Բաշար ալ-Ասադը Էրդողանին Ղարաբաղում հակամարտության սրման գլխավոր նախաձեռնող է անվանել

Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադը «ՌԻԱ Նովոստի»-ին տված հարցազրույցում ասել է, որ Թուրքիայի առաջնորդ Թայիփ Էրդողանը Լեռնային Ղարաբաղում հակամարտության նոր էսկալացիայի գլխավոր նախաձեռնողն է:

«Նա աջակցում է ահաբեկիչներին Լիբիայում, նա Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի և Հայաստանի միջև վերջերս սկսված հակամարտության գլխավոր հրահրողն ու նախաձեռնողն էր»,- ասել է Ասադը:

Ինչպես ավելի վաղ «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել էին աղբյուրները սիրիական ընդդիմությունում, Թուրքիայի տարածքով տեղափոխման է պատրաստվում Սիրիայից զինյալների երրորդ խմբաքանակը` Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողություններին մասնակցելու համար, ևս երկու խումբ արդեն տեղում է:

Բացի այդ, ավելի վաղ ՌԴ ԱԳՆ-ն հայտարարել էր, որ Մոսկվան անհանգստացած է Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտի ապօրինի զինված կազմավորումների զինյալների տեղափոխման մասին հաղորդումների կապակցությամբ: Ռուսական կողմից ստացած տեղեկատվության համաձայն` մասնավորապես Սիրիայից և Լիբիայից ապօրինի զինված խմբավորումներ են տեղափոխվում այնտեղ` ռազմական գործողություններին անմիջական մասնակցության համար:

Սիրիայի առաջնորդի խոսքով` Թուրքիան Սիրիայում տարբեր երկրներից ահաբեկիչների է օգտագործել, Լիբիայում նույն մեթոդներն է կիրառել:

«Այնպես որ, այն փաստը, որ նա նույն մեթոդներն է օգտագործում Լեռնային Ղարաբաղում, ապացույց չի պահանջում, դա շատ հավանական է, քանի որ, ինչպես ես արդեն ասացի, հենց Թուրքիան է այդ խնդրին հանգեցրել, սկսել է այս հակամարտությունը. Նա խրախուսել է այն: Թուրքիան ցանկանում էր ինչ-որ բանի հասնել և պատրաստվում է օգտագործել նույն մեթոդները: Եվ մենք կարող ենք վստահորեն ասել, որ այն ահաբեկիների է օգտագործում Սիրիայից և այլ երկրներից Լեռնային Ղարաբաղում»,- ասել է Ասադը, տեղեկացնում է News.am: