2020-10-11 12:46
Լրատվական գործակալություններ
Նյու Յորքում և Սան Ֆրանցիսկոյում անցկացվել են բազմահազարանոց ակցիաներ՝ ի աջակցություն Հայաստանի և Արցախի
Նյու Յորքի Բրուքլինի կամրջի և Սան Ֆրանցիսկոյի Ոսկե դարպասներ կամրջի վրա անցկացվել են բազմահազարանոց բողոքի ցույցեր՝ ի աջակցություն Հայաստանի և Արցախի, հաղորդում են ամերիկյան ԶԼՄ-ները:
Ըստ CBS New York-ի հաղորդագրությունների՝ շաբաթ երեկոյան Բրուքլինի կամրջի վրա բողոքի ցույցերի կապակցությամբ դադարեցվել է ճանապարհային երթևեկությունը:
Ամերիկայի հայերը դուրս են եկել Նյու Յորքի փողոցներ՝ դրոշները ձեռքերին: Ակցիայի մասնակիցները եղել են ինչպես ավտոմեքենաների ղեկին, այնպես էլ հետիոտնի կարգավիճակում:
Իր հերթին SFGate-ը հաղորդում է, որ բազմահազարանոց քայլերթ է անցկացվել Սան Ֆրանցիսկոյի Ոսկե դարպասներ կամրջի վրա՝ աջակցելով հայերին:
Նշվում է, որ միջոցառման կազմակերպիչն է Bay Area Armenians կազմակերպությունը, տեղեկացնում է News.am-ը: