Դպրոցից հիվանդության պատճառով բացակայած աշակերտների համար բացակայությունների թիվը զրոյացվի

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը քիչ առաջ տեղեկացրեց, որ լավ լուր ունի այս օրերին դպրոցից հիվանդության պատճառով բացակայած աշակերտների համար։

«Այս օրերին և վերջին շաբաթներին անընդհատ տարբեր լրատվամիջոցներով խոսվում է այն մասին, որ համաճարակաբանական ֆոնը բարձր է, պետք է դադարեցնել դասերը։ Մենք մշտապես կապի մեջ ենք առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի հետ, և դասերը դադարեցնելու առիթ և պատճառ չենք ունեցել, համենայն դեպս որոշակի կայունացում հիմա կա», – ասաց նախարարը Facebook–յան էջում ուղիղ եթերի ժամանակ։

Հիշեցնելով, որ գործող կարգի համաձայն` 120 ժամ բացակայությունից ավել ունենալու դեպքում աշակերտը պետք է վերաքննություն հանձնի ` նախարարը նշեց. «Քանի որ վախենում են այդ վերաքննությունից կամ չեն ուզում այդ վերաքննությունը տալ, լինում են դեպքեր, երբ հիվանդ վիճակում աշակերտը գալիս է դպրոց և վարակում մյուսներին»։

«Նախարարի (առողջապահության, խմբգր.) հետ քննարկումից հետո ես այսօր շրջաբերական եմ ուղարկել այն մասին, որ հունվարի 8–ից մինչև փետրվարի 14–ը, վեցօրյա դպրոցների դեպքում մինչև փետրվարի 15–ն ընկած ժամանակահատվածում բացակայությունների թիվը զրոյացվի։ Այսինքն մայիսին, երբ հաշվելու լինեն բացակայությունների ընդհանուր թիվը, հաշվի չառնեն այս բացակայությունները», – նշեց նախարարը։

Նրա խոսքով, սա թույլ կտա հիվանդ երեխաներին հանգիստ կազդուրվել` չմտածելով բացակայությունների մասին։

Նախարարը նաև հայտնեց, որ փետրվարի 17–ից մինչև մարտի 10–ն ընկած ժամանակահատվածում բացակայությունները կհամարվեն հարգելի, եթե լինի բժշկի տեղեկանք։ Նա նաև ավելացրեց, որ Առողջապահության նախարարության հետ պայմանավորվել են, որպեսզի նրանք խիստ հետևեն, որ կեղծ տեղեկանքներ չտրվեն։

«Դպրոցները փակելու, դասերը հետաձգելու որևէ առիթ չկա։ Պարզապես մենք հիմա հնարավորություն ենք ստեղծում այն երեխաների համար, որոնք ՍՇՎի պատճառով բացակայել են, որպեսզի նրանց բացակայությունները համարվեն հարգելի», – ասաց Հարությունյանը, տեղեկացնում է Newsarmenia.am-ը: