Եթե Ադրբեջանը ցանկանա, Թուրքիան զորք կուղարկի

Թուրքիան Լեռնային Ղարաբաղ զորք կուղարկի այն դեպքում, եթե Ադրբեջանը ցանկանա։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի փոխնախագահ Ֆուաթ Օքթայը, փոխանցում է ՌԻԱ Նովոստին` հղում անելով CNN Turk հեռուստաալիքին։

«Պատերազմի առաջին օրվանից մեր նախագահը ներկայացրել է իր դիրքորոշումը։ Թուրքիան չի երկմտի (զորք ուղարկելու հարցում – խմբ.), մեր նախագահը` առավել ևս», – հայտարարել է Օքթայը։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Թուրքիան Սիրիայի հյուսիսից Ադրբեջան վարձկաններ է տեղափոխել` նպատակ ունենալով նրանց օգտագործել Արցախի և Հայաստանի դեմ։ Տեղեկության համաձայն` նրանց 1500-2000 դոլար են վճարել ռազմական գործողություններին մասնակցելու համար։ Այս տվյալները հաստատել են ոչ միայն Հայաստանի և Արցախի ղեկավարները, միջազգային ԶԼՄ-ներն ու արտասահմանյան իրավապաշտպան կազմակերպությունները, այլև Սիրիայի, Ֆրանսիայի, Ռուսաստանի, ԱՄՆ–ի և այլ երկրների իշխանությունների ներկայացուցիչները։

Ֆրանսիան և Ռուսաստանն ամենաբարձր մակարդակով մտահոգություն են հայտնել Ղարաբաղյան հակամարտության գոտում ընթացող մարտական գործողություններում սիրիացի վարձկանների ներգրավվածության վերաբերյալ։

Բացի այդ, Թուրքիայի ղեկավարությունը բազմիցս և բացահայտ հանդես է եկել Ղարաբաղյան հակամարտության գոտում Ադրբեջանի աջակցմամբ, տեղեկացնում է Sputnik Armenia։