ԱՐՏԱՔՆՈՑԻ ՀԱՍՑԵՆ ՀԱՅՏՆԻ Է։ ՄՆՈՒՄ Է ՍԱՏԿԱՑՆԵԼ...

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, թե Բաքուն պատրաստ է Հայաստանի հետ անհապաղ բանակցություններ սկսել Ղարաբաղի հարցով: Ընդ որում նա պնդում է, թե մոսկովյան բանակցությունների արդյունքում արված հայտարարությունը ենթադրում է հայկական ուժերի դուրսբերում հակամարտության գոտուց, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:

ԲԱՅՑ ԱՆՀՆԱՐ Է ԼՌԵԼ. թե հայտարարության տեքստում որտեղ է Ալիևը ձևակերպումներ տեսել հակամարտության գոտուց հայկական ուժերի դուրսբերման մասին, դժվար է ասել։ Ամենայն հավանականությամբ, նրա մոտ հալյուցինացիաներ են սկսվել՝ կապված ռազմաճակատում անվերապահ ձախողման պատճառած սթրեսի հետ։ Եվ այս ախտորոշումը կարող են հեշտությամբ տալ բոլոր նրանք, ովքեր ծանոթ են հայտարարության տեքստին։ Բայց տվյալ դեպքում խոսքն այն մասին չէ, որ Ալիևը լկտիաբար ստում ու չի էլ կարմրում։ Դա անվիճելի է, ապացուցված հարյուրավոր անգամներ։ Տվյալ դեպքում առանձնակի ուշադրության է արժանի մեկ այլ բան. ահաբեկչի հետ բանակցություններ վարելու փաստը։ Ըստ էության, հայկական կողմն ու միջնորդները ստիպված են բանակցային սեղանի շուրջ նստել ոչ թե պետության, այլ ահաբեկիչների ճամբարի ներկայացուցիչների հետ, ինչի վերածեց իր երկիրն Ալիևը։ Եվ հիմա այդ ճամբարը պայմաններ է առաջ քաշում։ Համաձայնեք, դասական ահաբեկչություն է։

Մի տեսակ այնքան էլ համարժեք չարձագանքեց աշխարհը Արցախի դեմ պատերազմում Ադրբեջանի կողմից ահաբեկչական խմբավորումների ներգրավման փաստին։ Ավելի ճիշտ՝ բացարձակ անհամարժեք։ Հիշեցնենք, որ դեռ մեկ շաբաթ առաջ Ռուսաստանի Արտաքին հետախուզության ծառայության մամուլի բյուրոյի պաշտոնական կայքում ԱՀԾ ղեկավար Սերգեյ Նարիշկինի մեկնաբանության մեջ նշվել է, որ ղարաբաղյան հակամարտության գոտի են տեղափոխվում հազարավոր գրոհայիններ Մերձավոր Արևելքի ահաբեկչական կազմակերպություններից: «Ըստ ԱՀԾ-ում առկա տեղեկատվության՝ հակամարտության գոտի են ակտիվորեն փոխադրվում վարձկաններ Մերձավոր Արևելքում պատերազմող միջազգային ահաբեկչական կազմակերպություններից, մասնավորապես՝ «Ջաբհաթ ան Նուսրա»-ից, «Ֆիրքաթ Համզա»-ից, «Սուլթան Մուրադ»-ից, ինչպես նաև քրդական ծայրահեղական խմբավորումներից։ Ընդ որում խոսքը հարյուրավոր և արդեն նույնիսկ հազարավոր արմատականների մասին է, որոնք հույս ունեն գումար վաստակել Ղարաբաղյան նոր պատերազմում», - նշվում էր մեկնաբանության մեջ։ Հայկական կողմը մինչ այդ էլ բազմիցս տեղեկատվություն է ներկայացրել այն մասին, որ Ադրբեջանի ԶՈՒ-ի հետ մեկտեղ՝ պատերազմին մասնակցում են ահաբեկիչներ։ Ընդ որում՝ հանցանշաններով ու ապացույցներով։ Այդ փաստն արձանագրվել է նաև օտարերկրյա լրատվամիջոցների հրապարակումներում։ Սակայն ԱՀԾ-ի մեկնաբանությունը դարձավ դրա (փաստի) յուրօրինակ պաշտոնական ճանաչումը: Եվ... Եվ ոչինչ։ Այսօր բանակցություններ են ընթանում ահաբեկիչների ճամբարի ներկայացուցիչների հետ, լսում են նրանց պայմանները։

Մինչդեռ այդ ահաբեկչական ճամբարն արդեն գործնականում դուրս է եկել Ղարաբաղյան ռազմաճակատի տարածքային շրջանակներից։ Պատերազմի երկու շաբաթվա ընթացքում ադրբեջանական հրթիռային արկեր են ընկել Իրանի տարածքում, Ռուսաստանի տարածքում (Դաղստանում), երկու անօդաչու թռչող սարք է ընկել Վրաստանում: Ասենք ուղղակի. արդեն այս պահին Ադրբեջանի կողմից ահաբեկչական սպառնալիքն ընդգրկել է ողջ տարածաշրջանը։

Արցախի խորհրդարանը օրերս կոչ արեց Հայաստանին, Ռուսաստանին և Իրանին՝ ստեղծել հակաահաբեկչական կենտրոն, տարածաշրջան ներթափանցած միջազգային ահաբեկիչներին բացահայտելու համար։ Այդ կոչին էլ արձագանք դեռևս չկա։

Վերջերս Վլադիմիր Սոլովյովի հաղորդման ժամանակ ՏԱՍՍ-ի դիվանագիտական ենթակառուցվածքների հետ կապերի բաժնի ղեկավար Սաադաթ Կադիրովան Ղազանչեցոց տաճարի վրա Ադրբեջանի զինված ուժերի հարվածի քննարկման ժամանակ մեջբերեց Պուտինի «սատկացնել արտաքնոցում» արտահայտությունը։ Նա շոկի մեջ գցեց բոլորին։ Իր հիմարությամբ, լպիրշությամբ, սրբապղծությամբ։ Բայց այդուհանդերձ, պետք է խոստովանել, որ նրա կոչն այսօրվա պատերազմի համատեքստում, պուտինյան թևավոր արտահայտության նրա վկայակոչումը բավական արդիական է։ Պարզապես հասցեն Սաադաթը սխալ նշեց։ Այո՛, ահաբեկիչներին պետք է «սատկացնել», այո՛, արտաքնոցում։ Միայն թե ահաբեկիչներն ախր Ադրբեջանում են, և հետևաբար՝ արտաքնոցն էլ այնտեղ է։ Ավելի ճիշտ՝ հենց բուն Ադրբեջանն է։

Ակնհայտ է, որ Ադրբեջանը ահաբեկչական ճամբարի վերածելուն աշխարհը, մեղմ ասած, այնքան էլ համարժեք չի վերաբերվում։ Առավել ևս՝ տարածաշրջանի երկրները։

Основная тема:
Теги: