Դա չի լինելու. Արցախի նախագահը մերժում է Ադրբեջանի առաջարկը

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանն այսօր ԱՀ մայրաքաղաք Ստեփանակերտում հրավիրած մամուլի ասուլիսի ժամանակ շնորհակալություն հայտնեց ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին Հայաստանի ու Ադրբեջանի միջև հումանիտար հրադադար հաստատելու ջանքերի համար:

Այդուհանդերձ, նրա խոսքով, Արցախի ժողովրդի՝ 1988թ-ից ի վեր բարձրացրած արդարացի պահանջի ու ազատագրական պայքարի դեմ այսօր պայքարում է ոչ միայն Ադրբեջանը, այլև Թուրքիան ու միջազգային տեռորիզմը:

«Տեռորիզմը ներթափանցում է տարածաշրջան՝ Ադրբեջանի՝ ազգային ազատագրական պայքարին հայտարարած քաղաքականության քողի տակ»,- ասաց Հարությունյանը:

Արցախի նախագահը հայտարարեց, որ զինվորական օբյեկտների անվան տակ հակառակորդը շարունակում է հրթիռակոծել Արցախի խաղաղ բնակավայրերը: Նա հիշեցրեց նաև Շուշիի եկեղեցու կրկնակի հրթիռակոծման մասին և շեշտեց, որ դրա շրջակայքում չկա որևէ զինվորական օբյեկտ:

«Արցախում ընթանում է խաղաղ բնակչության բնաջնջման գործընթաց: Այսքանից հետո ակնկալում են Արցախի կողմից ոչ համապատասխան վերաբերմունք, այսինքն՝ համաձայնել իրենց կողմից պարտադրված պահանջներին: Դա չի լինելու, ուզում եմ հայտարարել՝ դա չի լինելու: Արցախն իրականացնում է իր ինքնապաշտպանության իրավունքը և մենք մեր այդ իրավունքի շրջանակներում նաև ՀՀ և հայության անմիջական մասնակցությամբ այն իրականացնելու ենք: Արցախը չի լինելու Ադրբեջանի մաս»,- ասաց նախագահը:

«Եթե առաջիկա օրերին Ադրբեջանը չգնա խաղաղ ճանապարհով բանակցությունների, ապա ես դիմելու են Հայաստանի իշխանություններին և մարդու իրավունքները հարգող երկրների իշխանություններին` ճանաչելու Արցախի Հանրապետության անկախությունը»,-ասաց նա։

Արայիկ Հարությունյանը նաև նշեց, որ հայտարարված հումանիտար հրադադարի խախտումը խոսուն վկայությունն է այն բանի, թե որքանով է Ադրբեջանը հարգում ՌԴ-ի, ԵԱՀԿ ՄԽ-ի համանախագահների, միջազգային հանրության ջանքերը, կոչերն ու հորդորները՝ կրակի դադարեցման ու խնդրի խաղաղ լուծման մասին, տեղեկացնում է Sputnik Armenia: