Կարեն ԲԵՔԱՐՅԱՆ. ԱԴՐԲԵՋԱՆՆ ԻՄԻՋԱՅԻՆ ԱՊՏԱԿՆԵՐ ՀԱՍՑՐԵՑ ՌՈՒՍԱՍՏԱՆԻՆ և ՖՐԱՆՍԻԱՅԻՆ

Ադրբեջանը, Թուրքիայի դրդմամբ, իմիջային ապտակներ հասցրեց հրադադարի երկու պայմանավորվածությունների համար մեծ ջանքեր ներդրած Ռուսաստանի Դաշնությանը և Ֆրանսիային՝ փորձելով հասունացնել ուղերձը, որ առանց Թուրքիայի արդյունք չի ստացվի: Այս մասին «Տողերի արանքում» հաղորդաշարի հատուկ թողարկման ընթացքում ասել է վերլուծաբան Կարեն Բեքարյանը:

«Իր այս կեցվածքով Ադրբեջանը փորձում է շանտաժի ենթարկել միջազգային հանրությանը՝ մասնավորապես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրներին, նպատակ հետապնդելով մեծացնել և լեգիտիմացնել Թուրքիայի ազդեցությունը բանակցային գործընթացում», - ասել է նա:

Կարեն Բեքարյանն ընդգծել է, որ միջազգային ցանկացած սուբյեկտ ոչ միայն բարոյական, այլև՝ ՄԱԿ նպատակների և կանոնադրության համաձայն, իրավական պարտավորություն ունի պաշտպանելու Արցախն ահաբեկչության ողջ գործիքակազմի գործածմամբ իրականացվող այս ագրեսիայից՝ կիրառելով այդ թվում Արցախի անկախության ճանաչման իր հնարավորությունը:

«Եթե Թուրքիան և Ադրբեջանն իրապես չեն վայելում ԱՄՆ հովանավորությունը, ապա ժամ առաջ պետք է ականատես լինենք ԱՄՆ կողմից Արցախի անկախության ճանաչման», - նշել է նա: - Թուրք-ադրբեջանական այս մարդակեր շանտաժի ամբողջական գիտակցմամբ Ֆրանսիան կամային որոշմամբ պետք է ճանաչի Արցախի անկախությունը և իր քայլի հիմնավորումը բաց և հստակ ներկայացնի աշխարհին»:

Վերլուծաբանը նշել է նաև, որ Ռուսաստանի համար չի կարող լինել որևէ խոչընդոտ ամբողջական ծավալով կյանքի կոչելու մեր դաշնակցային հարաբերություններից բխող գործողությունները: «Արդեն իսկ չեն կարող խոչընդոտ դիտարկվել միջնորդ լինելը, լոգիստիկան և այլն», - ընդգծել է նա:

Tert.am