Ալիևը առաջին անգամ զանգել է Պուտինին
Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահներ Վլադիմիր Պուտինն ու Իլհամ Ալիևը քննարկել են Լեռնային Ղարաբաղու տիրող իրադրությունը։ Տեղեկությունը հայտնում է Ադրբեջանի նախագահի մամուլի ծառայությունը:
Ղարաբաղյան հակամարտության գոտում ռազմական ակտիվ գործությունների մեկնարկից ի վեր սա Պուտինի և Ալիևի առաջին խոսակցությունն է։ Մինչ այդ ռուսական կողմը շփում էր ունեցել ԱԳՆ-ի մակարդակով։ Ինչպես ավելի վաղ հայտնել էր ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, արտգործնախարար Լավրովը մշտական կապի մեջ է թե՛ Ադրբեջանի, թե՛ Թուրքիայի գործընկերների հետ:
Ալիևը զանգել է Պուտինին ծննդյան օրվա առթիվ շնորհավորելու համար։ Այդ ֆոնին երկու երկրների ղեկավարները քննարկել են Ղարաբաղյան հակամարտության հետ կապված իրավիճակը։
«Ռոսիա 24» հեռուստաալիքին տված հարցազրույցում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտնել է, որ մշտական կապի մեջ է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։ Ղարաբաղա–ադրբեջանական սահմանագոտում իրադրության սրացումից ի վեր նրանք արդեն 4 անգամ խոսել են հեռախոսով, տեղեկացնում է Sputnik Armenia-ն։