիռային հարված»,–Facebook սոցացնցի իր էջում գրել է Հարությունյանը։

Նրա խոսքով` թշնամու կողմից համապատասխան հետևություններ չանելու պարագայում շարունակվելու են համաչափ ու հուժկու հարվածները՝ կազմալուծելով և կազմաքանդելով թշնամու բանակը և թիկունքը։ Արցախի նախագահը վստահեցնում է` մինչև վերջ վճռական ենք մեր գործողություններում:

«Կա՛նգ առեք, քանի դեռ ուշ չէ»,–զգուշացնում է Հարությունյանը։

Քիչ առաջ հայտնի դարձավ, որ ՊԲ–ն խոցել է Գյանջայի ռազմական օդանավակայանը։ Դրան հաջորդեց Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևի հայտարարությունը, թե կրակել է Հայաստանի ԶՈւ–ն։ ՀՀ ՊՆ–ն հերքեց այդ լուրերը, տեղեկացնում է Sputnik Armenia-ն։