ԱՇԽԱՐՀԸ ՊԵՏՔ Է ԴԵՄՔՈՎ ՃԱՆԱՉԻ ՀԱՆՑԱԳՈՐԾԻՆ
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը համամիտ չէ այն պնդմանը, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը ռազմական լուծում չունի, հաղորդում է INTERFAX.RU գործակալությունը։
«Ես շատ եմ լսել, որ հակամարտությունը ռազմական լուծում չունի։ Նախ՝ համամիտ չեմ դրան։ Երկրորդ՝ եթե ռազմական ճանապարհ չկա, ապա տվեք մեզ ոչ ռազմական ճանապարհ, դիվանագիտական ճանապարհ։ Կատարեք ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևերը»,- ասել է Ալիևը «Ալ-Արաբիա» հեռուստաալիքին տված հարցազրույցում։
Նրա խոսքերով՝ հակամարտության կարգավորման բանակցություններն ընթանում են 1992 թվականից։ «Ի՞նչ դիվանագիտական որոշում է եղել այս 28 տարիների ընթացքում։ Միջնորդները կամ միջազգային այլ կազմակերպությունները մեզ ներկայացրե՞լ են կարգավորման քաղաքական ուղի։ Ոչ։ Նրանք սառեցրել են այս հակամարտությունը։ Սակայն այն սառեցված չէ։ Ինչքա՞ն պետք է համբերենք: Եվս 30 տարի՞։ (...) Եթե միջազգային հանրությունը չի կարողանում ապահովել միջազգային բանաձևերի կատարումը, Ադրբեջանն ինքը կանի դա, հենց դա էլ տեղի է ունենում հիմա»:
ԲԱՅՑ ԱՆՀՆԱՐ Է ԼՌԵԼ. բացի ամենից՝ նաև այս հայտարարությամբ Բաքուն ընդունում է Արցախի նկատմամբ իր կողմից լայնածավալ ռազմական գործողությունների ձեռնարկման փաստը։ Եթե պատերազմի առաջին օրերին ադրբեջանական կողմը փորձում էր հայկական կողմին մեղադրել ռազմական գործողություններ սադրելու մեջ, խոսում Ադրբեջանի ԶՈՒ հակագրոհի մասին, ապա այսօր արդեն բացահայտ արձանագրում է սեփական նախաձեռնությունը ճակատում հարձակում սկսելու առումով։ Համապատասխանաբար՝ նաև սեփական պատասխանատվությունը տարածաշրջանի ապակայունացման համար։ Եվ դա պետք է հստակ ամրագրված լինի։
Աշխարհը պետք է ստույգ իմանա, թե ով է մեղավոր, որ ինքը (աշխարհը) այսօր կանգնած է համաշխարհային պատերազմի շեմին։ Աշխարհը պետք է ստույգ իմանա, թե հատկապես ով է համագործակցում ահաբեկիչների հետ, ով է գնդակոծում խաղաղ բնակչությանը, ով է օգտագործում արգելված զենքը, ով է, ի վերջո, ռազմական հանցագործը։ Ըստ էության, հիշյալ հարցազրույցում Ալիևը խոստովանական ցուցմունքներ է տալիս։ Բայց դրանք պետք է հասցվեն համապատասխան միջազգային կառույցներին։ Եվ այդ հարցում Երևանից շատ լուրջ քայլեր են պահանջվում։
Այո, Հայաստանն արդեն հայցերով դիմել է ՄԻԵԴ։ Հիշեցնենք, որ դեռևս սեպտեմբերի 27-ին Հայաստանը դիմել էր Մարդու իրավունքների եվրոպական դատարան՝ պահանջելով միջանկյալ միջոցներ կիրառել Ադրբեջանի նկատմամբ, մասնավորապես՝ պարտավորեցնել նրան դադարեցնել քաղաքացիական օբյեկտների ռմբակոծությունները, ձեռնպահ մնալ անխտրական հարձակողական գործողություններից, քաղաքացիներին, քաղաքացիական օբյեկտները և բնակավայրերը որպես թիրախ օգտագործելուց։ Այդ պահանջը ինչ-որ չափով բավարարվեց։ Հոկտեմբերի 4-ին Հայաստանը դիմել է ՄԻԵԴ՝ պահանջելով միջանկյալ միջոց կիրառել Թուրքիայի նկատմամբ (միջանկյալ միջոցները սովորաբար ենթադրում են դատարանի սահմանած արգելանք պատասխանող կողմին՝ կատարելու այնպիսի գործողություններ, որոնք կարող են հանգեցնել դիմող կողմին պատճառվող անդառնալի և միաժամանակ էական վնասի)։
Այդուհանդերձ ակնհայտ է, որ հայկական կողմի այս գործողությունները բավարար չեն։ Եվ Բաքվի ռազմական հանցագործությունների ապացուցման համար դեռ քիչ են Ալիևի ինքնամերկացնող հարցազրույցներն ու հայտարարությունները։ Անհրաժեշտ են իրեղեն և անհերքելի ապացույցներ, որոնք հայկական կողմն ունի լիառատորեն։ Պարզապես դրանք (ապացույցները) պետք է օպերատիվ կերպով հավաքել և գրագիտորեն ու արդյունավետ ներկայացնել: Այ, օրինակ, այնքան էլ հասկանալի չէ, թե ինչու պիտի որևէ մեկը կասկածի տակ առնի, որ հայկական Սու-25 գրոհային ինքնաթիռը Վարդենիսի շրջանում խոցվել է հենց թուրքական F-16-ի կողմից։ Ինչո՞ւ են ընդհանրապես դիտարկում (հակամարտությանը չմասնակցող կողմերը) Ադրբեջանի զառանցալի վարկածը, թե մեր ինքնաթիռը բախվել է սարին։ Ակնհայտ է, որ հայկական կողմը թուրքական կործանիչների կողմից հարձակման անհերքելի ապացույցներ ունի. մեր ինքնաթիռի բեկորները, հարձակված թուրքական կործանիչների թռիչքի արագության ու բարձրության մասին տվյալները։ Այդ փաստերը կարող էին օպերատիվ կերպով ներկայացվել, ասենք, Հայաստանում օտարերկրյա դիվանագիտական առաքելությունների ներկայացուցիչներին...
Թեպետ, վերադառնանք Ալիևին՝ ռազմական հանցագործություն կատարելու, լայնամասշտաբ պատերազմ սանձազերծելու մասին իր խոստովանությամբ։ Տարիներ առաջ Բաքվում ծնվեց ղարաբաղյան հիմնախնդրի «դիվանագիտական» լուծման մի բանաձև. խաղաղություն՝ տարածքների դիմաց։ Այն դրվեց բանակցային գործընթացում Բաքվի դիրքորոշման հիմքում։ Բանաձևն այդ բացարձակ տխմարություն է, քանզի խաղաղությունը սակարկման առարկա դարձնելու փորձերը դժվար թե կարելի է անվանել խնդրի խաղաղ կարգավորում։ Բայց իր անուրջներում Ալիևը տեսնում էր, թե ինչպես են իր սպառնալիքները վախեցնում հայկական կողմին։ Ամեն անգամ, շփման գծում յուրաքանչյուր ահագնացման ժամանակ հայկական կողմը սթափեցնում էր անրջողին, ապացուցում վերոնշյալ բանաձևի սնանկությունն ու ապակառուցողականությունը։
Ըստ էության, ներկայումս էլ Ալիևը համոզվում է դրանում։ Խնդիրը լոկ այն է, որ Ալիևը սակարկում է ողջ աշխարհի հետ, իսկ սթափեցնում են նրան միայն Արցախն ու Հայաստանը։ Ալիևն առ այսօր համարում է, թե հակամարտությունն ունի ռազմական լուծում, բայց միայն Արցախի Պաշտպանության բանակն ու Հայաստանի Զինված ուժերն են կոտրում նրա այդ համոզմունքը՝ խափանելով քաղաքակիրթ աշխարհի հետ գործարք կնքելու հանցագործի փորձերը։