ՀԵՐԹԱԿԱՆ ՀՐԱԺԱՐԱԿԱՆԸ՝ ՈՐՊԵՍ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՑԻՆԻԶՄԻ ՀԱՏԵՎԱՆՔ

Ինչպես հաղորդվեց, ԼՂՀ պաշտպանության նոր նախարար, Արցախի Պաշտպանության բանակի հրամանատար է նշանակվել Ջալալ Հարությունյանը։ Հայաստանում Նիկոլ Փաշինյանի իշխանության գալու պահից ի վեր, այսինքն դեռ երկու տարին էլ չլրացած, սա Արցախի պաշտպանության արդեն երրորդ նախարարն է։ Լևոն Մնացականյանին փոխարինեց Կարեն Աբրահամյանը, իսկ վերջինիս՝ Ջալալ Հարությունյանը։

Կասկածի տակ չառնելով բոլոր երեք գեներալների պրոֆեսիոնալիզմը, նշենք, որ ռազմական գործողությունների վերսկսման մշտական սպառնալիքի տակ գտնվող հանրապետությունում պաշտպանության նախարարների հաճախակի փոփոխման այսպիսի վիճակագրությունն այնուամենայնիվ չի կարող չանհանգստացնել ։

Հիշեցնենք, որ Լևոն Մնացականյանը հեռացվեց քաղաքական նկատառումներով։ Փաշինյանին թվացել էր, թե Մնացականյանը չի կիսում այն ժամանակ տիրող գրեթե համընդհանուր հիացմունքը հայ վարչապետի անձով. Լևոն Մնացականյանը մի քանի հայտարարություններ էր արել, որոնք դուր չէին եկել Փաշինյանին։ Հետևանքը՝ հեռացում։ Ճիշտ է, լավ է, որ ավելի ուշ Մնացականյանի պրոֆեսիոնալիզմը չմնաց չպահանջված։ Սկզբում նա նշանակվեց Լեռնային Ղարաբաղի արտակարգ իրավիճակների նախարար, ապա՝ Ոստիկանության պետ։

Եվ այսպես, Լևոն Մնացականյանին փոխարինեց Կարեն Աբրահամյանը, բայց, ինչպես տեսնում ենք, նա էլ երկար չմնաց պաշտոնում։ Պատճառը հայտնի է։ Հասարակությունը չկարողացավ անտարբեր գտնվել այն հարցում, որ Արցախի պաշտպանության բանակում տարեսկզբից գրանցվել էր ոչ մարտական կորուստների 13 դեպք։

Արցախի Պաշտպանության բանակի նոր հրամանատարը և՛ Հայաստանում, և՛ Արցախում մեծ հարգանք վայելող հայտնի զինվորական է, որին ատում են Ադրբեջանում։ Հաշվարկը կառուցվածէ այն բանի վրա, որ Արցախի պաշտպանության նախարարի պաշտոնում Ջալալ Հարությունյանն առանձնակի խստապահանջ կլինի բանակում կանոնադրական փոխհարաբերությունների պահպանման հարցում և կարգուկանոն կհաստատի այնտեղ, որտեղ դա անհրաժեշտ է։

Բայց եկեք ճիշտը խոսենք։ Արդյոք այդքա՞ն մեծ էր պաշտոնազրկված Կարեն Աբրահամյանի մեղքը։ Թե՞ տվյալ համատեքստում նա պարզապես հերթական մեղավոր սլաքավարն էր։ Չէ՞ որ հայտնի է և հասկանալի, որ բանակը հասարակության հայելին է։ Ինչ տրամադրություններ ու բարքեր որ տիրում են հասարակության մեջ, նույն տրամադրությունները, բարքերն ու պահվածքն էլ տիրում են բանակում։ Եթե պետության մեջ կարգուկանոն է, ապա բանակում էլ այդպես է։ Եթե պետության մեջ բարդակ է տիրում, այսինքն թքած ունեն օրենքի վրա, հարցերը լուծվում են անարխիական մեթոդներով, հասարակությունը քաղաքական հատկանիշով պառակտված է «յուրայինների» և «օտարների», եթե հասարակության մեջ իշխում են դեմագոգիան և պոպուլիզմը, ապա այդ ամենն արտացոլվում է նաև բանակի վրա։ Անխուսափելիորեն։

Բայց եթե սոցիալական ցանցերում կարելի է շփվել բացառապես «յուրայինների» շրջանակում և անհարմարավետության զգացում չունենալ, իսկ առօրյա կյանքում տեսնելով «օտարին» ու բախվելու ցանկություն չունենալով՝ կարելի է պարզապես մայթն անցնել, ապա բանակում զինծառայողն ընտրության այդ հնարավորությունը չունի։ Գումարած զենքը

Այնպես որ, եթե խոսում ենք այն մասին, թե ով է մեղավոր հասարակական կյանքի այդ բացասական միտումների, ստեղծված անհանդուրժողականության մթնոլորտի համար, ապա գլխավոր պատասխանատվությունը կրում է գործող իշխանությունը, որն իր գալու հենց սկզբից ցինիզմ և արհամարհանք ցուցադրեց այլախոհների նկատմամբ և, է՛լ ավելի վատթար՝ ժողովրդավարական հասարակության և իրավական պետության մեջ օրենքի և պահվածքի համընդհանուր նորմերի հանդեպ։ Այդ ամենը շարունակվում է նաև այսօր, արդեն գրեթե երկու տարի անց, թեև թվում է, կարելի էր արդեն այդ ամենից կշտացած լինել։ Բայց ո՜չ. վերջին, թարմ պատմություններից մեկն այն մասին է, թե ինչպես ոստիկանությունը «ասֆալտին փռեց» իշխանությանն ընդդիմախոս հասարակական և քաղաքական գործիչներին, իբր՝ նրանց մոտ զենքի և թմրանյութի առկայության մասին տեղեկատվությունը ստուգելու նպատակով

Ավելի ուշ վարչապետը դա կբացատրի նրանով, թե «որոշ մարդիկ ուրիշ լեզու չեն հասկանում»… Այդ բառերն ասում է ոչ թե լրագրողը, ոչ թե քաղաքական գործիչը, այլ վարչապետը։ Դե, եթե վարչապետը կարող է այդ կերպ փաստարկավորել, ապա պարզ չէ, թե ինչո՞ւ պիտի նման փաստարկավորում կիրառելուց իրեն զրկի բանակային հեղինակությունը։ Այնպես որ Ջալալ Հարությունյանին դժվարին աշխատանք է սպասվում. կանխել բանակում անարխիստական տրամադրությունների տարածումը, որոնք հասարակական կյանքում շարունակում են վերարտադրվել գործող իշխանության կողմից պարբերաբար մատուցվող օրինակներով։

Բայց այդուհանդերձ Փաշինյանն ու իր թիմը մեղավոր են երկրորդ հերթին։ Գլխավոր պատասխանատվությունը կրում են ընդդիմադիր քաղաքական ուժերը։ Որովհետև չնայած դատական ատյանների գործունեությունն արգելափակելու վարչապետի կազմակերպված ակցիային, չնայած Սահմանադրական դատարանի հայտնի որոշման անօրինականության մասին նրա հայտարարությանը և այն պնդումներին, թե Հայաստանում չկա մի դատավոր, որը կհամարձակվի չհնազանդվել իրեն, չնայած այն բանին, որ վարչապետի ցանկությունը բավարարելու համար ոստիկանությունը ծիծաղելի պատրվակով փռում է ասֆալտին, ընդ որում՝ բառացի իմաստով, և բերման ենթարկում հասարակական ու քաղաքական գործիչներին, չնայած կարճ ժամանակահատվածում 13 ոչ մարտական կորուստներինՉնայած այդ ամենին և շատուշատ այլ բաների, Հայաստանում դեռևս չկա մի կուսակցություն, որն անհրաժեշտ կհամարի ներկայացնել գլխավոր պատասխանատուի՝ վարչապետի հրաժարականի ուղղակի պահանջ։

Основная тема:
Теги: