Վերաքննիչ դատարանը կալանքից ազատ արձակեց Նորայր Փանոսյանին

Վերաքննիչ քրեական դատարանը դատավոր Նարինե Հովակիմյանի գլխավորությամբ քիչ առաջ կալանքից ազատ արձակեց ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի սանիկ, ՀՀ արդարադատության նախարարության օրինականության վերահսկողության տեսչության նախկին պետ Նորայր Փանոսյանին:

Այս մասին գրառում է արել Փանոսյանի պաշտպան Տիգրան Աթանեսյանը:

Նշենք, որ հունվարի 9-ին առաջին ատյանի դատարանը բավարարել էր ՀՀ հատուկ քննչական ծառայության ներկայացրած միջնորդությունը և երկրորդ անգամ կալանավորել Փանոսյանին:

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 26-ին ՀՀ հատուկ քննչական ծառայությունը ևս մեկ դրվագով լրացրել էր ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի սանիկ Նորայր Փանոսյանին առաջադրված մեղադրանքը։

Մինչ այդ Փանոսյանին կալանավորելու որոշում էր կայացվել, սակայն ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը՝ դատավոր Սերգեյ Մարաբյանի նախագահությամբ, նոյեմբերի 6-ին որոշել էր կալանքից ազատել Նորայր Փանոսյանին, որը սեպտեմբերի 28-ից գտնվում էր կալանքի տակ:

Ըստ ՔԿ-ի տարածած հաղորդագրության՝ տվյալներ են ձեռք բերվել Հրայր Թովմասյանի՝ ՀՀ արդարադատության նախարար եղած ժամանակահատվածում, Նորայր Փանոսյանի՝ ՀՀ արդարադատության նախարարության օրինականության վերահսկողության տեսչության պետ եղած ժամանակահատվածում և Երևանի քաղաքապետարանի այլ պաշտոնատար անձանց կողմից իրենց պաշտոնեական լիազորությունները չարաշահելու դեպքերի վերաբերյալ, տեղեկացնում է Tert.am-ը: