ԵԽԽՎ-ում դատապարտել են Թուրքիայի սադրիչ հռետորաբանությունը
«Ես տխուր եմ և զայրացած մարդկանց ողբերգական մահվան կապակցությամբ` ինչպես քաղաքացիական անձանց, այնպես էլ զինվորականների, Հայաստանի և Ադրբեջանի միջև ռազմական գործողությունների նոր բռնկման հետևանքով: Այս ռազմական գործողություններն արագ լայնամասշտաբ պատերազմի են վերաճում, որը լրջորեն սպառնում է կայունությանը տարածաշրջանում»: Այս մասին հայտարարել է ԵԽԽՎ մոնիտորինգի հանձնաժողովի նախագահ Մայքլ Աաստրուպ Յենսենը (Դանիա):
«Երեկվա նիստին հանձնաժողովը Հայաստանի և Ադրբեջանի խորհրդարանականների ներկայությամբ քննարկել է այս խորը մտահոգիչ իրադարձությունները և երկու երկրներին էլ կոչ է արել լիովին հետևել իրենց պարտավորություններին Եվրոպայի խորհրդի առջև և հետևել Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիային: Այն կողմերին կոչ է արել առանց նախապայմանների անհապաղ հրադադար հաստատել և վերադառնալ բանակցային սեղանի շուրջ` ԵԱՀԿ Մինսկի խմբի հովանու ներքո: Այս հակամարտության խաղաղ կարգավորումն այլընտրանք չունի»,- հավելել է Յենսենը:
«Եվս մեկ անգամ ուզում եմ հիշեցնել, որ, դառնալով Եվրոպայի խորհրդի անդամ, երկու երկրներն էլ պարտավորվել են խաղաղ ճանապարհով լուծել իրենց վեճերը: Այդ պարտավորությունը, որը ստանձնում են բոլոր անդամ պետությունները, նշանակում է նաև, որ անդամ պետությունները պետք է զերծ մնան ցանկացած գործողությունից կամ հայտարարությունից, որը պատերազմող պետություններին դրդում է իրենց վեճերը լուծել ուժի միջոցով: Այս կապակցությամբ կոմիտեի անդամները դատապարտել են Թուրքիայի սադրիչ հռետորաբանությունը, ինչպես նաև հայտնել են հակամարտության մեջ անմիջական մասնակցության մասին և կոչ են արել անհապաղ դադարեցնել այն»,- եզրափակել է նա, տեղեկացնում է News.am-ը: