Ադրբեջանում քրեական գործ են հարուցել ռուսաստանցի լրագրող Սեմյոն Պեգովի նկատմամբ

Ադրբեջանի գլխավոր դատախազությունը քրեական գործ է հարուցել ռուս լրագրող Սեմյոն Պեգովի՝ @Wargonzo նախագծի հեղինակի նկատմամբ:

Քրեական գործը հարուցվել է 214-2 (ահաբեկչության հրապարակային կոչեր), 281.1 (պետության դեմ ուղղված հրապարակային կոչեր) և 318.2 (Ադրբեջանի Հանրապետության պետական սահմանի ապօրինի հատում) հոդվածներով:

Այսօր ՏԱՍՍ–ը հայտնել էր, որ Ռուսաստանի իրավապահ մարմինները սկսել են ստուգել քաղաքագետ Սադաթ Գուլիևի` «Девичья башня» Telegram–ալիքում արված հրապարակումները, որոնք վերաբերում են Ղարաբաղին։

Ավելի վաղ Գուլիևը, ի պատասխան ռազմական թղթակից Սեմյոն Պեգովի՝ Ղարաբաղում ընթացող պատերազմի, այդ թվում ՝ Ադրբեջանի ԶՈւ գործողությունների մասին հրապարակումների, լրագրողին մահ էր «մաղթել» և գրել, որ նա «կոչնչացվի»: Բացի դրանից, քաղաքագետը մի քանի հրապարակումներում անպարկեշտ խոսքեր էր ասել Պեգովի հասցեին։

Ստուգման արդյունքում կորոշվի քրեական գործ հարուցելու կամ մերժելու հարցը, տեղեկացնում է Sputnik Armenia։