«Տաշիր» հիմնադրամը 3 մլն դոլար է հատկացրել մարդասիրական ծրագրերի իրականացման համար
Սամվել Կարապետյանի ղեկավարած «Տաշիր» բարեգործական հիմնադրամը լրացուցիչ 3 մլն ԱՄՆ դոլար Է հատկացրել մարդասիրական և սոցիալական ծրագրերի իրականացման համար, որոնց նպատակն է ապահովել Հայաստանի և Արցախի կայուն զարգացումը:
«Մենք համակողմանի աջակցություն ենք ցուցաբերել, ցուցաբերում ենք և շարունակելու ենք ցուցաբերել հայ ժողովրդին, հատկապես նման բարդ ժամանակներում։ Հավատում եմ, որ ի վերջո մենք կկարողանանք հայկական հողում ապահովել բոլոր պայմանները բարգավաճման և խաղաղության համար»,– ասել է Սամվել Կարապետյանը։
Նշենք, որ արցախահայության ճակատագիրը միշտ եղել է «Տաշիր» բարեգործական հիմնադրամի ուշադրության կենտրոնում։ Հիմնադրամը 2013 թվականին բժշկական եզակի կենտրոն էր կառուցել Ստեփանակերտում։ Կլինիկան կարող է բարձր տեխնոլոգիական բժշկական օգնություն ցուցաբերել համաշխարհային առաջատար կլինիկաների մակարդակով։ 2017 թվականի հունվարին Արցախում բազմազավակ ընտանիքներին ուղղված աջակցության միջոցառման շրջանակում Արցախի Հանրապետության վարչապետ Արայիկ Հարությունյանը Սամվել Կարապետյանին անվանել է «մեր ժամանակների հայկական բարեգործության խոշորագույն ներկայացուցիչներից մեկը, որն ապրում է հայրենիքի և հայ ժողովրդի մասին մշտական հոգսերի մեջ», տեղեկացնում է Sputnik Armenia-ն: