2019 թվականին ՀՀ-ում մահվան ելքով և տուժածներով 4799 ՃՏՊ է գրանցվել

2019 թվականին զոհերով և տուժածներով 4799 ճանապարհատրանսպորտային պատահար է գրանցվել: Այս մասին այսօր Ազգային ժողովում «Բարգավաճ Հայաստան» կուսակցության խորհրդարանական խմբակցության կողմից նախաձեռնած «Ճանապարհային երթևեկության արդիական խնդիրները և դրանց լուծման ուղիները» թեմայով խորհրդարանական լսումների ժամանակ հայտարարեց Ճանապարհային ոստիկանության պետ Եգոր Կարապետյանը:

Նրա խոսքով` ճանապարհատրանսպորտային պատահարների արդյունքում 341 մարդ է զոհվել, տարբեր աստիճանի ծանրության վնասվածքներ է ստացել 6801 մարդ: «2018-ի համեմատ, դժբախտ պատահարների թիվն աճել է 688-ով կամ 16.7 տոկոսով, իսկ տուժածների թիվը` 851-ով»,- ասել է Կարապետյանը:

Նա նաև նշել է, որ Հայաստան ներմուծված ավտոմեքենաների մոտ 70 տոկոսը շահագործվում է առնվազն 10 տարի: Ըստ Ճանապարհային ոստիկանության պետի` տրանսպորտային միջոցների մաշվելուց բացի, դժբախտ պատահարների հիմնական պատճառներն են քաղաքացիների հրաժարվելը կապել ամրագոտիները, ինչպես նաև վարելիս ծխելն ու հեռախոսով խոսելը:

«Ուզում եմ նշել, որ ճանապարհատրանսպորտային պատահարների 45.3 տոկոսը տեղի է ունեցել Երևանում: Գրանցվել է մինչև 16 տարեկան երեխաների մասնակցությամբ 521 պատահար, որոնք 10 երեխայի մահվան են հանգեցրել, ևս 604 երեխա վնասվածքներ է ստացել ճանապարհատրանսպորտային պատահարների պատճառով»,- եզրափակեց Եգոր Կարապետյանը, տեղեկացնում է News.am։