Արցախի հրետակոծված շենքերի բնակիչները պետական փոխհատուցում կստանան

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանն այսօր հրավիրել է ընդլայնված աշխատանքային խորհրդակցություն՝ պատերազմական իրավիճակում պետական կառավարման մարմինների աշխատանքների կազմակերպման թեմայով: Տեղեկությունը հայտնում են ԱՀ նախագահի աշխատակազմից։

Արայիկ Հարությունյանը շեշտել է, որ Ադրբեջանի հրետակոծությունից կրած վնասների հաշվարկի համար առաջիկայում կստեղծվի վնասների գնահատման հանձնաժողով։ Նախագահը վստահեցրել է, որ հանձնաժողովի ներկայացրած գնահատականներով, ռազմական գործողությունների ավարտից հետո, հրետակոծությունից վնասված շենք–շինույւնների վերականգնման համար կտրվի պետական փոխհատուցում:

Երկրի ղեկավարը նշել է, որ Ադրբեջանի կողմից սանձազերծած պատերազմի հետևանքով տարածքային և պետական կառավարման տարբեր ոլորտներում առկա խնդիրներին օպերատիվ լուծումներ տալու համար անհրաժեշտ է սերտացնել փոխգործակցված աշխատանքը:

Հարությունյանն ուշադրություն է հրավիրել պատերազմական իրավիճակում տնտեսությունում ծառայությունների մատուցման սահմանափակ հնարավորությունների և պետական և բարեգործական ռեսուրսներով խաղաղ բնակչության խնդիրների լուծման առաջնահերթության ապահովման վրա: