ՆԻԿՈԼԸ ԴԱՏՈՒՄ Է ՀԱՂԹԱՆԱԿՆ ՈՒ ԱՐՑԱԽԻ ԱՆԿԱԽՈՒԹՅՈՒՆԸ

Դատավարություն Հաղթանակի գեներալների ու քաղաքական գործիչների դեմ

Փետրվարի 25-ը նշանակալի ամսաթիվ է։ Եվ ոչ միայն այն պատճառով, որ մեղադրյալի աթոռին հայտնվեցին միանգամից երկու նախկին նախագահները, այլ որովհետև այդ օրը քանակը փոխվեց որակի, այն է՝ մեղադրյալի աթոռին հայտնվեցին քաղաքական գործիչներ և զինվորականներ, որոնք անգնահատելի ավանդ են ունեն Արցախի ազատագրման և հայկական երկու անկախ պետությունների կայացման գործում. Ռոբերտ Քոչարյանը, Սերժ Սարգսյանը, Սեյրան Օհանյանը, Յուրի Խաչատուրովը, Մանվել Գրիգորյանը։

Երբ քանակը փոխարկվում է որակի (իսկ փետրվարի 25-ին, կրկնում եմ, տեղի ունեցավ հենց դա), ապա վերանում է անհիմն մեղադրանքների և կողմնակի այլ պարագաների վրա շեղվելու անհրաժեշտությունը։ Ի՞նչ տարբերություն, թե ինչում են մեղադրում առաջին և երկրորդ ազատամարտերում նվաճած Հաղթանակի նախագահներին և Հաղթանակի գեներալներին. խտացրած կաթի հափշտակման, թե սահմանադրական կարգի տապալման։ Գլխավորն այն է, որ այդ մարդիկ այսօր մեղադրյալի աթոռին են։ Այդ հանգամանքն ինքնին արդեն խոսուն է. Նիկոլը դատում է Արցախի ազատամարտում և Արցախի Հանրապետության անկախությունը պաշտպանած պատերազմում տարած Հաղթանակը։

Դրա մեջ է վարչապետի պաշտոնում նրա նախանշանակությունը, նրա առաքելությունը և այն հատուկ առաջադրանքը, որը կատարելու համար նա բարձրացվեց իշխանության գագաթՊատահական չէ, որ փետրվարի 25-ին դիմելով դատարանի շենքի մոտ հավաքված իր զինակիցներին, երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը կրկնեց հայտնի արտահայտությունն այն մասին, որ Արցախը երբեք չի լինի Ադրբեջանի կազմում։ «Սա եղել է իմ կյանքի գերագույն նպատակը, այն ինձ ուղեկցելու է մինչև վերջ և ամենուր»,- ընդգծեց նա։ Դա է եղել նրանց կյանքի գերագույն նպատակը, ում Նիկոլը նստեցրեց մեղադրյալի աթոռին, որպեսզի նրանք չխանգարեն իր գործողություններին, որոնք վաղուց արդեն ժամանակն է որակելու որպես պետական դավաճանություն։

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը հիշեցրեց, որ երրորդ նախագահի քաղաքական հետապնդումը սկսվեց նրա զագրեբյան հայտնի ելույթից հետո։ «Իշխանությունը սովորել է քաղաքական հետապնդումը մատուցել քրեական փաթեթավորմամբ»,- արձանագրեց նա, ընդգծելով, որ Սարգսյանի հետապնդումը նպատակ ուներ զրկել նրան ազատ տեղաշարժման իրավունքից, որպեսզի Զագրեբից հետո նա այլևս ոչ մի տեղ չկարողանա կրկնել, որ Արցախը երբեք չի լինելու Ադրբեջանի կազմում։

Մեղադրյալի աթոռին այդ մարդկանց ներկայության լոկ փաստը դատավճիռ է Նիկոլին. նա դատում է ոչ թե նախագահներից յուրաքանչյուրին առանձին, այլ դատում է մեր Հաղթանակը, նա արժեզրկում է պայքարը հանուն Արցախի ազատագրման, նա փորձում է ոչնչացնել մեզանից լավագույնների արյան գնով ձեռք բերված ազատությունը։ Այդ արժեզրկումը, Աշոտյանի խոսքերով, սկսվել է բնավ ոչ այսօր, դա շարունակվում է արդեն 2 տարի։

Որպես օրինակ ՀՀԿ փոխնախագահը վկայակոչեց Արցախի ազատամարտում տարած Հաղթանակը Նիկոլի «հեղափոխությանը» հավասարեցնելու փորձերը, հիշեցրեց Արցախի Հանրապետության նախագահի գլուխը ջարդելու սպառնալիքի մասին, հիշեցրեց Բակո Սահակյանին հասցեագրված «պարոն մարզպետ» դիմելաձևը, որ հնչեցրեց Փաշինյանի զինակիցներից մեկը։ Աշոտյանը հիշեցրեց նաև Արցախում դավադիրների որոնումների մասին և մատնանշեց Արցախի սուբյեկտության նվազեցումը բանակցային գործընթացում

Ալիևի և Տեր-Պետրոսյանի պայմաններով

Ժողովուրդը չի կարող ծանակել իր հերոսներին, դա անասունների վարվելակերպն է։ Ժողովուրդները ժամանակ առ ժամանակ վերածվում են խաժամուժի։ Նման բան, որպես կանոն, պատահում է խառնակ և հեղափոխական ժամանակաշրջաններում. այդժամ իշխանության են գալիս նրանք, ովքեր փլուզում են պետությունն ու պետականությունը արտաքին ուժերի թելադրանքով։ Այդ գործընթացը, որպես կանոն, ուղեկցվում է զանգվածային հիմարացմամբ՝ թմբուկների զարկի և պոպուլիստական կարգախոսների ներքո։

Փաշինյանը ստեց ժողովրդին, պնդելով, թե բանակցություններ չկան, թե համանախագահների ձեռքին չկա կոնկրետ փաստաթուղթ։ Արտգործնախարարների ժնևյան հանդիպման արդյունքներով Մինսկի խմբի համանախագահները հանդես եկան հայտարարությամբ, որից հետևում էր, որ պայմանավորվածություններ և համաձայնագրեր կնքվել են դեռևս 2019 թվականին։ Մյունխենյան հանդիպումը ցույց տվեց, որ բանակցությունների սեղանին կա փաստաթուղթ, որը Ալիևի հետ խայտառակ բանավեճից հետո Փաշինյանը հրապարակեց «մյունխենյան 6 սկզբունքների» տեսքով։ Այդ առնչությամբ Աշոտյանը հիմնավորված կասկած արտահայտեց, որ Փաշինյանը կրկին ստել է, քանզի սկզբունքներ կարելի է համարել այն, ինչին համամիտ են գործընթացի բոլոր մասնակիցները։ Այստեղից հետևում է, որ «բանակցությունների նոր բովանդակության» մասին Փաշինյանի հայտարարությունը հերթական սուտն է։

Նիկոլի հրապարակած 6 սկզբունքների ենթատեքստում մտածող հանրությունն անմիջապես նշմարեց 1997 թվականին Մինսկի խմբի համանախագահների կողմից Տեր-Պետրոսյանին առաջարկված կարգավորման փուլային տարբերակի բնորոշ գծերը։

Ըստ երևույթին, քաղաքակիրթ հանրությունը հասկացել է, որ գործ ունի քաղաքական նմանակողի, ընդօրինակողի հետ, որը չունենալով կարգավորման նկատմամբ սեփական մոտեցումներ, պատճենում է իր քաղաքական գուրուի դիրքորոշումը։ Արտաքին ուժերն ակտիվորեն արագացնում են գործընթացը, հընթացս լեգիտիմացնելով այսպես կոչված «Արցախի ադրբեջանական համայնքը» և զրոյացնելով Վիեննայի, Ժնևի և Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածությունները 2016թ. Ապրիլյան պատերազմի արդյունքներով, Բանակցային գործընթացից արդեն դուրս են մղված այնպիսի հասկացություններ, ինչպիսիք են Արցախի Հանրապետության կարգավիճակի միջազգային ճանաչումը, ժողովրդի ինքնորոշման իրավունքը և այլն։

Գործարք կնքելով արտաքին ուժերի հետ

Նիկոլը կա՛մ չի հասկանում, կա՛մ կանխամտածված օժանդակում է միակողմանի զիջումների վրա հիմնված կարգավորման գործընթացին։ Երկու դեպքում էլ խոսքն ազգային շահերին դավաճանելու մասին է՝ իր զինակիցների բարձրագոչ խրոխտանքի տակ, թե իրենց առաջնորդը կարող է մեկ բանաստեղծությամբ ազդել զանգվածների տրամադրուկթյան վրա։

Այդ առաջնորդը փակում է մանկատներն ու ծերանոցները, վերացնում ծննդատները և ընդ որում 3,5 մլրդ ծախսում, որպեսզի ազատվի Սահմանադրական դատարանի նախագահից և 6 անդամներից՝ լոկ այն մտավախությամբ, որ այդ դատավորները չեն վավերացնի կարգավորման սցենարը Լևոն Տեր-Պետրոսյանի և Իլհամ Ալիևի պայմաններով։

Առաջնորդը 2 տարվա ընթացքում չի լուծել ապագա պետական կառուցվածքի հետ կապված ոչ մի հարց, ոչ մի բարեփոխում չի իրականացրել տնտեսության ոլորտում, չի ընդունել ոչ մի կարևոր որոշում։ Ինչո՞ւ։ Որովհետև նա այլ խնդիրներ ունի։ Առաջնորդին հայտնի է, թե ով և ինչու է իրեն նստեցրել վարչապետի աթոռին, ուստիև անում է այն, ինչ պետք է անի, քանի դեռ զանգվածները լիովին չեն սթափվել հեղափոխական էյֆորիայից։ Առաջնորդը պարգևավճարներ է շռայլում նախարարներին ու պատգամավորներին՝ հեռահար նշանառությամբ. նրանք պետք է աջակցեն կարգավորման իր ծրագրերին։ Առաջնորդը փորձում է ազատվել այն քաղաքական գործիչներից ու զինվորականներից, ՍԴ նախագահից և 6 դատավորներից, որոնք կարող են խանգարել փուլային կարգավորման ծրագրի իրականացմանը։

Եվրոպական հանրությունը մատների արանքով է նայում բազմաթիվ օրինախախտումներին, քանի որ տեղյակ է Նիկոլի հետագա ծրագրերի մասին։ Այն մարդկանց ցուցակը, ովքեր այսօր մեղադրյալի աթոռին են, յուրօրինակ երաշխիք է, որ Փաշինյանը կկարողանա ավարտին հասցնել Արցախի հարցով գործարքը։ Նա այլևս պատճառաբանություններ չունի, հանրաքվեից հետո կվերանա վերջինը։ Արտաքին ուժերը կպնդեն, որ ապրիլի 5-ից հետո ոչինչ և ոչ ոք չխանգարի Նիկոլին հասցնելու բանակցային գործընթացն անդառնալի փուլին

Իսկ ժողովրդի և նրա աջակցության վկայակոչումները տվյալ դեպքում, հավատացեք, հիմնազուրկ են։ Երբ ժողովրդին ընտրելու իրավունք տվեցին և առաջարկեցին որոշել, թե ում ներում շնորհել. Քրիստոսին, թե՞ հանցագործ Բարաբբային, ժողովուրդն ընտրեց Բարաբբային, իսկ Քրիստոսին տարան Գողգոթա և խաչեցին։ Ժողովուրդը գոռում էր. «Խա՛չ հանիր դրան»։

Իսկ հետո, ինչպես հետևում է նացիստական Գերմանիայի պատմությունից, ուշացումով բացվում են մարդկանց աչքերը, և նրանք սկսում են նզովել իրենց, որ երկրպագել են Բարաբբային