ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ԽՈՏԱՆԸ ԹՅՈՒՆԻՆԳՈՎ ՉԵՍ ՇՏԿԻ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը չի բացառում ճանապարհային երթևեկության կանոնների խախտման համար տուգանքների բալային համակարգի ճշգրտման հնարավորությունը, հաղորդում է Sputnik-ը։

Ինչպես նշեց վարչապետը ֆեյսբուքյան ուղիղ եթերում, պարբերաբար կարծիքներ են հնչում այն մասին, որ բազմաթիվ վարորդներ ինչ-որ մանր խախտումների համար կարող են արագ զրկվել իրենց միավորներից և կորցնել վարորդական իրավունքը։ Կառավարության ղեկավարը գտնում է, որ պատկերը կհստակվի մարտի վերջին-ապրիլի սկզբին, երբ, հնարավոր է, արձանագրվեն բալային համակարգի պատճառով վարորդական իրավունքից զրկման դեպքեր։

«Երբ որ բալային համակարգով առաջին զրկումները կարձանագրվեն, մենք խորը վերլուծության կենթարկենք՝ հասկանալու համար, թե ինչքանով է արդարացի էդ պրոցեսը և ինչքանով արդարացի չի։ Ընդ որում էդ վերլուծությունը կլինի թափանցիկ, նաև հանրության կներկայացնենք, և որոշումներ կկայացնենք էս համակարգի թյունինգի, հետագա կատարելագործման վերաբերյալ։ Մենք երբեք թույլ չենք տա, որ անարդար կերպով մարդիկ տուժեն»,- նշեց Փաշինյանը։

ԲԱՅՑ ԱՆՀՆԱՐ Է ԼՌԵԼ. մի տեսակ կասկածելիորեն միավորների համակարգի գործարկման ժամանակահատվածը «պատահաբար» համընկավ հանրաքվեի քարոզարշավի ժամանակահատվածի հետ։ Արդեն երկու ամիս է, ինչ գործում է նոր համակարգը, և այդ ժամկետն առավել քան բավարար էր դրա վերլուծության, թերությունների և առավելությունների բացահայտման համար։ Ավելին, թյունինգի անհրաժեշտությունն ակնհայտ էր դեռևս նախքան նորամուծության փաստացի ներդրումը։ Օրինակ այն, որ դա (համակարգը) հավասարության նշան է դնում ավտոսիրողների և պրոֆեսիոնալների միջև. այն մարդկանց, ում համար ավտոմեքենան աշխատավայր է, և նրանց, ում համար պարզապես փոխադրամիջոց է, թերևս ակնբախ ցուցանիշն է այն բանի, որ նախաձեռնությունը թերամշակված էր դեռևս գաղափարի փուլում։ Այստեղ առնվազն պետք է կիրառվեր տարբերակված մոտեցում։ Բայց

Բոլորին անցկացրեցին միավորների նույն սանրի տակով, ինչը, միանգամայն բնականորեն, դժգոհության ալիք բարձրացրեց։ Կրկնում եմ, այդ թերությունը բացահայտելու, հասկանալու համար, որ չի կարելի նույն քանակի միավորներ հատկացնել և՛ նրանց, ում ամենօրյա ավտովազքը չի գերազանցում 20-25 կիլոմետրը (դեպի աշխատավայր և տուն), և՛ նրանց, ովքեր օրական 100-200 կիլոմետր են անցնում (ասենք՝ տաքսու վարորդները), իրավիճակի խոր ուսումնասիրություն պետք չէ։ Եվ եթե անգամ «թյունինգավորելու» հարկ կա, ապա կարելի է, նույնիսկ անհրաժեշտ է դա անել հենց հիմա։ Այդուհանդերձ ընտրված է հենց քարոզարշավի ավարտին համընկնող ժամկետ։

Ասենք, դա հասարակայնությանը Նիկոլ Փաշինյանի հղած տվյալ ուղերձի միակ տեսանկյունը չէ, որ արժանի է ուշադրության։ Նշենք, որ «թյունինգի» վերաբերյալ վարչապետի խոստումից անմիջապես հետո ավտոմոբիլային հանրությունը, որը մինչ այդ վախեցած էր միավորների համակարգից, պարզապես թուլացավ։ Շատերը հիշեցին ՃԵԿ խախտումների համար տուգանքների համաներումը, որ ձեռնարկեց Փաշինյանի թիմը իշխանության գալու բառացիորեն առաջին օրերին, և մտածեցին, թե նույն սխեմայով էլ ապրիլին իրենց կներվեն մինչև մարտի վերջ կատարած խախտումները։ Իհարկե, ոչ մի նման բան Փաշինյանը չի ասել։ Բայց նա չասաց նաև ոչ մի կոնկրետ ու որոշակի բան, ինչը հնարավորություն կտար քաղաքացիներին մտահանգումներ անել՝ սեփական շահերի նկատառումով։ Բնականաբար, դա բացասաբար անդրադարձավ ճանապարհային կարգապահության վրա։

ԹերԵվս, առանձնակի ուշադրության է արժանի Փաշինյանի հայտարարությունն այն մասին, թե, ինչպեսև խոստացել էր, Հայաստանի քաղաքացիները չպետք է դառնան «տուգանքների մատերիալ», ընդ որում նա ընդգծեց, որ նոր բալային համակարգում գործող ամենախոշոր տուգանքը չի գերազանցում 29 հազար դրամը։ Միաժամանակ կառավարության ղեկավարը չգիտես ինչու լռեց այն մասին, որ ոչ այնքան կոպիտ խախտումների մեծամասնությունը միավորների համակարգի դեպքում նույնպես պատժվում է տուգանքների նախկին չափերով։ Իսկ ինչ վերաբերում է տուգանքի առավելագույն չափի նվազեցմանը մինչև 29 հազար դրամի, ապա դա, օրինակ, վերաբերում է ոչ սթափ վիճակում մեքենա վարելուն։ Նախկինում դրա համար տուգանում էին 150 հազար դրամով։ Ըստ էության, «տուգանքների մատերիալ» դադարել է լինել ոչ թե պարզապես քաղաքացին, այլ այն քաղաքացին, որը խմել ու նստել է ղեկին։ Թե որն է ֆինանսական մեղմացումների ներդրման իմաստը կոպտագույն խախտումների պարագայում, խոստովանենք, մնում է հանելուկ։

Ինչևէ, ակնբախ է իշխանության կողմից պոպուլիզմի հերթական դրսևորումը, ինչը հաստատ չի նպաստում ճանապարհային անվտանգության ապահովման խնդրի լուծմանը։ Ավա՜ղ, նույնիսկ ամենալուրջ թյունինգը անուժ է այդ պոպուլիզմի առջև

Основная тема:
Теги: