Հակառակորդը փորձել է առաջանալ, բայց փախել է

Գիշերվա ընթացքում հակառակորդը փորձել է առաջանալ և ամրանալ հարավարևելյան ուղղությամբ (Ջաբրայիլ չհասած), սակայն հայկական զինված ուժերի հրթիռահրետանային դիպուկ կրակով ադրբեջանական ստորաբաժանումները խոցվել են։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը։

«Առավոտյան 06:30-ին՝ հերթական հրթիռահրետանային հարվածից հետո, մարտադաշտում թողնելով ևս 60 զոհ, ինչպես նաև 22 միավոր խոցված, մի քանի տասնյակ սարքին տեխնիկա, հակառակորդի գերհագեցած երեք բրիգադների մնացորդները խուճապահար դիմել են փախուստի։ Տեսագրությունն առկա է»,– Facebook–ի իր էջում գրել է նա։

Ստեփանյանի խոսքով` հայկական ստորաբաժանումների դիպուկ կրակով քիչ առաջ հարավարևելյան ուղղությամբ խոցվել է հակառակորդի վառելիքաքսուքային պահպանման խոշոր բազա։ Նա նշել է, որ շուտով տեսանյութ կհրապարակվի։

Ճակատի տարբեր ուղղություններում ստեղծվել են հնարավորություններ հաջողությունները զարգացնելու համար։