Արցախցիները երբեք չեն պատրաստվում լքել հարազատ օջախները
Արցախի Արտակարգ իրավիճակների պետական ծառայության տնօրեն գնդապետ Կարեն Սարգսյանն այսօր Ստեփանակերտ և Շուշի քաղաքներում այցելել է քաղպաշտպանության պլանի համաձայն ապաստարաններում պատսպարված արցախցիներին, ծանոթացել նկուղային պայմաններին, հետաքրքրվել նրանց հուզող խնդիրներով: Այս մասին տեղեկանում ենք Արցախի ԱԻ պետական ծառայության ֆեյսբուքյան էջից։
«Բոլոր այն ապաստարաններում, որտեղ սննդի և այլ անհրաժեշտ պարագաների կարիք կար, տնօրենի հանձնարարությամբ՝ տեղում լուծում է տրվել:
Կարեն Սարգսյանը նաև հետաքրքրվել է բնակիչների բարոյահոգեբանական վիճակով ու նաև պատերազմական այս օրերի տրամադրվածությամբ:
Մեր քաղաքացիները հպարտ են բանակի ու զինվորի հաջողություններով, ցավում են մարդկային զոհերի համար, շնորհակալ են Արցախի փրկարարներին՝ իրենց կանչերին ժամանակին արձագանքելու, սնունդ ու դեղորայք հասցնելու համար:
Արցախցիները երբեք չեն պատրաստվում լքել հարազատ օջախները: Վստահ են, պատերազմն ավարտվի, կյանքը նորից կշարունակվի՝ առօրյա ռիթմով»,- ասված է տարածված հաղորդագրությունում, տեղեկացնում է Panorama.am-ը։