ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆԸ ՏԵՍՆՈՒՄ Է ՆԱԵՎ ԽԵԼԱԳԱՐԸ

«Լազարևյան ակումբի» հայտարարությունը

Միջազգային «Լազարևյան ակումբը» հանդես է եկել հայտարարությամբ՝ կապված Լեռնային Ղարաբաղում պատերազմի շարունակման հետ։ Հայտարարության տեքստը ներկայացնում ենք ամբողջությամբ

«Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում Ադրբեջանի ագրեսիան շարունակվում է։ Մարդիկ են զոհվում, հարվածի տակ են քաղաքներ ու գյուղեր, որոնք ճակատի գծից հեռու են։ Բոլոր կողմերից հնչող ուշքի գալու, կանգ առնելու, կրակը դադարեցնելու կոչերը բախվում են Թուրքիայի աջակցությամբ ոգեշնչված Ադրբեջանի ղեկավարության կտրուկ մերժմանը։ Ինքնահաստատվելու ձգտմամբ, ցուցադրելու համար, թե «տանտերն ով է», Թուրքիայի նախագահ Էրդողանը իր կրտսեր գործընկեր Բաքվից ավելի շուտ մերժեց Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ֆրանսիայի ղեկավարների համատեղ հայտարարությունը պատերազմի դադարեցման և բանակցություններին անցնելու մասին։

Միջազգային ռուս-հայկական «Լազարևյան ակումբը», որը ռազմական գործողությունները սկսվելուց հետո հաջորդ օրը իրադարձությանը տվել է իր գնահատականը («Տեղի ունեցողը հանցագործություն է» 29 սեպտեմբերի 2020 թ.), արդեն ուշադրություն է դարձրել ծխե վարագույրին, որն ուղեկցում է Ադրբեջանի, այսպես կոչված, «հակահարձակմանը»։ Պետք չէ լինել ռուս գրականության դասական կամ պրոֆեսիոնալ զինվորական հասկանալու համար, որ չի կարող «հակահարձակում» լինել՝ առանց «հարձակման» որևէ նշանի։ Զորքերի շփման գծի ամբողջ երկայնքով Ադրբեջանի հարձակումը 1994 թվականից անժամկետ գործող հրադադարի ռեժիմի կոպիտ ու լկտի խախտում է, որում այդ ժամանակ ամենից շատ շահագրգռված էր Ադրբեջանն ինքը։ Նախագահ Ալիևի՝ այդ ստին հարազատ և նախապես անընդունելի պահանջը՝ «օկուպացված Լեռնային Ղարաբաղից զորքերը հանելու» մասին, պատասխանն էր խաղաղ նախաձեռնություններին։ Կարելի է պատկերացնել, թե այդ դեպքում ինչ կպատահեր հայերի հետ, որոնք հազարամյակներով ապրում են այդ «օկուպացված» հողում։ Նրանց հանդեպ իր վերաբերմունքը Իլհամ Ալիևը բավականին համոզիչ ցուցադրեց, երբ բնակարանով, աշխատավարձով և կոչումով պարգևատրեց իր կողմից փրկագնված հանցագործ Ռամիլ Սաֆարովին, որը Հունգարիայում ՆԱՏՕ-ի դասընթացների ժամանակ գազանաբար կացնահարեց քնած հայ սպային։ Եվ շարունակում է համոզիչ ցուցադրել Լեռնային Ղարաբաղում քաղաքացիական օբյեկտների և քաղաքների ռմբակոծություններով։

Մեծ Հոմերոսն «Իլիականում» հաճախ է կրկնում՝ «Իրադարձությունը տեսնում է նաև խելագարը» արտահայտությունը։ Ի՞նչ է պատահել ռուս այն պատգամավորներին, լրագրողներին, փորձագետներին, որոնք Ռուսաստանին խորհուրդ են տալիս «չեզոք մնալ», «պայքարից վեր կանգնել», քանի որ «նրա շահերին ոչինչ չի՞ սպառնում»։ Գուցե ձեզ համար ցավալի չէ, երբ խաղասեղանին է դրված ձեզնից հեռու տարածաշրջանի խաղաղ կյանքը, երբ այսօր արկերը թիրախավորում են Ստեփանակերտի էլեկտրակայանը կամ Շուշիիում Ամենփրկիչ Քրիստոսի եկեղեցին, այլ ոչ թե Մոսկվայում։ Դե իսկ ինչպե՞ս վարվել Կովկասով ԻԼԻՊ-ի գրոհայինների սողոսկման կամ նրա ճակատագիրը տնօրինողի դերում Թուրքիայի պնդման հետ։ Ինչպե՞ս վարվել Գյումրիում ռուսական բազայի շրջափակման հետ, որը դառնում է ամբողջ Հայաստանի շրջափակման պատանդը, արդեն ոչ միայն չճանաչված Արցախի Հանրապետության։

«Լազարևյան ակումբը» հավատում է Հայաստանի առաջ դաշնակցային պարտավորությունները կատարելու մասին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի խոսքին։ Ոչ թե Փաշինյանի առաջ, այլ Հայաստանի առաջ։ Մենք հեռու ենք Ռուսաստանի Դաշնությանը Ղարաբաղում պատերազմի մեջ ներքաշելու, կարգավորման մեջ նրա արբիտրի դերը վնասելու ցանկությունից։ Բայց դա չի նշանակում, որ Ռուսաստանի քաղաքացիական հասարակությունը պետք նմանվի ձեռքերը լվացած Պոնտացի Պիղատոսին։ Մեկ սուտը վնաս է մեզ համար։ Պահանջում ենք կանգնեցնել Թուրքիային և պատերազմը, թույլ չտալ Հայաստանի շրջափակումը և հայ ժողովրդի նոր ցեղասպանությունը։

Ցանկանալով կանխել տարածաշրջանում հումանիտար աղետը՝ միջազգային «Լազարևյան ակումբը» հայտարարում է կամավոր նվիրատվության մասին Մոսկվայում և Երևանում իր տնօրինությունների հաշվեհամարներին՝ Արցախի Հանրապետության բնակչությանն օգնելու համար։ Կոչ ենք անում մասնակցել բոլոր կարեկից մարդկանց, ով որքան կարող է։ Եվ հավաքված միջոցների տնօրինման իրավունքը փոխանցում ենք Լեռնային Ղարաբաղի Հանրապետության (Արցախի Հանրապետության) բոլոր նախագահներից կազմված կոմիտեին՝ Ռոբերտ Քոչարյանին, Արկադին Ղուկասյանին, Բակո Սահակյանին, Արայիկ Հարությունյանին»։

08․10․20թ․

News.am