Համառ մարտեր են ընթանում
Այսօր առավոտվանից Ադրբեջանի զինված ուժերը նորից վերսկսել են հարձակողական գործողություններն ինչպես հյուսիսում, այնպես էլ հարավային ուղղությամբ։ Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 8-ին, հրավիրված ասուլիսի ժամանակ հայտնեց ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը։
«Հարավային ուղղությամբ ավելի մեծ ուժերով և ավելի սաստիկ հարձակում են նախաձեռնել։ Հայկական Զինված ուժերը պատասխան կրակով ոչնչացրել են զգալի թվով կենդանի ուժ, զրահատեխնիկա և այլ միջոցներ՝ հակառակորդի հետ շպրտելով ելման բնագծերը։ Նման մանր փորձեր կատարվել են նաև այլ ուղղություններում։ Այս պահին համառ մարտեր են ընթանում հատկապես հարավային ուղղությամբ»,- ասաց Հովհաննիսյանը։
Նա նշեց, որ այսօր և անցնող ողջ գիշերը, որին ականատես է եղել նաև ինքը, ադրբեջանական զինված ուժերը հրթիռակոծել են Արցախի տարբեր բնակավայրերը, մասնավորապես, Ստեփանակերտը, Շուշին և այլ քաղաքներ, տեղեկացնում է News.am-ը։