Շավարշ Քոչարյան. Ինչո՞ւ Հայաստանը ՀԱՊԿ–ին չի դիմում
ՀՀ ԱԳ փոխնախարար Շավարշ Քոչարյանն այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում անդրադարձել է Հայաստանի` ՀԱՊԿ–ին դիմել–չդիմելու հարցին։
«ՀԱՊԿ–ին դիմելու համար պետք է ագրեսիա լինի Հայաստանի հանդեպ»,– ասաց Քոչարյանը` նշելով, որ Հայաստանի օդային սահմանը խախտելու ու հրետակոծության` արդեն գրանցված դեպքերը դեռևս ագրեսիա չեն։
«Եթե եղավ հարձակում Հայաստանի վրա` նախ մենք, համաձայն ՄԱԿ–ի կանոնադրության, պետք է դիմենք ՄԱԿ–ին` առաջին քայլով, որով ֆիքսում ենք, որ մեր հանդեպ ագրեսիա է եղել, ապա դիմում ենք նաև ՀԱՊԿ–ին։ ՄԱԿ–ը պետք է նախապես իրազեկվի կոլեկտիվ ինքնապաշտպանության մասին»,– ասաց Քոչարյանը` պարզաբանելով, որ այս բոլոր քայլերը կանոնակարգված են Հայաստանի ստորագրած միջազգային պայմանագրերով։
Բայցևայնպես, Շավարշ Քոչարյանը հույս հայտնեց, որ ՀԱՊԿ–ին դիմելու պահը չի գա։