ԲԱՐՈՒ ՀԱԿԱՌԱԿ ԿՈՂՄՈՒՄ, կամ՝ Ե՞ՐԲ Է ՁԵՎԱՎՈՐՎԵԼՈՒ ՀԱԿԱՀԻՏԼԵՐՅԱՆ ԿՈԱԼԻՑԻԱՆ
Ազատել է «խղճի քիմեռից»
Հոկտեմբերի 14-ին հայ ժողովրդին հղված ուղերձում վարչապետ Փաշինյանը հիշեցրեց 1938 թվականի մյունխենյան դավադրության մասին, երբ «իբր հանուն խաղաղության, եվրոպական մի շարք պետություններ Գերմանիային զիջեցին Չեխոսլովակիան, իսկ թե ինչ եղավ հետո, գիտեք բոլորդ»: Փաշինյան խոսքերով, եթե աշխարհը պատշաճ միջոցներ չձեռնարկի, ապա նոր Հիտլերի ի հայտ գալն իրեն երկար սպասել չի տա։
Եթե միջազգային հանրությունը չանսա այդ նախազգուշացմանը, ապա ադրբեջանա-թուրքական տանդեմի ռազմական ագրեսիան կանցնի մարդկայինի սահմանները։ Ադրբեջանն արդեն հարվածներ է հասցնում հիվանդանոցներին ու դպրոցներին, կան զոհեր և վիրավորներ խաղաղ բնակչության շրջանում։ Ռազմական գործողությունների գոտում իրավիճակն այնպիսին է, որ Ադրբեջանից փորձում են փախչել շատ բան տեսած ահաբեկիչ-վարձկանները։ Գաղտնալսված հեռախոսազրույցներում վարձկանները խոսում են տարածաշրջանից շտապ հեռանալու ցանկության մասին, որտեղ մարտական գործողությունների թեժությունը ծայրահեղ է: Նրանք ասում են, որ նման «մսաղաց» չեն տեսել նույնիսկ Սիրիայում…
Անպատժելիությունը ծնում է բռնության նոր գործողություններ։ Համաշխարհային քաղաքակիրթ հանրությունը մեծ դժկամությամբ է հետևում սեփական բարոյա-իրավական սկզբունքներին։ Այլապես Ալիևը վաղուց նստած կլիներ Հաագայի դատարանի մեկուսարանում՝ դատավճռի սպասելով Հայաստանի և Արցախի խաղաղ բնակչության դեմ ռազմական հանցագործությունների համար։ Եվ ոչ միայն։ Ալիևը պետք է պատասխան տա Ադրբեջանի բնիկ ժողովուրդների և ադրբեջանցի ժողովրդի հանդեպ իր հանցագործությունների համար։
Ադոլֆ Հիտլերն ասում էր, որ զինվորներին ու սպաներին ազատում է «խղճի քիմեռից»։ Բնավ պատահական չէր նա վկայակոչում այն, որ աշխարհն արդեն չի հիշում, թե քանի հայ են կոտորել թուրքերը։ Եթե նացիստական ատելության քարոզչությունը պահանջեց ընդամենը 6 տարի (հենց այդքան ժամանակ է Հիտլերն իշխանության ղեկին եղել մինչև Երկրորդ համաշխարհային պատերազմի սկսվելը), ապա Ալիևն իր ժողովրդին սովորեցրել է ատել ու սպանել հայերին գրեթե 3 տասնամյակ շարունակ։
Նացիստական վայրագությունների պատմությունը հիշում է գազախցիկները, շարժվող խրամափոսերը, որտեղ զոնդերկոմանդները գնդակահարում էին հրեաներին, գնչուներին ու կոմունիստներին, հիշում է նաև Սոբիբորի և Բաբի Յարի պատժիչներին, Տրեբլինկայի և Օսվենցիմի մարդասպաններին: Հայերի հանդեպ ատելության սերմանումը ծնունդ տվեց Ռամիլ Սաֆարովի կերպարանքով ճիվաղին, ինչպես նաև նրանց, ովքեր Թալիշում կտտանքների էին ենթարկում տարեց մարդկանց, ովքեր ցցի էին հանում ռազմագերիների գլուխները։
Ադրբեջանական բանակը հորինվածք է
Ալիևը պետք է պատասխան տա Ադրբեջանի տարածքում ապրող ժողովուրդների մի քանի սերունդների՝ թալիշների, լեզգիների, թաթերի, ավարների, ինգիլոյների և հենց ադրբեջանցիների ապամարդկայնացման համար։ Ալիևյան քարոզչությունը նպատակաուղղված կերպով փորձել է վերածել այդ ժողովուրդներին ատելությամբ առաջնորդվող նախրի։
ԻՍԿ ԱՅ ԲԱՆԱԿ ՍՏԵՂԾԵԼ ԱԼԻԵՎԻՆ ՉՀԱՋՈՂՎԵՑ։ Ադրբեջանական բանակը հորինվածք է, նրա փոխարեն կռվում են ադրբեջանական զինվորական համազգեստ հագած վարձկան-ահաբեկիչներն ու թուրքերը։ Ցանկացած բանակի հիմքում պետք է լինի բարոյական նախահիմքը, այլ ոչ թե հայերին սպանելու քարոզչությամբ ներշնչված և բացարձակեցված մտադրությունը։ Զինվորները չեն ծանակում գերիներին, մարտադաշտում չեն սպանում վիրավորներին, չեն կրակում ծերերի ու երեխաների վրա... Այդպես վարվում է զինված խուժանը, հորդան, հրոսակը։
Թուրքական հեռուստաալիքներից մեկին տուգանեցին այն բանի համար, որ վերլուծաբանը ճշմարտությունն ասաց Ալիևի մասին, որն այդպես էլ չի կարողացել բազմազգ բնակչությանը վերածել ժողովրդի։ Թուրք վերլուծաբանն այդ բնակչությանն անվանեց ցեղ։ Եվ դա ճշմարտություն է. ժողովուրդ կարելի է ձևավորել աննյութական արժեքների հիման վրա։ Միայն հոգևոր էությունը, մշակութային ավանդույթներն ու այլ ժողովուրդների և քաղաքակրթությունների նկատմամբ հարգանքը կարող են ձևավորել այն, ինչը կոչվում է ժողովուրդ։ Հիտլերը որոշեց ոչնչացնել տասնյակ միլիոնավոր մարդկանց, ընդամենը 6 տարի տևած քարոզչությունը վերածեց եվրոպական բարձր մշակույթի կրող երազկոտ ու սենտիմենտալ գերմանացիներին հանցավոր հորդայի, որը սկսեց կառուցել համակենտրոնացման ճամբարներ, գազախցիկներ ու դիակիզարաններ, որտեղ տասնյակ հազարավոր մարդկանց ողջ-ողջ այրում էին միայն այն բանի համար, որ նրանք պատկանում էին մեկ այլ, ոչ արիական ցեղի:
Ադրբեջանի բնակչությունը համանման ճնշման տակ է գրեթե 30 տարի, այդ երկրում խեղում են փոքր երեխաների գիտակցությունը՝ հայերի հանդեպ ատելություն ներշնչելով նրանց դեռ նախադպրոցական հաստատություններից։ Այս գործողությունները բարձրացվում են պետական քաղաքականության աստիճանի: Հայ ժողովրդի դեմ ռազմական հանցագործությունների մեղադրանքն ամբողջական չի լինի, եթե հաշվի չառնվեն Ալիևի հանցագործությունները Ադրբեջանի տարածքում բնակվող ժողովուրդների դեմ։ Հիտլերի հանցագործություններից տուժեցին առաջին հերթին գերմանացիները։ Հիտլերն ու Ալիևը պետական մակարդակով վերացրել են բարոյական բոլոր չափորոշիչները։ Դա հանցավոր պետական քաղաքականություն է, այն միտված է մարդկանց սառնարյուն մարդասպանների հոտի վերածելուն։
Նախագիծը ստորին պալատում է
Այդ քաղաքականության իրականացման համար նացիստական Գերմանիայում գործի էին դրվել «գիտականորեն հիմնավորված չափանիշներ», թե ոչ բոլոր մարդիկ են հավասար։ Կան արիացիներ, խառնածիններ և նրանք, ովքեր առհասարակ մարդ չեն։
Մարդ սպանելը միշտ դժվար է, ուստի գերմանացիներին ներշնչում էին, թե խոսքը ստորին արարածների մասին է, որոնք մարդու նման են միայն արտաքուստ: Նպատակաուղղված քարոզչությունը, որը չեղարկում է բարոյական բոլոր սահմանափակումները, հանցագործություն է մարդու և մարդկության դեմ: Նման հանցագործություններ տեղի են ունենում նաև մեր օրերում։ Ինչ եք կարծում, ինչո՞ւ են Կիևի ազգայնամոլները Ուկրաինայի հարավ-արևելքի դիմադրության մասնակիցներին անվանում «կոլորադյան բզեզներ»: Այդպիսին էր զանգվածային գիտակցության խեղաթյուրման կանխադրույթը։ Նրանք, ովքեր գեորգիևյան ժապավեններ են կրում, «կոլորադոյի բզեզներ» են, միջատներ, այլ ոչ թե մարդ:
Եվ կարևոր չէ, որ մարդուն վնասատու միջատի հետ համեմատելը բացահայտ զառանցանք է. կարևորն այն է, որ բզեզ սպանելը հեշտից էլ հեշտ է. չէ՞ որ մարդ չէ... Եթե ազգի ապուշացման համար Հիտլերին պահանջվեց 6 տարի, ապա Ուկրաինայում կարողացան անել դա հաշված ամիսների ընթացքում. տեղեկատվական դարում ենք ապրում։ Իսկ մեթոդները նույնն են։ Նույն նացիստական մեթոդները գործի դրվեցին Օդեսայում, որտեղ ողջ-ողջ այրում էին մարդկանց, Դոնեցկում, Լուգանսկում և Մարիուպոլում։
Հասկացությունների նենգափոխման, ատելության արմատավորման և մարդկային հանրությանը նախրի վերածելու մասին կարելի է խոսել անվերջ։ Անվերջ կարելի է դատողություններ անել բարու և չարի, հավատքի ու անհավատության, մարդկության զարգացման ճանապարհային նշանների մասին՝ մարդկայինի ձևաչափով, այլ ոչ թե բարու հակառակ կողմում, սպառողական հասարակության մասին, որին սպառնում են սարսափելի ձևափոխումներ և բարու ու չարի միջև տարբերության ջնջման, բայց խոսակցությունը կցանկանայինք ավարտել դրական նոտայով:
Ֆրանսիայի խորհրդարանի ստորին պալատում Արցախի Հանրապետության անկախության ճանաչման մասին բանաձևի նախագիծ կա, Ֆրանսիայի խորհրդարանի պատերի մոտ հազարավոր մարդիկ կարգախոսներ են վանկարկում այն մասին, որ Հայաստանն ու Արցախը պայքարում են հանուն համամարդկային արժեքների՝ ընդդեմ միջազգային ահաբեկչության։ Ավստրիայում խորհրդարանը բանաձև է ընդունել ՝ դատապարտելով Թուրքիայի միջամտությունը ռազմական գործողություններին և զենքի մատակարարումն Ադրբեջանին։ Աշխարհն աստիճանաբար գիտակցում է նոր Հիտլերից ու նրա հովանավորներից բխող վտանգը։ Ե՞րբ է ձևավորվելու հակահիտլերյան կոալիցիան։