Վրաստանի եկամուտների ծառայությունը հերքում է Ադրբեջանի կեղծ տեղեկատվությունը
Վրաստանի եկամուտների ծառայությունը պաշտոնապես հերքել է ադրբեջանական լրատվամիջոցի տարածած այն ապատեղեկատվությունը, թե «Կազբեգի» մաքսային անցակետում կանխվել է Հայաստանի ուղղությամբ ռազմական բեռի տեղափոխումը: Այս մասին հայտարարություն է տարածել Վրաստանում ՀՀ դեսպանությունը։
Վրաստանի եկամուտների ծառայության հայտարարությունում, մասնավորապես, ասվում է.
«Դեպի Հայաստան ուղևորվող բեռնատարի մաքսային վերահսկողության ընթացքում որևէ ռազմական նշանակության բեռի հայտնաբերման փաստ չի արձանագրվել։
Այսօր լրատվամիջոցներից մեկը ապատեղեկատվություն է տարածել, իբրև թե, «Կազբեգի» մաքսային անցակետում կանխվել է Հայաստանի ուղղությամբ ռազմական բեռի տեղափոխումը:
Ֆինանսների նախարարության եկամուտների ծառայությունը տեղեկացնում է, որ Ռուսաստանի Դաշնությունից «Կազբեգի» մաքսային անցակետ մուտք է գործել այլ երկրի քաղաքացու կողմից վարած՝ միջազգային բեռնափոխադրումներ իրականացնող բեռնատարը:
Մաքսային ծառայողների կողմից ռիսկի գնահատման և վերլուծության հիման վրա, որոշակի չափանիշներից ելնելով, տվյալ տարանցիկ բեռը ենթարկվել է մաքսային վերահսկողության համապատասխան ընթացակարգերի:
Ընդ որում, հետագա մաքսային վերահսկողության շրջանակներում, ապրանքի փաստաթղթերի, կամերային ստուգման և ապրանքի վիզուալ զննության արդյունքում որևէ ռազմական նշանակության բեռ չի հայտնաբերվել, և, համապատասխանաբար, օրինախախտման դեպք տեղի չի ունեցել:
Նշված փոխադրամիջոցի կողմից Վրաստանի մաքսային սահմանի հատումը հաստատվել է, և այն շարունակել է շարժվել դեպի հաջորդ նպատակակետը», տեղեկացնում է News.am-ը։