Բենիամին ՊՈՂՈՍՅԱՆ. «ԱՐՑԱԽՆ ԻՐԵՆ ՏԵՍՆՈՒՄ Է ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԵՎ ԻՐԱՆԻ ՀԵՏ ՆՈՒՅՆ ԱՇԽԱՐՀԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՃԱՄԲԱՐՈՒՄ»

«Հաշվի առնելով, որ ԱՄՆ նախագահական ընտրություններից հետո Թուրքիան էական տեղ կզբաղեցնի ԱՄՆ-ի հակառուսական նոր քաղաքականության մեջ, կարևոր է այդ համատեքստում ամրագրել Արցախի Հանրապետության աշխարհաքաղաքական կողմնորոշումը»,- «ԳԱ»-ին տված հարցազրույցում հայտարարեց Քաղաքական և տնտեսական ռազմավարական հետազոտությունների կենտրոնի ղեկավար, քաղաքագետ Բենիամին ՊՈՂՈՍՅԱՆԸ:

-Արցախի խորհրդարանը կոչ է արել Հայաստանի, Ռուսաստանի և Իրանի իշխանություններին՝ համատեղ ստեղծել համակարգող հակաահաբեկչական կենտրոն, տարածաշրջան ներթափանցած միջազգային ահաբեկիչներին հայտնաբերելու և չեզոքացնելու համար: Ինչպիսի՞ն է ձեր գնահատականն այս նախաձեռնությանը։ Ուրիշ ի՞նչ մեխանիզմներ, ըստ ձեզ, կարող են գործուն լինել ստեղծված իրավիճակում:

-Արցախի խորհրդարանի կոչն առաջին հերթին կարևոր է, ըստ իս, աշխարհաքաղաքական դիրքորոշման արտահայտման առումով։ Արձանագրվում է Արցախի իշխանությունների դիրքորոշումը. այն, որ Արցախն իրեն տեսնում է Ռուսաստանի և Իրանի հետ նույն աշխարհաքաղաքական ճամբարում։ Դա կարևոր է ոչ միայն Թուրքիայի և Ադրբեջանի սանձազերծած պատերազմի համատեքստում, այլև ավելի երկարաժամկետ գործընթացներում։

ԱՄՆ-ում նոյեմբերի 3-ին կայանալիք նախագահական ընտրություններում Ջո Բայդենի հնարավոր հաղթանակից հետո արդեն 2021 թվականի սկզբին բավականին մեծ է Ռուսաստանի նկատմամբ ԱՄՆ-ի քաղաքականության զգալի խստացման հավանականությունը, այդ թվում՝ հետխորհրդային տարածքում Ռուսաստանի ազդեցությունը ՆԱՏՕ-ի անդամ երկրների միջոցով սահմանափակելուն ուղղված ակտիվ քաղաքականության տեսքով: Անկախ Թուրքիայի նախագահ Էրդողանի հետ ունեցած տարաձայնություններից՝ Թուրքիան էական տեղ կզբաղեցնի ԱՄՆ-ի հակառուսական նոր քաղաքականության մեջ, և այդ համատեքստում կարևոր է ամրագրել Արցախի Հանրապետության աշխարհաքաղաքական կողմնորոշումը։

-Հունիսի կեսերին թուրքական մամուլում հայտնվեց Հայաստանի վրա հարձակման մասին մի գաղտնի փաստաթուղթ՝«Ալթայ» անվանումով, որի նպատակն է մինչև 2021 թվականը իսպառ ոչնչացնել հայկական պետականությունը, որպեսզի հնարավորություն ստանան Ռուսաստանին ստիպել վերանայելու 1921 թվականի Մոսկվայի պայմանագիրը Հայաստանի մասով, որտեղ հայկական չեն լինի ոչ միայն Ղարաբաղը, այլև Զանգեզուրը: Այսօր Արցախում տեղի ունեցող ամենը այդ ծրագրի կենսագործո՞ւմն է:

-Դժվարանում եմ հստակ գնահատական տալ ձեր նշած փաստաթղթի հավաստիությանը։ Այդուհանդերձ մի բան հստակ է. անկախ նրանից, թե որ ուժերն են Թուրքիայում իշխանության ղեկին. աշխարհիկ քեմալական, չափավոր իսլամիստական, ազգայնական, թե այլ, Թուրքիայի նվազագույն ռազմավարական խնդիրը Հայաստանը հնարավորինս թուլացնելն է, իսկ առավելագույն նպատակը՝ ՀՀ-ի վերացումը որպես միջազգային իրավունքի սուբյեկտ։ Միևնույն ժամանակ անհրաժեշտ է ընդգծել, որ Թուրքիան կարող է հասնել այդ նպատակին միայն Հարավային Կովկասից Ռուսաստանի լիակատար հեռանալու դեպքում։

Հաշվի առնելով ներկայիս աշխարհաքաղաքական միտումները, Ռուսաստանը կշարունակի իր նշանակալի ներկայությունը մեր տարածաշրջանում առնվազն հաջորդ տասնամյակում։ Թե ինչ կլինի 2030 թվականից հետո, կախված է անուղղակի և բարդ բազմաթիվ գործոնների միահյուսումից, որոնց գնահատումը պահանջում է զգալի ժամանակ և մտավոր մեծ ռեսուրսներ:

-Ինչ եք կարծում, ինչո՞ւ Արևմուտքը, չնայած բազմապիսի կոչերին, չի շտապում դատապարտել Թուրքիային, ո՞րն է Արևմուտքի շահը Թուրքիային չդատապարտելուց:

-Պետք է արձանագրել, որ ԱՄՆ-ի համաշխարհային տիրապետության ավարտից հետո անհնար է խոսել Արևմուտքի մասին որպես բոլոր հարցերում մենիակ դիրքորոշում ունեցող ուժային կենտրոնի։ Վերջին մեկ տարվա ընթացքում մենք ականատես ենք Թուրքիա-Ֆրանսիա հարաբերությունների զգալի սրման, ինչը պայմանավորված է նախևառաջ Հյուսիսային Աֆրիկայի նախկին ֆրանսիական գաղութներ Թուրքիայի ակտիվ ներթափանցմամբ. Փարիզը դա համարում է իր ավանդական «ազդեցության գոտիներում» հաստատվելու Անկարայի փորձ։ Միաժամանակ պահպանվում են բավական ջերմ թուրք-գերմանական հարաբերությունները, որոնք տասնամյակների պատմություն ունեն։

ԱՄՆ-ը Թուրքիային համարում է Սևծովյան տարածաշրջանում Ռուսաստանին հակազդելու կարևոր գործոն, և չնայած Էրդողանի նկատմամբ դժգոհությանը՝ Թուրքիան շարունակում է էական դեր խաղալ ԱՄՆ-ի ռազմավարական հաշվարկներում։ Պետք չէ մոռանալ, որ ոչ ոք, այդ թվում Էրդողանը, հավերժ չէ, և հնարավոր է, որ հետագայում Թուրքիայում իշխանության գան ԱՄՆ-ի համար ավելի ընդունելի գործիչներ, որոնք կօգտագործեն Էրդողանի օրոք Թուրքիայի ուժեղացված դիրքերը ԱՄՆ-ի համար ավելի շահավետ ձևով։