Երուսաղեմի հայոց պատրիարքը կոչ է արել Նեթանյահուին դադարեցնել զենքի վաճառքը Ադրբեջանին

Երուսաղեմի հայոց պատրիարք Նուրհան արքեպիսկոպոս Մանուկյանը նամակ է հղել Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուին՝ Ադրբեջանին զենք վաճառելը դադարեցնելու կոչով:

«Ցավալի է ձեզ գրել Լեռնային Ղարաբաղի խաղաղ հայ բնակչության նկատմամբ Ադրբեջանի ագրեսիվ քաղաքականությանը աջակցելու գործում Իսրայելի ներգրավվածության մասին:

Պարոն վարչապետ, Լեռնային Ղարաբաղը պատմականորեն Հայաստանի մի մասն է եղել մինչև այն օրը, երբ Ստալինը որոշեց այն, Հայաստանի ևս մեկ շրջանի՝ Նախիջևանի հետ միասին, հանձնել Խորհրդային Ադրբեջանին: Սակայն մենք հասկանում ենք, որ Իսրայելը բարեկամական հարաբերություններ ունի Ադրբեջանի հետ, բայց ոչ այնքանով, որքանով նա ագրեսորին ժամանակակից ռազմական տեխնիկա է մատակարարում, որպեսզի էլ ավելի դրդի Ադրբեջանին խախտելու փխրուն խաղաղությունը:

Բայց տարածաշրջանում պատերազմ հրահրելու Ադրբեջանի ռազմական գործողությունները, անկասկած, վկայում են այն մասին, որ Իսրայելը դեմ է խաղաղության հաջող գործընթացին: Բացի այդ, Իսրայելի ներկայիս դիրքը հեգնանքով ցույց է տալիս, որ Իսրայելը անբարենպաստ վերաբերմունք ունի Հայաստանի և 20-րդ դարի առաջին ցեղասպանությունը վերապրած հայ ժողովրդի հանդեպ:

Կարիք չկա հիշեցնել ձեզ, պարոն վարչապետ, ձեր ժողովրդի տառապանքները ցեղասպանության համակարգված ծրագրերի և ջարդերի պատճառով: Այսօր Թուրքիան և Ադրբեջանը ցանկանում են ջնջել հայերին իրենց հայրենիքից, և, ցավոք, ձեր երկիրն ակտիվորեն օգնում է նրանց՝ իրենց ընդհանուր նպատակին հասնելու հարցում:

Հրեաները պնդում են, որ իրենք գոյության իրավունք ունեն, բայց ձեր երկիրն ակտիվորեն մերժում է հայերի օրինական գոյության իրավունքը՝ աջակցելով Ադրբեջանին:

Ակնհայտ է, որ Աստծո ընտրյալ ժողովուրդը չարամիտ է վարվում: Ո՞րն է այս դրվագի բարոյականությունը: Մարդկանց տնտեսական կամ սոցիալական օգուտները պետք է գերակայե՞ն խղճին, մարդկային վերաբերմունքին և արդար դատողությանը:

Ուստի մենք խնդրում ենք ձեզ՝ որպես խաղաղության ձգտող բանիմաց քաղաքական գործիչ, ձեր փորձով օգնելու խաղաղություն հաստատել Ադրբեջանի և Լեռնային Ղարաբաղի միջև, այլ ոչ թե հետագա պատերազմ և թշնամանք հրահրել այս երկու երկրների միջև: Թող ձեր խիղճը լինի ձեր դատավորը: Մենք վստահ ենք, որ ազնիվ և անկեղծ գործողությունները կարդարացնեն մեր սպասելիքները»:

Նամակի պատճեններն ուղարկվել են պաշտպանության նախարարին, արտաքին գործերի նախարարին և Կնեսետի նախագահին, տեղեկացնում է News.am։

Նշենք, որ ավելի վաղ Նուրհան արքեպիսկոպոս Մանուկյանը նման կոչով նամակ էր հղել Իսրայելի նախագահին: