Արփինե ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ. ՄԻԱԿ ՄԱՐԴԸ ՈՒՄ ԴԵՌԵՎՍ ԽՈՐԱՊԵՍ ՑԱՎԱԿՑՈՒՄ ԵՄ ՆԱԽԱԳԱՀ ԱՐՄԵՆ ՍԱՐԳՍՅԱՆՆ Է

Միակ մարդը ում դեռևս խորապես ցավակցում եմ նախագահ Արմեն Սարգսյանն է: Այս մասին Facebook-ի ի էջում գրել է ԱԺ նախկին փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանը:

Նա, ամասնավորապես, գրել է.

«ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁ

Փետրվարի 6-ին Հայաստանի Հանրապետությունում «տոն էր»։ Տոն՝ ընդդեմ տրամաբանության, ընդդեմ իրավաբանության, ընդդեմ ադեկվատության, ընդդեմ գրագիտության, ընդդեմ բարեկրթության և անգամ՝ ընդդեմ քաղաքականության, բայց ամենակարևորը՝ տոն՝ ընդդեմ ժողովրդի։

Ժողովրդին ոչ ոք չէր տեղեկացրել, որ իրենք ինչ որ բան են պահանջում լուծել հանրաքվեով:

Հիրավի տոն էր։ Բայց արի ու տես՝ տոն նաև ոչ միայն ընդդեմի, այլև հանունի՝ հանուն... ճտիկով գրիչի լեգիտիմացման, այսինքն՝ հանուն ոչնչի։

Ուզում եմ այդ տոնի կապակցությամբ շնորհավորել մի քանի դերակատարների՝

Շնորհավորում եմ ՍԴ Նախագահ Հրայր Թովմասյանին և ՍԴ դատավորներին։ Իրենց արժանապատիվ և անկոտրում կեցվածքն էր պատճառը, որ «պարապության նպաստից», «օրենսդրական կաշառքից» և գրչային անհամաչափ ու հուժկու կոմբինացիաներից հետո իշխանությունների միակ հանգրվանը դարձավ ապալեգիտիմ հանրաքվեն։

Այլևս զրո նշանակություն ունի այդ հանրաքվեն և նրա արդյունքը, քանզի անգամ միջնաժամկետ կտրվածքով այն առանց իրավական հետևանքների կամ վատագույն դեպքում՝ վերականգնվող իրավական հետևանքներով պրոցես է։ Սա այս մարդկանց անձնական ու իրենց շնորհիվ նաև՝ պետության հաղթանակն է գործող իշխանախմբի նկատմամբ։

Շնորհավորում եմ խորհրդարանական ընդդիմադիր ֆրակցիաներին, հատկապես՝ «Լուսավոր Հայաստանին» ու նրա ղեկավարին՝ այդ օրը ճշմարտությունը ասել կարողանալու համար։

Շնորհավորում եմ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներին։ Այո՜ դուք ցույց տվեցիք մաստեր-կլաս։ Ամեն ինչի մաստեր կլաս՝ հակաիրավականության, անտրամաբանականի, գավառական պոպուլիզմի, պետական մտածողության իսպառ բացակայության, ժողովրդավարության նենգափոխման բացառիկ միասնականության, ժողովրդին ժողովրդի տեղ չդնելու, ամեն ամեն ինչի՝ միայն ոչ պառլամենտարիզմի։ Այս կապակցությամբ ոչ միայն շնորհավորում եմ, այլև շնորհակալ։ Այս ամենի հավաքական դիտարկման այսպիսի հնարավորություն դեռ չէր եղել։

Շնորհավորում եմ Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին, ովքեր այս պատասխանատու պահին փորձում են ոչ թե կրել իշխանության կողմից կարված պիտակը, որը ըստ իրավիճակի տատանվում է հպարտ քաղաքացուց մինչև անգրագետ պողոս, այլ իրապես փորձում են խորամուխ լինել մեր բոլորի առջև ծառացած խնդրիներին։

Հավատացեք՝ դրանք շատ են, լուրջ ու իրական, ավելի շատ՝ քան ձեզ պատմում են, ավելի լուրջ՝ քան մեկ մարդու վրեժի տենդն է մեկ այլ մարդուց, ավելի իրական՝ քան ինչ որ կեղծ ու հորինված ներքին թշնամիներ։

Շնորհավորում եմ իրավապահ համակարգին՝ այս մեկ անգամը, բայց ամենակարևոր անգամը ոչ թե դուք դարձաք գործիք, այլ իրենք։

«Շնորհավորում եմ» պաշտպան-անպաշտպան-իրավապաշտպաններին՝ որպես ՍԴ ապագա դատավորի թեկնածու անհաջող «քամինգ աութի» համար։ Սպասեք ջուրը տեսեք՝ նոր՝ մնացածը։ Մանավանդ՝ ջուրն էլ ջուր չի՝ ճահիճ է։

Միակ մարդը ում դեռևս խորապես ցավակցում եմ նախագահ Արմեն Սարգսյանն է՝ իր առջև ծառացած այսքան բարդ հերթական երկընտրանքի համար։ Պարոն Սարգսյանը պետք է ընտրի՝ մասնակցել հակաիրավական հանաքվեի կազմակերպմանը, դառնալ սահմանադրական կարգի տապալման գլխավոր դերակատարներից մեկը, թե գոնե այս անգամ ուղիղ նայել իր սահմանադրական պարտականությունների կատարմանը։

Ի դեպ՝ առանց ավելորդ լիրիկայի ու պաթոսի՝ ուղղակի առաջնորդվի օրենքով։ Վերջին դեպքում կշնորհավորեմ իրեն՝ սրտանց ու ջերմորեն։ Եթե Իրավական հիմնավորումների կարիք կա դրանք հասանելի են այս հղմամբ։

Հ.Գ. Ես չեմ պատրաստվում հանրաքվեի քարոզարշավի ընթացքում կատաղի պայքար մղել դրա դեմ։ Ինչպես ասացի երկրում ավելի կարևոր խնդիրներ կան, ուզու՞մ են հանրաքվե՝ թողեք թող անեն։ Թունավորված ծառի պտուղները իրենք են «վայելելու»։

News.am