ՀՀ ԱՆ․ 128 պացիենտի վիճակը ծայրահեղ ծանր է

Կորոնավիրուսով վարակված 46 պացիենտ միացված է ԹԱՕ սարքերին: Եվս 453 պացիենտի վիճակը գնահատվում է ծանր, 128 պացիենտի վիճակը՝ ծայրահեղ ծանր: Այս մասին NEWS.am Medicine-ին հայտնեցին ՀՀ առողջապահության նախարարությունից:

Վերջին մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 766 նոր դեպք: Այդ թիվը ցածր է վերջին օրերին գրանցված թվից, և դա, մասնագետների կարծիքով, կարող է կապ ունենալ նրա հետ, որ երեկ կիրակի էր, և թեստավորումները քիչ են անցկացվել:

Նշենք, որ հոկտեմբերի 19-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 65 460 դեպք: Այժմ փաստացի բուժվում է 15 845 մարդ (մեկ օրում այդ թիվն ավելացել է 652-ով): Ապաքինվել է 48 208 մարդ (նրանցից 104-ը վերջին մեկ օրում), մահացել է 1091 պացիենտ (10-ը վերջին մեկ օրում): Մահացածներից ամենաերիտասարդը 51 տարեկան էր, ամենատարեցը 83-ամյա կին էր:

Հիշեցնենք նաև, որ կորոնավիրուսով վարակման կանխարգելման համար անհրաժեշտ է հետևել երեք պարզ կանոնի՝ դիմակ կրել, պարբերաբար լվանալ ձեռքերը կամ ձեռքերն ախտահամել և պահպանել սոցիալական հեռավորություն։