ՆՈՐ ՊԱՏԵՐԱԶՄ՝ ՆՈՐ ՏԱՐԱԾՔՆԵ՛Ր

Ալիևը փորձում է ոչնչացնել ադրբեջանական բանակը

Ինչո՞ւ է Ալիևը ջանում բոլոր միջոցներով ոչնչացնել ադրբեջանական բանակը։ Թեպետ, ի՞նչ բանակի մասին է խոսքը, երբ սպանված զինվորների գրպաններում հայտնաբերվում են թմրանյութերի ներարկիչներ և հոգեներգործուն նյութեր։ Դա արդեն բանակ չէ։ Բանակը չի հարվածում դպրոցներին ու մանկապարտեզներին: Այսպես վարվում են ռազմական հանցագործներն ու վարձկան-ահաբեկիչները։

Ռազմական գործի մասնագետները կռահումներ են հրապարակում այն մասին, որ Իլհամ Հեյդարիչը լիարժեք հաշիվ չի տալիս իրեն, թե ինչ է կատարվում: Իրավիճակը կառավարում են ադրբեջանական շտաբներում նստած թուրք գեներալները։ Մատաղիսի մտացածին զավթման կապակցությամբ տոնակատարությունները Բաքվում շարունակվում էին նույնիսկ այն բանից հետո, երբ հայկական կողմը տարածեց Մատաղիսի շրջակայքից ադրբեջանցի զինվորների խուճապահար փախուստը պատկերող կադրերը։ Այդ նույն ժամանակ Մեհրիբան Փաշաևան և Իլհամ Հեյդարիչը խոսում էին «ազատագրված» Մատաղիս այցելելու պատրաստակամության մասին։ Միջազգային հանրությունը մատը պտտեցրեց քունքի մոտ, հետո այդ ժեստը կրկնեցին ռազմական փորձագետները, տեսնելով Ալիևի խորհրդականի տարածած լուսանկարը, որտեղ պատկերված էր իբր Մինգեչաուրի ասֆալտի մեջ մխրճված հրթիռ, ընդ որում ասֆալտին կոկիկ փոսիկ է գոյացել և ոչ մի ճաք։

Ի տարբերություն Ալիևի խորհրդականի, ողջ աշխարհի ռազմական փորձագետները գիտեն, որ եթե Մինգեչաուրին հրթիռային հարվածեր հասցվեին, ապա դա առնվազն աղետի կհանգեցներ Կուր գետի հայտնի ջրամբարում (Ադրբեջանի հյուսիս-արևմուտք): Այդ տեղանքին հարվածելու համար այլ նշանակետ չկա ի սկզբանե։ Հարվածելով ջրամբարին՝ հայոց զինված ուժերը կարող են խավարի մեջ ընկղմել ողջ Ադրբեջանը (ՋԷԿ-ը բաղկացած է 2600 մեգավատ ընդհանուր հզորությամբ 8 էներգաբլոկներից) և կաթվածահար անել հակառակորդի բանակը, ընդ որում ջրասույզ անելով Կուրի և Արաքսի միջև ընկած հարթավայրը…

Ադրբեջանական աղբյուրների ապատեղեկատվությանը ոչ ոք չի հավատում, հակառակորդն արդեն պարտվել է տեղեկատվական պատերազմում, հայկական կողմը խոսում է միայն փաստերով ու ապացույցներով: Մի՞թե բացառիկ երևույթ չէ, երբ ադրբեջանական բնակչությունը հազարներով լքում է քաղաքները Արցախի Հանրապետության ղեկավարության կոչով, իսկ հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը շնորհակալություն է հայտնում այդ քաղաքացիներին՝ իր կոչերին արձագանքելու համար։ Ալիևը թքած ունի խաղաղ բնակչության վրա, այդ իսկ պատճառով ծանր զինտեխնիկան տեղակայված է Ադրբեջանի խիտ բնակեցված շրջաններում, ինչը հայկական զինված ուժերի թիրախն է դարձնում մոտակա բնակավայրերը։

Բոլորն արդեն հասկացել են, որ բլիցկրիգի խայտառակ ձախողումից հետո Ալիևին գոնե ինչ-որ հաղթանակ էր պետք։ Թեկուզ ամենափոքր, որպեսզի ոգևորի բնակչությանը։ Մինչդեռ Հայաստանում հավատարմագրված դեսպանությունները հոկտեմբերի 4-ին իրենց երկրների ղեկավարներին շտապ տեղեկատվություն փոխանցեցին ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանի շուրթերից: Նա հայտարարեց, որ զինված ուժերի կառավարման հանձնումը թուրքերին հանգեցրել է նրան, որ Ադրբեջանի նախագահը գտնվում է տեղեկատվական բացարձակ բլոկադայի մեջ։ Նրան չեն տեղեկացնում ռազմաճակատի հյուսիսային և հարավային ուղղություններում տիրող իրավիճակի մասին։ Ալիևին մշտապես ապատեղեկացնում են զեկույցներով, թե իրավիճակն իբր Ադրբեջանի օգտին է դասավորվում։

Դա արվում է այն ժամանակ, երբ երկիրն արդեն կորցրել է տանկերի 25%-ը և ողջ ռազմական տեխնիկայի 43%-ը, չենք խոսում արդեն զոհված զինծառայողների աննախադեպ թվի մասին։ Մասնագետների հաշվարկներով՝ սպառազինության կորուստներն արդեն գերազանցել են 2 մլրդ դոլարի նշագիծը։ Ալիևը խելագար է, նորմալ մարդը չի կարող ամեն օր հազարավոր մարդկանց քշել մեռնելու և ոգևորել բնակչությանը ինչ-որ գյուղերի գրավման մասին կեղծ տեղեկություններով։

Անհրաժեշտ է Ցեղասպանության չկրկնման երաշխիք

Մինչ Ալիևը տեղեկատվական շրջափակման մեջ է, ադրբեջանական բանակը հոգեվարք է ապրում, արդեն չեն օգնում ո՛չ թուրք հրահանգիչները, ո՛չ էլ գերժամանակակից զենքը։ Այդ բանակը 10 օրում խայտառակեց իրեն աշխարհով մեկ:

ՌԱԶՄԱԿԱՆ ԳՈՐԾԻ ՄԱՍՆԱԳԵՏՆԵՐԸ ՏԱՐԱԿՈՒՍԱՆՔԻ ՄԵՋ ԵՆ։ Այդ ինչպե՞ս է հնարավոր «հաջողացնել» գերժամանակակից սպառազինության առկայությամբ, թվաքանակով ու զինահագությամբ ՆԱՏՕ-ի երկրորդ բանակի մասնագետների աջակցությամբ, Մերձավոր Արևելքից վարձկան-ահաբեկիչների բանակի մասնակցությամբ, Իսրայելից և Թուրքիայից սպառազինության ամենօրյա մատակարարմամբ հանդերձ չկարողանալ նույնիսկ մի փոքր ճեղքել Արցախի Հանրապետության պաշտպանությունը։ Ի դեպ, Իսրայելից հետ կանչված Հայաստանի դեսպանն օրերս հայտարարեց այդ երկրից զենքի մատակարարումների հնարավոր դադարեցման մասին, Կանադայից նույնպես հաղորդագրություն ստացվեց Թուրքիային զենքի մատակարարումը դադարեցնելու վերաբերյալ: Թուրքիան շատ ագրեսիվ արձագանքեց…

Ավելի քան 10 օրվա ընթացքում Ալիևի բանակն առաջ չի շարժվել ոչ մի միլիմետր։ Դա կատարյալ ձախողում է. էլի մի քիչ, և իրավիճակը կպայթի ներսից։ ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը ծայրաստիճան հակիրճ նախանշել է հայկական զինված ուժերի խնդիրը մեզ պարտադրված պատերազմի պայմաններում. «Նոր պատերազմ՝ նոր տարածքներ»։ Բանը դրան է գնում, հակահարձակումը սարերի հետևում չէ։ Հայկական զինված ուժերը լեգիտիմ իրավունք ունեն փոխադրելու ռազմական գործողությունները Ադրբեջանի տարածք։ Հայկական պետություններին անհրաժեշտ է Հայոց ցեղասպանության չկրկնման բացարձակ երաշխիք XXI դարում: Աշխարհն արդեն ցույց է տվել, որ նման երաշխիք մեզ համար կարող ենք ապահովել միայն ինքներս և ոչ այլ ոք։ 105 տարվա ընթացքում հայերը հասկացել են, որ անգլիական նավերը երբեք չեն կարողանա բարձրանալ հայկական լեռները…

Ռազմական գործողությունների ինտենսիվությունը ծայրահեղ է։ Մասնագետները համարում են, որ նման շիկացումը չի կարող երկար ձգվել։ Մարտավարական խնդիրները վերանայելու և հստակեցնելու համար դադար է պետք. սակայն խոսքն այն մասին է, թե ինչպես պետք է լինի, բայց ոչ ոք այսօր չի կարող կանխատեսել պատերազմի հետագա ընթացքը։ Հայաստանը չի կարողանում տեղից շարժել համաշխարհային հանրությանը, որն անխռով հանգստությամբ նայում է խաղաղ բնակչության դեմ արգելված զինատեսակների կիրառման վերաբերյալ Ժնևյան կոնվենցիայի խախտման բոլոր ապացույցներին։ Հոկտեմբերի 4-ին Ստեփանակերտի գնդակոծությունը, որի հետևանքով զոհվել է 21 և վիրավորվել տարբեր տարիքային խմբերի 82 խաղաղ բնակիչ, այլ կերպ, քան բարբարոսություն, չես անվանի։

Ինչի՞ մասին են խոսել Պուտինն ու Փաշինյանը

«Սմերչը», «Գրադը», «Պոլոնեզը», «Ուրագանը» ամեն օր հարվածում են քաղաքացիական օբյեկտներին։ Դա տեղի է ունենում սեպտեմբերի 27-ից ի վեր, իսկ աշխարհը դեռ սպասում է։ Ինչի՞ն է սպասում։ Թե երբ ադրբեջանական բանակին կհաջողվի ճեղքել պաշտպանական գի՞ծը։ Ե՞րբ է Ռուսաստանը վերանայելու Հայաստանի և Ադրբեջանի միջև ընտրություն չկատարելու իր ռազմավարությունը, իսկ Ռուսաստանի գլխավոր շտաբը՝ հասկանալու, որ թուրքական խալիֆությունն արդեն իրականություն է: Ե՞րբ է ՀՀ վարչապետը օգնության համար դիմելու ՀԱՊԿ-ին։

Հետաքրքիր երեվույթ է. կառավարության տնից և վարչապետի շրջապատից, ինչպես հայտնի է, արտահոսում է այն ամենը, ինչն ունի հոսունության թեկուզ նվազագույն հատկություն, այդ թվում՝ ամենագաղտնի տեղեկատվությունը։ Այդուհանդերձ մեր բոլոր փորձերը՝ իմանալու, թե ինչ նպատակով է Փաշինյանը 4 անգամ զանգահարել Պուտինին, հաջողությամբ չպսակվեցին։ Մեր իրազեկ աղբյուրները ցուցաբերեցին բացարձակ անտեղյակություն, այդ թվում՝ օրերս տեղի ունեցած վերջին խոսակցության վերաբերյալ։ Հայտնի է միայն, որ Պուտինը կողմ է արտահայտվել հրադադարի անհրաժեշտությանն ու բանակցությունների մեկնարկին։ Այդ գաղտնիությունը մտահոգում է նաև խորհրդարանական ընդդիմությանը։ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը կարծիք հայտնեց, որ վարչապետը պարտավոր է տեղեկացնել խորհրդարանական ուժերին այդ խոսակցությունների բովանդակության մասին:

Այս պատերազմում բոլոր երկրները ցույց տվեցին իրենց իրական դեմքը։ Քաղաքակիրթ եվրոպական հանրությունը ցույց տվեց Թուրքիա և Ադրբեջան ցեղասպան պետություններին միջազգային իրավունքի նորմերի պահպանման պարտադրելու խայտառակ անկարողություն։ ԱՄՆ-ը, որն իրեն հռչակել է համաշխարհային ահաբեկչության դեմ մարտիկների առաջին շարքում, մեկ բառով անգամ չակնարկեց Թուրքիայի և Ադրբեջանի դեմ պատժամիջոցներ կիրառելու մասին: Պատժամիջոցների ու տնտեսական շրջափակման ճնշման տակ լռում է Իրանը, լռում է Չինաստանը՝ շատ լավ հասկանալով, որ Ապշերոնի թերակղզիով Թուրքիայի ախորժակը չի սահմանափակվի…

Ոմանք կարծում են, թե երկրները չեն ցանկանում միջամտել արցախյան մսաղացին, քանի որ շատ խելացի են։ Ամենևի՛ն։ Այստեղ խոսքը տիեզերական մասշտաբների թեթևամտության և համաշխարհային մակարդակի սպառնալիքի նկատմամբ մակերեսային վերաբերմունքի մասին է։ ԻԼԻՊ-ը սպառնում էր ի լուր աշխարհի, որ շուտով թակելու է Վատիկանի դարպասները։ Եթե հանցավոր տանդեմին հաջողվի ծնկի բերել այն ժողովրդին, որն աշխարհում առաջինն է ընդունել քրիստոնեությունը որպես պետական կրոն, ապա Վատիկանի դարպասներն իսկապես սպառնալիքի տակ կհայտնվեն։ Թուրքիան խաղ է տանում հակամարտության մասշտաբների ընդլայնման ուղղությամբ, Էրդողանին դուր է գալիս անպատժելիությունը, իսկ անպատժելիությունը, ինչպես հայտնի է, ծնում է նոր հանցագործություններ։ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգի այցը Անկարա ցույց տվեց, որ Էրդողանի ձեռքերն անկաշկանդ են

Հայաստանը շարունակում է հենվել իր անվտանգության 3 գլխավոր բաղադրիչների վրա. Ռուսաստանի հետ ռազմավարական համագործակցության, ՀԱՊԿ-ի և Իրանի հետ համագործակցության։ Իհարկե, ռազմաճակատի գծում իրադարձությունների թեժ պահին գերակայությունները փոխելու ժամանակը չէ, բայց այս ռազմարշավն արդեն բազմաթիվ հարցեր է ծնել։ Չնայած այդ հարցերի հիմնավորվածությանը, չի կարելի է քանդել անվտանգության գործող համակարգը, նույնիսկ եթե այն տեղ-տեղ խափանումներ է ունենում. դա խիստ վտանգավոր է, և նման խոսակցությունները ԶԼՄ-ներում պետք է կանխել անհապաղ, չէ ՞ որ սա դեռ բնավ վերջը չէ այն պատմության, թե ինչպես էին կիսում Հարավային Կովկասը XXI-րդ դարում։

Основная тема:
Теги: