Պոմպեո. Երրորդ երկրները պետք է հեռու մնան ղարաբաղյան հակամարտությունից
ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն մտադիր է ԼՂ հակամարտություն գոտում իրավիճակի ապաէսկալացիայի հնարավորությունների շուրջ քննարկում անցկացնել ՀՀ և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների հետ հոկտեմբերի 23-ին Վաշինգտոնում:
Պատասխանելով հարցին, թե ինչի է նա ակնկալում հասնել նախարարների հետ հանդիպման ընթացքում, և արդյոք տարբերակների թվում առկա է հրադադարի ռեժիմը, Պոմպեոն նշել է. «Ձեր առաջին հարցն այն մասին է, թե ինչի եմ ցանկանում հասնել՝ հանդիպելով ՀՀ և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների հետ: Դուք խոսեցիք այն մասին, թե ինչ ենք մենք ձեռնարկելու ևս մեկ հրադադարի համար՝ ակնարկելով, որ հրադադարի նախորդ պարտավորությունները չեն աշխատել»:
Նրա խոսքով՝ իրավիճակը բարդ է: «Դա բարդ դիվանագիտական իրավիճակ է: ԱՄՆ-ը, ինչպես և գրեթե բոլոր եվրոպական երկրները, իրավիճակից ելքը տեսնում ենք հրադադարի մեջ: Երրորդ երկրները պետք է հեռու մնան հակամարտությունից, կրակի վրա յուղ չլցնեն և զենք չմատակարարեն: Եվ միայն դրանից հետո է հնարավոր դիվանագիտական լուծման հասնել, որն ընդունելի կլինի բոլորի համար: Եվ հենց դա ես կքննարկեմ նախարարների հետ»,-ասել է Պոմպեոն, տեղեկացնում է News.am-ը: