Վլադիմիր ԿԱԶԻՄԻՐՈՎ․ ԻՆՉՊԵՍ ԲԱՔՈՒՆ ԴԱՐՁԱՎ ՏԱՐԱԾՔՆԵՐ ԿՈՐՑՆԵԼՈՒ ՀԱՄԱՀԵՂԻՆԱԿԸ
ԽՍՀՄ-ի և ՌԴ-ի պաշտոնաթող արտակարգ և լիազոր դեսպան, 1992-1996 թթ. Արցախյան հակամարտությունում ռուսական միջնորդական առաքելության ղեկավար Վլադիմիր Կազիմիրովը Արցախյան հակամարտության վերաբերյալ Regnum-ում հոդված է հրապարակել «Ինչպես Բաքուն դարձավ հայերի կողմից Ադրբեջանի յոթ շրջանների գրավման համահեղինակ» վերնագրով:
«Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևը հոկտեմբերի 7-ին «Ռոսիա 1» հեռուստաալիքին տված հարցազրույցում մեղադրեց հայերին Ադրբեջանի գրավյալ տարածքների ազատագրման վերաբերյալ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 1993 թ. չորս բանաձևերը չկատարելու մեջ: Սա վաղուց արդեն Բաքվի փաստարկներից է, և այժմ այն գրեթե ներկայացվում է որպես նոր ռազմական գործողությունների՝ Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի դեմ տխրահռչակ «հակահարձակման» պատճառ:
Սա ծանրակշիռ է թվում. ի վերջո, մենք խոսում ենք միջազգային բարձրագույն մարմնի որոշումների մասին, որոնք նախատեսված են միջազգային խաղաղությունն ու անվտանգությունն ապահովելու համար: Իհարկե, այդ ժամանակից անցել է ավելի քան քառորդ դար: Ոմանց համար դա արդեն հեռավոր անցյալ է, բայց եթե Անվտանգության խորհրդի որոշումները չեն չեղարկվել, դրանք, կարծես, ուժի մեջ են: Իսկ հայերը կարծում են, որ ադրբեջանցիները վաղուց են դրանք խախտել:
Համաշխարհային հանրության շրջանում այդ հին տեքստերը մոռանալը կամ դրանցից անտեղյակությունը միայն օգնում են Իլհամ Ալիևին: Երկրների մեծ մասի կողմից պատմականորեն հաստատված դատապարտումն այնպիսի երևույթի, ինչպիսին է օկուպացիան (չնայած կա նաև բնական երկարաժամկետ օկուպացիա, ասենք՝ հետպատերազմյան Գերմանիայի), հատկապես՝ արյունալի պատերազմների արդյունքներից հետո, նրա օգտին է: Ինչպես նաև կարեկցանքը փախստականների և տեղահանված անձանց նկատմամբ, որոնք ռազմական բախումների զոհ են:
Ավելին՝ Ալիևը ԼՂ տարածքը ներկայացնում է որպես հայերի կողմից օկուպացված, թեև կա լուրջ տարակարծություն, նույնիսկ՝ հայտնի հակասություն երկու միջազգային սկզբունքների՝ պետությունների տարածքային ամբողջականության և ժողովուրդների ինքնորոշման իրավունքի (հայերը միշտ եղել են ԼՂ բնակչության հստակ մեծամասնություն) միջև:
Ակնառու է, որ Ադրբեջանի Հանրապետության ղեկավարը, ինչպես Բաքվի բոլոր քարոզչությունները, համառորեն լռեցնում են ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 1993 թ. բոլոր բանաձևերի հիմնական, բառացիորեն առաջնային պահանջը՝ անհապաղ դադարեցնել կրակը, ռազմական գործողությունները և թշնամական գործողությունները (շրջափակումներ և այլն), առանց որոնց չեն կատարվի այլ առաջադրանքներ: Այստեղ չես կարող ասել, որ պատահաբար մոռացել ես. դա Բաքվում պարբերաբար է արվում (և Անկարայում):
Հատկապես կարևոր է հարցը` ո՞վ 1992-1994 թթ. չի դադարեցրել կրակը և ռազմական գործողությունները: Բոլորին հայտնի է, որ Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի տնտեսական ու տրանսպորտային շրջափակումները չեն դադարեցվել ո՛չ Ադրբեջանի Հանրապետության, ո՛չ էլ Թուրքիայի կողմից՝ չնայած Անվտանգության խորհրդի բանաձևերին: ԱՀ առաջնորդները գիտեին, որ Ադրբեջանի ներուժը (ինչպես բնակչության, այնպես էլ ռեսուրսների հաշվին) շատ ավելի բարձր է, քան հայերի հնարավորությունները, և նրանք մտածում էին հակամարտությունը լուծել ուժով: Հետևաբար, Բաքուն բազմիցս խուսափեց ռազմական գործողությունների դադարեցումից, շարունակեց այդ պատերազմը, թեև պարտվում էր շրջան առ շրջան՝ թույլ տալով հայերին ԼՂ-ի շուրջ ստեղծել մի տեսակ անվտանգության գոտի: Այնուամենայնիվ, սեպտեմբերի 27-ին պարզ դարձավ, որ հայերի վախերն անհիմն, զուր չէին:
Ահա մի քանի դրվագներ: Բաքվի նախաձեռնությամբ ընդունված՝ Անվտանգության խորհրդի 1993 թվականի ապրիլի 30-ի 822 բանաձևը նրան հարիր չէր հենց ռազմական գործողությունները անմիջապես դադարեցնելու պահանջի պատճառով: Այնուհետև Ռուսաստանը, ԱՄՆ-ը, Իտալիան (որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի նախագահ) և նույնիսկ Թուրքիան հակամարտության կողմերին կոչ արեցին կատարել այս բանաձևը: Երևանն ու Ստեփանակերտը արագորեն համաձայնեցին, բայց Բաքուն նույնիսկ ոչ մի պատասխան չտվեց:
Երեք բանաձևում ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը խուսափեց մեղադրել այս կամ այն կողմին այս պահանջները խախտելու մեջ, բայց չորրորդում հարկադրված էր բացատրել, թե ով է խախտել հրադադարի ռեժիմը (Ադրբեջան), չնայած այն նախատում էր հայերին «ի պատասխան այդ խախտումների՝ ուժի՝ չափազանց մեծ կիրառման համար»: Որպես Ռուսաստանի միջնորդական առաքելության ղեկավար՝ ԵԱՀԿ Մինսկի խմբում իմ նախկին աշխատանքից լավ հիշում եմ, որ ռազմական գործողությունների դադարեցման խափանումների մեծ մասը Ադրբեջանի մեղքն էր: Դրանում փոքրագույն կասկած չկա: Տասնամյակների սպառնալիքները՝ դարձյալ ուժ կիրառելու, միջադեպերի հիշարժան շարք և սեպտեմբերի 27-ի առավոտյան տխրահռչակ «հակահարձակումը», ընդ որում՝ ոչ թե ինչ-որ տեղային, այլ կողմերի զորքերի շփման գծի ողջ երկայնքով, ինքնին խոսուն են: Այս ամենը պատահականություն չէ, այլ ուղղակի, կանխամտածված խափանում, անժամկետ, այսպես, թե այնպես, 26 տարուց ավելի ձգվող զինադադարի ոտնահարում: Մեծացել է ադրբեջանցիների և հայերի «մեկ ու կես սերունդ», որը չի ապրել պատերազմի դժվարություններն ու սարսափները: Ադրբեջանը, կարծես, ունակ պետություն չէ, քանի որ դեռ սովոր չէ հարգել կարևոր փաստաթղթերի տակ դրված սեփական ստորագրությունները:
Ես դա ասում եմ այն պատճառով, որ 1994-ի մայիսի 9-ին ես Բաքվում էի, երբ ԱՀ պաշտպանության նախարար Մամեդովը Հեյդար Ալիևի անմիջական հրամանով ստորագրեց Ռուսաստանի կողմից պատրաստված զինադադարը: Բայց քչերը գիտեն, որ հենց ԼՂ-ի հետ է կնքվել, որին միայն ավելի ուշ միացավ Հայաստանը: Ժառանգը ցանկանում է պատռել այդ ստորագրությունը, որը կնքել է իր հայրը պատերազմում «անհաջողությունների» պատճառով:
Այնուամենայնիվ, ինչպե՞ս ԱՀ-ն մոտեցավ զինադադարի ստորագրմանը: Իլհամ Ալիևը, կարծես, լուռ ենթադրում է, որ, 1994-ի մայիսին զինադադար կնքելով, ադրբեջանցիները կատարել են ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի պահանջները: Բայց Անվտանգության խորհուրդը այդ պահանջը կրկնեց չորս անգամ 1993 թ.-ի ապրիլից: Միայն մեկ տարի անց Հեյդար Ալիևը տագնապ զգաց, որ հայերը կարող են կտրել Ադրբեջանի ամբողջ հյուսիս-արևմուտքը, որը կսպառնար իշխանության կորստով (քանի որ 1993-ի աշնանը կտրեցին նրա հարավ-արևմուտքը): Ուստի 1994-ի մայիսի սկզբին ադրբեջանցիներն իրենք էին հայերից ոչ պակաս պայքարում հրադադարի համար: Այնպես որ՝ Բաքուն ոչ մի հրատապություն չցուցադրեց զինադադարի կնքման հարցում, պատերազմն անհարկի տևեց ևս մեկ տարի՝ բոլոր կողմերի համար հսկայական կորուստներով, բայց Ադրբեջանն ինքը հատկապես տուժեց 1993-ի դեկտեմբերին, երբ ձախողեց հարձակումը: Ո՞վ կկարողանա հավատալ Ի.Ալիևին, որ Ադրբեջանի Հանրապետությունն անհապաղ կատարել է Անվտանգության խորհրդի բանաձևերը:
Ռուսաստանի ղեկավարության՝ որպես այս հակամարտության երկարամյա և հիմնական միջնորդի զգուշավոր, հավասարակշռված դիրքը միանգամայն հասկանալի է և արդեն արդարացված նրանով, որ երեք նախարարները Մոսկվայում համաձայնության եկան մարդասիրական խնդիրների և այս հակամարտության շուրջ բանակցությունները վերսկսելու հնարավորության շուրջ: Իհարկե, դա դյուրին չի լինի իրականացնել:
Բայց համաշխարհային հանրությունն իրավունք ունի իմանալու, թե ով է սկսել Ղարաբաղյան հակամարտության ռազմական «վերահրատարակումը»: 1994-ի զինադադարի ընդհատումը (անժամկետ) չի կարող ներվել Ադրբեջանի ղեկավարությանը: Եվ դա վերաբերում է նաև Թուրքիային, քանի որ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 874 և 884 բանաձևերը «տարածաշրջանի բոլոր երկրներին կոչ են անում զերծ մնալ թշնամական գործողություններից և ցանկացած միջամտությունից, որը կհանգեցնի հակամարտության սրմանը և կխաթարի տարածաշրջանում խաղաղությունն ու անվտանգությունը»: Իսկ Անկարան դրդում է Բաքվին և հստակ միջամտում:
Անհրաժեշտ է չմոռանալ, այլ հաստատել անժամկետ զինադադարի արդյունավետությունը՝ գուցե ինչ-որ բան ավելացնելով այդ համաձայնագրին: Նոր, ավելի մանրամասն համաձայնագիր կնքելը նման է նոր ռազմական գործողություններ հրահրողներին ներելուն: Հիմա պարզ չէ՝ արդյո՞ք Թուրքիան ի վիճակի է մնալ ԵԱՀԿ Մինսկի խմբի կազմում՝ այս հակամարտության խաղաղ քաղաքական լուծում փնտրող երկրների շարքում»: