ԴԱՍԱԼԻՔԻ ՈՒՂԵՂ

«Իմ քայլի» պատգամավոր Քրիստինե Պողոսյանը նեղացել է։ Խռովել է Իսրայելից։ Եվ որոշել է այլևս չաշխատել հայ-իսրայելական բարեկամության խորհրդարանական խմբում։ Դե ինչ, դեռ լավ է, որ այդ խմբում ընդգրկված են երկու տասնյակից ավելի պատգամավորներ։ Հույս ունենք, որ նրանք այնպես չեն մտածում, ինչպես իրենց գործընկեր Քրիստինե Պողոսյանը։

Վերջինս, նշենք, ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է ՀՀ քաղաքացիներին, որ հրաժարվում է Հայաստան-Իսրայել պատգամավորական բարեկամության խմբին անդամակցելուց: «Հաշվի առնելով Արցախի նկատմամբ Ադրբեջանի կողմից սկսած տեռորիստական պատերազմը, և Իսրայելի կողմից մեր հակառակորդին պարբերաբար զենք և զինամթերքի վաճառքն ու մատակարարումը, ինչպես նաև այդ երկրի իշխանությունների անգործությունը, այլևս նպատակահարմար չեմ համարում իմ համագոծակցությունը այդ երկրի պառլամենտի հետ։ Կեցցե՛ Արցախը։ Կեցցե՛ հայոց հզոր բանակը»,- գրել է Քրիստինե Պողոսյանը։ Եվ ախր գտնվեցին նրա ընկերների մեջ այնպիսիք, որոնք ոչ միայն աջակցեցին, այլև նախատեցին մյուս պատգամավորներին, որ չեն հետևում Պողոսյանի օրինակին... Իրավիճակը ստիպում է առայժմ սահմանափակվել բազմակետով։

...Վաղը ԱԺ հերթական նիստից անմիջապես հետո մեկնարկում է արտահերթը՝ ռազմական բյուջեն ավելացնելու հարցով, որի ընթացքում, վստահ ենք, կրկին կհնչեն ուռա-հայրենասիրական ճառեր: Դրանք գրոշ անգամ չարժեն, եթե պատգամավորը հրաժարվում է «առաջնագծում» իր բաժին աշխատանքից։ Պետք չէ խորհրդարանի ամբիոնից կոչ անել գերագույն գլխավոր հրամանատարին, որ ճակատ մեկնելու հրաման տա պատգամավորներին։ Ճակատային գիծը խորհրդարանականների համար միշտ, իսկ այսօր առավելևս անցնում է բարեկամության խմբերի, միջխորհրդարանական հանձնաժողովների, միջազգային խորհրդարանական կազմակերպությունների բոլոր ուղղություններով: Մի՞թե այս ամենը պետք է բացատրել ժողովրդի ծառային։ Եթե այո, ապա նա, մեղմ ասած, այնքան էլ չի հասկանում, թե որտեղ է հայտնվել և ինչի համար։ Թեպետ, նրա դեպքում դա պարզ էր հենց սկզբից։ Բայց այստեղ ներկայումս դրա մասին խոսելու ժամանակն ու տեղը չէ... Ուստի կրկին սահմանափակվենք բազմակետով։

Սակայն հարցնենք տիկին Պողոսյանին. այդ ինչո՞ւ որպես հակազդեցություն «Իսրայելի իշխանությունների անգործությանը» պատգամավոր Պողոսյանն ընտրեց... անգործությունը, և ուրիշ ո՞վ պիտի, մի հարցնող լինի, գործելու դրդի «Իսրայելի անգործության մատնված իշխանություններին», ընդ որում՝ գործելու հօգուտ Հայաստանի և Արցախի, եթե ոչ պատգամավորը, այդ թվում՝ բարեկամության խմբից։ Ինչո՞ւ ՀՀ ԱԺ պատգամավորի պատասխանը «Իսրայելի կողմից մեր հակառակորդին պարբերաբար զենք և զինամթերք վաճառելուն ու մատակարարելուն, ինչպես նաև այդ երկրի իշխանությունների անգործությանը» դարձավ հրաժարումն այդ երկրի խորհրդարանի հետ բարեկամություն անելուց, փաստացի՝ հրաժարումն աշխատելուց։

Նշենք, որ Պողոսյանն ընդգրկված է խորհրդարանական բարեկամության մի շարք խմբերում, այդ թվում՝ ԱՄՆ-ի, Սիրիայի, Վրաստանի հետ...Բացի այդ՝ Ռուսաստանի Դաշնային ժողովի հետ համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովում: Ու նաև ՀԱՊԿ ԽԱ-ում։ Սա նշում ենք այնպես, իմիջիայլոց. մեկ էլ տեսար՝ նա որոշեց նեղանալ նաև այդ ճակատներում

Բարեբախտաբար, Պողոսյանի դիրքորոշմանը համամիտ չեն խորհրդարանի իր գործընկերները, որոնք այսօր ակտիվորեն աշխատում են բոլոր ուղղություններով՝ վստահ լինելով, որ անհրաժեշտ է եռանդուն ու անդադար աշխատել անխտիր բոլոր խորհրդարանական հարթակներում։ Այդ թվում՝ ակտիվ կապ պահպանել խորհրդարանական բարեկամության խմբերում, որպեսզի ձեռք բերվեն Ադրբեջանին և Թուրքիային դատապարտող հայտարարություններ, որոնք կարձանագրեն ոչ միայն վերջինիս միջամտությունը հակամարտությանն ու վարձկան-ահաբեկիչների ներգրավումը, այլև Ադրբեջանի և Թուրքիայի ցեղասպան մտադրությունները։ Մի խոսքով, աշխատանքն ընթանում է բոլոր ճակատներում, և այսօր նեղանալն ու այս կամ այն հարթակում աշխատելու աննպատակահարմարության մասին խոսելը հավասարազոր է դասալքության։